ՀՐԱՇՔԻ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչու՞ մեր ժամանակներում արտասովոր հրաշքներ հաճախ չեն լինում։ Նախկինում մարդիկ ընկած էին կռապաշտության մեջ, և միայն ցնցող երևույթները նրանց կարող էին պոկել նյութականից և բարձրացնել դեպի հոգևորը։ Մինչդեռ հիմա մարդիկ նման ցածր մակարդակի վրա չեն, և այսօրվա մարդկանց տրված է ամենաազդեցիկ միջոցը, որն է Աստծո խոսքը։

Հրաշքի վրա հիմնված հավատքը հաստատուն չէ, և հրաշքով հավատացած մարդիկ առաջին իսկ առիթի դեպքում կարող են երես դարձնել Աստծուց։ Սա է ցույց տալիս հրեաների պատմությունը, որոնց մեջ բազում հրաշքներ եղան, սակայն նրանք հավատարիմ չմնացին Աստծուն։ Եկեղեցական հեղինակներից մեկը նշում է, որ այլ կերպ է մարդու վրա ազդում հրաշքը, և այլ կերպ` Աստծո խոսքը։ Աստծո խոսքը ազդում է միանգամից մարդու մտքի և սրտի վրա։

Հրաշքը ևս ազդում է մտքի և սրտի վրա, սակայն ազդում է զգայարանների միջոցով, և այսպիսի միջնորդավորված ազդեցությունը ցանկալի արդյունք չի տալիս։ Այդպիսին են նաև աստվածաշնչյան թեմաներով նկարահանված նույնիսկ ամենաազդեցիկ ֆիլմերը, որոնք դիտելիս ազդվում են առաջին հերթին մարդու զգայարանները, բայց որոշ ժամանակ անց մարդը նորից սկսում է ապրել իր սովորական կյանքով` առանց հավատքի մեջ կատարելագործված լինելու։

Այսօր մեզ տրված ամենամեծ հրաշքներից մեկը Աստծո խոսքն է, որը գրված է Աստվածաշնչում և որը կարող է փոխել մարդուն, տանել դեպի կատարելություն։ Զարմանալի է, որ Սուրբ Գիրքը, այդքան դարեր արտագրվելով և փոխանցվելով սերնդեսերունդ, պահպանել է իր անաղարտությունը և այժմ էլ այնպիսին է, ինչպիսին որ էր հազարավոր տարիներ առաջ։ Այդ են ապացուցում հատկապես նախկին Հրեական թագավորության տարածքում` Քումրանի քարանձավներում, 1947 թ. հայտնաբերված Սուրբ Գրքի հնագույն ձեռագրերը։

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, թե հնարավոր չէ, որ չփրկվի նա, ով անընդհատ վարժվում է Սուրբ Գրքի ընթերցանության մեջ։ Ըստ ժողովրդական մի առածի` կարդալ իմացող և չկարդացող մարդն ավելի լավը չէ, քան կարդալ չկարողացող մարդը: Հետևաբար, սիրելիներ, եթե երկար ժամանակ է, որ ձեր ձեռքը չեք վերցրել Աստվածաշունչը և կամ ընդհանրապես չեք ընթերցել այն, մի հապաղեք, ընթերցեք Սուրբ Գիրքը և կզգաք, թե Աստծո խոսքն ինչպես է փոխում ձեզ և ձեր կյանքը, կտեսնեք, որ թեև արտաքին արտառոց նշաններով հրաշքներ չեն լինում ձեր շուրջը, բայց կատարվում է ամենահիանալի բանը` երեխայի պես նետվում եք Աստծո գիրկը` գտնելով հոգևոր խաղաղություն և բացահայտելով երջակության գաղտնիքը։