ՀՈԳ ՄԻ ԱՐԵՔ, ԹԵ ԻՆՉ ՊԻՏԻ ՈՒՏԵՔ ԿԱՄ ԻՆՉ ՊԻՏԻ ՀԱԳՆԵՔ

Ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք. չէ՞ որ հոգին ավելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին էք, քան նրանք:

Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞վ եք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման:

Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել՝ ձե՛զ, թերահավատնե՛ր: Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է:

Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար (Մատթ. 6.25-34):