ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Հուղարկավորությունն աստվածաբանական իմաստով ընդգծված խորհուրդ չէ, սակայն ունի խորը հոգևոր իմաստ: Ինչպե՞ս է այն մեկնաբանվում:

Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մահացածին թաղողները նույն գործն են անում, ինչ սերմնացանները, որոնք հողի մեջ են նետում դժվարին աշխատանքով հավաքած սերմերը: Նրանք նույնիսկ աղոթում են, որ Աստված անձրև ուղարկի, որպեսզի այն կազմալուծի սերմերը, որով և ավելի շատ արդյունք կլինի: Այսպես նաև հողի մեջ դնում ենք մահացածի մարմինը, որ այնտեղից հարության ժամանակ մարդը հարություն առնի նոր, կատարյալ մարմնով:

Ոսկեբերանն ասում է, որ մարմինները փտում են, որպեսզի մարդն իմանա, որ հողից է ստեղծված: Նաև` եթե մարմինները չփտեին, ապա ի հայտ կգային մեռյալների քաղաքներ, մարդիկ կապված կմնային իրենց սիրելի ննջեցյալ հարազատների մարմիններին` նրանց զետեղելով գերեզմաններում կառուցված հատուկ տների մեջ և կկտրվեին իրական կյանքից, վշտով և մահացածին մշտապես տեսությամբ կվնասեին իրենց անձնական կյանքի ընթացքը` առավել շատ ժամանակ անցկացնելով մեռյալների այդ տեղանքում:

Անդրադառնալով այն խնդրին, որ մարդկանց համար տհաճ է մտածելը, թե իրենց մարմինները փտելու են, Ոսկեբերանն ասում է, որ դրա համար, ընդհակառակը, ուրախանալ է պետք, ինչպես որ հին ու խարխուլ տնից մարդիկ դուրս են գալիս և ուրախանում, որ այդ տունը պետք է ավերվի և փոխարենը նորը կառուցվի իրենց բնակության համար:

Պողոս առաքյալն ուսուցանում է ննջեցյալների և հարուցյալ մարմինների մասին դարձյալ հողի մեջ սերմեր ցանելու օրինակով` ասելով, որ սերմանվածն այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին (Ա Կորնթ. 15.35-44):

Հոգեհանգստյան արարողությունների ժամանակ ընթերցվում է Հովհաննու Ավետարանում արձանագրված Քրիստոսի ուսուցումը, ըստ որի` «եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12.24):

Այս օրինակները կապ ունեն հողի մեջ ամփոփման, հողի մեջ թաղման հետ, որով և քրիստոնեական ավանդույթում առավել տարածվել է ննջեցյալներին հողի մեջ թաղելու սովորույթը, որն առնչված է կրոնական հավատալիքի, ննջեցյալների` հողից հարություն առնելու, սերմանված սերմից նոր բույսի ծլարձակելու օրինակով ապականացու և անապական, շնչավոր և հոգևոր, հարուցյալ մարմինների իրողության բացատրությամբ: