ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ. ՉՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՎԱԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Սակայն հունիսի 24-ի երեկոյան նախագահական նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի Պապը, շեղվելով նախապես պատրաստված բնօրինակ տեքստից, որը բաժանված էր նաև ներկա գտնվող հավատարմագրված լրագրողներին, արտասանեց «ցեղասպանություն» բառը: Նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հռոմի Պապի խոսնակին հարց ուղղվեց, թե արդյո՞ք Վատիկանը Թուրքիայի կողմից նոր քայլերի է սպասում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի, երբ Հռոմի պապը կրկին խոսել էր Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին: Խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող Թուրքիայի փոխարեն խոսել: Ես կարող եմ ասել այն, ինչ ասել է Պապը, իսկ Պապը միշտ խոսում է խաղաղության և հաշտության ոճով տարբեր ազգերի մշակույթների միջև: Այս ուղևորության ընթացքում ևս նա այդ ոգով է արտահայտվել»: Միջազգային մամուլը նույնպես անդրադարձավ Պապի պաշտոնական խոսքի նախնական տարբերակից Պապի շեղվելուն` կանխատեսելով, որ դա կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Դա նկատի ունենալով էր նաև Պապը Հայաստան ճանապարհին հեռագիր հղել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի վրայով թռչելիս բարեմաղթանքներ բերելով «Նորին Գերազանցություն» Էրդողանին և երկրի քաղաքացիներին (en.radiovaticana.va/news/2016/06/24/pope_francis_telegram_for_turkey/1239696): Թերևս հասկանալի է Վատիկանի դիվանագիտական խուսանավումները, որովհետև Թուրքիայում շատ հավատացյալներ ու եկեղեցական կառույցներ ունեն, բայց աղքատասեր ու ծառայասեր Ֆրանցիսկոս Պապը ցույց տվեց, որ մնում է նաև արդարասեր:

Հռոմի Պապի այցը Հայաստան, ինչպես նաև Գարեգին Բ Կաթողիկոսի ու Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագիրը և մանավանդ դրանում Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին հիշատակման ընդգրկումը, տեղի ունեցավ հատկապես Սուրբ Էջմիածնի մեծ ջանքերով և ոչ թե` Պապի ուխտագնացության ցանկության և համատեղ հայտարարության մեջ Վատիկանի բարի կամքի արտահայտության շնորհիվ: Որոշ չափով առավել հստակեցնելով ասելիքը (որքանով որ կարելի է բացել փակագծերը)` կարող ենք նշել, որ Պապի Հայաստան այցն արդյունք էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ոչ միայն Պապի, այլև Պապերի հետ բանակցությունների (նկատի ունենալով հրաժարյալ Պապ Բենեդիկտոս 16-րդին), Հայ Եկեղեցու պատվիրակության Վատիկան այցերի ընթացքում պայմանավորվածությունների: Հայ Առաքելական Եկեղեցու համար, անշուշտ, ցանկալի էր, որ Հռոմի Պապի այցը լիներ հենց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, և այն Վատիկանի կողմից չհետաձգվեր մեկ տարով: Այսպիսով, իրականում Պապի այցը պայմանավորված չէր Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմով, որին Պապը, կարծես անմիջապես արձագանքելով, ինքը ցանկացավ գալ` որպես «սուրհանդակ խաղաղության»: Հայ Եկեղեցում արդեն նախօրոք` 2015 թ., ակնկալում էին, որ Պապը Հայաստան է գալու 2016-ին:

Հռոմի Պապի Հայաստան այցի կազմակերպման մանրամասներին անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրային հեռուսատեսությամբ: Նորին Սրբությունը հայտնեց, որ Պապի այցը պետք է դիտարկել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների շրջանակում: Դեռևս Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ առանձին հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն առաջարկել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համատեղ միջոցառումներ կազմակերպվեն Վատիկանում և Էջմիածնում, ինչին Պապը տվել էր իր համաձայնությունը: Ֆրանցիսկոս Պապի ընտրությունից հետո վերարծարծվեց այդ առաջարկը, հիշատակի արարողություններ տեղի ունեցան Վատիկանում: Հռոմի Պապը նամակով տեղեկացրել էր, որ «իր ժամանակացույցի հագեցվածության պատճառով» 2015 թ. չի կարող այցելել Հայաստան, սակայն կայցելի հաջորդ տարի:  2016 թ. ծրագրվել էր Պապի տարածաշրջանային այց Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Բայց Մայր Աթոռը նպատակահարմար նկատեց Պապի հատուկ և առանձին այցելությունը Հայաստան, ինչի առնչությամբ քննարկումներ եղան Վատիկանի ու ՀՀ իշխանությունների հետ, և տևական կազմակերպչական աշխատանքներից հետո հաջողությամբ տեղի ունեցավ Պապի Հայաստան այցելությունը (www.youtube.com/watch?v=X5Nt87xVaWQ&t=125s (այս մասին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հարցազրույցի տեսագրությունը 2 րոպե 24 վայրկյանից մինչև 6 րոպե 11 վայրկյանը):

Եվ մինչ Հռոմի Պապն ասում էր, թե եկել է առաջին քրիստոնյա երկիր որպես ուխտագնացություն, Վատիկանի պաշտոնական կայքում արձանագրեցին Պապի Հայաստան այցը` որպես առաքելական ճամփորդություն, ինչպես որ սովորաբար որակում են այլ երկիր պապական այցելությունները (w2.vatican.va/content/francesco/en/travels/2016/outside.index.html, w2.vatican.va/content/francesco/en/travels/2016/outside/documents/papa-francesco-armenia-2016.html): Վատիկանի հայալեզու աղբյուրները ևս Պապի այցը նկարագրեցին որպես «Հայաստան կատարած առաքելական այցելություն» (hy.radiovaticana.va/news/2016/06/25/գարեգին_բ_ամենայն_հայոց_կաթողիկոսի_խօսքը_խաղաղութեան_աղօթքի_ընթացքին_/1240023):