ՀՈԳՍԴ ԴԻՐ ՏԻՐՈՋ ՎՐԱ

Հոգսդ դի՛ր Տիրոջ վրա, ու Նա քեզ կկերակրի և չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի (Սաղմ. 54.23):

Միայն Աստծո՛վ հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի Նրանից է փրկությունս: Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ (Սաղմ. 61.2-3):

Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տե՛ր, ինձ հետ ես (Սաղմ. 22.5):

Երբ ասում էի, թե՝ ահա ոտքերս սասանվեցին, Քո ողորմությունը, Տե՛ր, օգնում էր ինձ: Սրտիս ցավերի բազմանալու ժամին Քո մխիթարությունը հրճվեցնում էր իմ հոգին (Սաղմ. 93.18-19):

Երբ ինձ հրեցին, ես սասանվեցի և մոտ էի գլորվելու, բայց Տերը բռնեց ինձ: Իմ զորությունն ու օգնությունն է Տերը, Նա իմ փրկությունը եղավ: Ցնծության և փրկության ձայն կա արդարների սրահներում: Տիրոջ աջը զորություն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, և Տիրոջ աջը զորություն գործեց: Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ և Տիրոջ գործերը պիտի պատմեմ: Տերն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահվան: Բացե՛ք արդարության դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհություն մատուցեմ (Սաղմ. 117.13-19):