ՀՐԱՇՔՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԵՆ

Մենք  նկատում ենք, որ տարբերվում ենք առաքյալներից ու սրբերից` համեմատելով նրանց մեծությունն ու վեհությունը և մեր մեղքերի շատությունը: Եվ մտածում ենք, որ նրանք հատուկ շնորհներ ունեին և հատկապես` հրաշքներ գործելու շնորհը: Այս առնչությամբ Սուրբ Հովհան Ոսկեբերանը շատ իմաստուն կերպով մեզ բացատրություններ ու խրատներ է տալիս:

Մի՛ ասա, որ առաքյալները հրաշքների զորություն ունեին, քանզի նրանք հիմնականում  մեծ էին առաքինություներով։ Հովհաննես Մկրտիչը բազում մարդկանց դեպի իրեն էր ձգում, սակայն նա ոչ մի հրաշք չէր գործել (Հովհ. 10.41)։ Նույնպես և Եղիան հրաշալի էր դարձել թագավորի առջև իր համարձակությամբ, Աստծո հանդեպ նախանձախնդրությամբ։ Եղիա մարգարեն հրաշքներն այս ամենից հետո արեց։

Իսկ Հոբը ինչո՞վ զարմացրեց սատանային։ Նա ոչ մի հրաշք չգործեց, այլ միայն օրինակելի կյանք և համբերություն ցույց տվեց։ Իսկ ի՞նչ նշան արեց դեռ պատանի Դավիթը, երբ Աստված նրան Իր սրտին հաճելի այր կոչեց (Ա Թագ. 13.14, Սաղմ. 88.21, Գործք 13.22)։ Իսկ Աբրահամը, Իսահակը, Հակոբը արդյոք դևեր հանե՞լ են, մեկին մեռելներից հարություն տվե՞լ են, մաքրե՞լ են բորոտությունից։

Եթե քեզ առաջարկեին Քրիստոսի անունով մահացածին հարություն տալ կամ մեռնել հանուն Քրիստոսի, ի՞նչը կնախընտրեիր, չէ՞ որ վերջինը: Եվ կամ եթե քեզ առաջարկեին կա՛մ խոտը ոսկի դարձնել, կա՛մ կամքի այնպիսի ուժ ունենալ, որպեսզի արհամարհես յուրաքանչյուր հարստություն որպես խոտ, չէ՞ որ վերջինը կնախընտրեիր։ Հետևաբար, կարևոր են սուրբ հավատքից բխող առաքինի գործերը։

Առաքինություններից կարևոր է սերը, հեզությունը և ողորմությունը, որը գերազանցում է նույնիսկ կուսությանը, ինչպես երևում է տասը կույսերի մասին ավետարանական առակից (Մատթ. 25. 1-13)։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չպետք է հետաձգի առաքինություներում իր սխրանքը մինչև հրաշագործության շնորհի ստացումը։

Հրաշագործության շնորհը մեր անհոգության դեպքում մեզ կարող է վնասել։ Սակայն եթե սիրո մեջ վարժվենք, հրաշագործության ոչ մի կարիք չենք ունենա, իսկ եթե սիրո մեջ չվարժվենք, հրաշագործությունից ոչ մի օգուտ չենք ստանա։ Քրիստոս մեզ պատվեր չտվեց հրաշագործության, այլ ասաց. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16)։ Նույնպես Պետրոսին չասաց, եթե Ինձ սիրում ես հրաշք գործիր, այլ պատվիրեց` հովվիր Իմ հոտը (Հովհ. 21.17)։

Եվ եթե Տերը Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին նախընտրում էր մյուս աշակերտներից, մի՞թե հրաշքի համար, մի՞թե բոլորը նույն կերպ չէին հրաշքներ գործում, քանզի Տերը բոլորին նույն իշխանությունն էր տվել (Ղուկ. 10.17-20)։ Այլ նրանց առավելությունը հոգևոր սխրանքն էր, առավել նվիրումն ու առաքինությունը։ Հետևաբար, կարևորը հավատավոր կյանքն է ու գործը։