ՀՈԳՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Եհովայի վկաները և մորմոնները շատ զարմանալի տեսակետներ ունեն մարդու մահվան մասին։ Եհովայի վկաներն իրենց հետևորդներին ամեն ջանքով փորձում են համոզել, որ մարդն անմահ հոգի չունի և մեռնելով ոչնչանում է, սակայն Աստված կարող է հետո նրան վերաստեղծել։ Իսկ մորմոնները երկնքի մոլորակները բաժանել են իրար միջև` ասելով, որ փրկված մորմոնը դառնում է մի նոր աստված ու տեղափոխվում անծայրածիր տիեզերքի որևէ մոլորակ, հիմք է դնում մի նոր քաղաքակրթության` դառնալով Ադամ այդ աշխարհի համար։

Անշուշտ, անհեթեթ են նման տեսակետները, և պարզապես միամիտ աղանդավորներն են մոլորվում դրանցով։ Իրականում Աստվածաշունչը հենց Ծննդոց գրքից մեռնողների մասին ասում է, որ նրանք գնացին ու միացան իրենց նախնիներին։ Այսպես է ասվում Աբրահամի (Ծննդ. 15.15, 25.8), Իսմայելի (Ծննդ. 25.17), Իսահակի (Ծննդ. 35.29), Հովսեփի (Ծննդ. 49.29, 32) և մյուսների համար, իսկ Մովսեսին Աստված Ինքն է աում, որ երբ բարձրանա լեռը, այնտեղ պիտի մեռնի և միանա իր նախնիներին (Թվեր 27.13)։ Սա ցույց է տալիս, որ Հին Ուխտի վաղ ժամանակներում մարդիկ  հանդերձյալ կյանքի և հոգու անմահության հանդեպ մեծ հավատ ունեին։

Այսպիսով, որոշ աղանդներ չեն հավատում բանական հոգու գոյությանը կամ հոգու անմահությանը։ Բայց Աստվածաշունչը, ընդհակառակը, հատկապես խոսում է այն մասին, որ մարդը մեռնելիս իր հոգին ավանդում է Աստծո ձեռքը։ Այդ իսկ պատճառով էլ Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով Աստծո առջև, Նրան ասում են. «Ո՛վ Աստված, հոգիների ու բոլոր մարմինների Աստված» (Թվոց 16.22)։ Սաղմոսաց գրքում ևս Դավիթն ասում է. «Դու ես պաշտպանն իմ, Տե՛ր, և քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Սաղմ. 30.6): Քրիստոս ևս  խաչի վրա բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին»: Եվ երբ այս ասաց, հոգին ավանդեց (Ղուկ. 23.46):

Նույն կերպ, երբ քարկոծում էին Ստեփանոս սարկավագին, նա աղոթում էր և ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին» (Գործք 7.58): Աբրահամի և Իսահակի մասին ևս գրված է, որ նրանք իրենց հոգիներն ավանդեցին ու մեռան երջանիկ ծերության մեջ (Ծննդ. 25.8, 35.29)։ Բացի այս վկայություններից Հին Կտակարանում նաև նշվում է, որ Հուդայի անդրանիկ որդի Էրը, հետո էլ մյուս որդին` Օնանը, հաճելի չթվացին Տիրոջը, և Աստված առավ նրաց հոգիները (Ծննդ. 38.7, 10):

Նկատելի է, որ Աստվածաշունչը չի խոսում մարմնի հետ նաև հոգիների ոչնչացման մասին, այլ շեշտում է հոգին Աստծուն ավանդելու, կամ Աստծո կողմից հոգին առնելու մասին։ Այսպիսին է նաև անմիտ մեծահարուստի մասին առակը, երբ նրան ասվում է. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12.20):  Քրիստոս, պատմելով աղքատ Ղազարոսի և մեծահարուստի մասին առակը, ասում է, որ մահից հետո Ղազարոսը գնաց Աբրահամի գոգը, իսկ մեծահարուստը գնաց դժոխք (Ղուկ. 15.22-23)։

Նաև Խաչի վրա Քրիստոս ավազակին ասաց. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43)։ Քրիստոս ավելի բացահայտ է ասում. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6.64), «որովհետև հոգին առավել է, քան կերակուրը» (Ղուկ. 12.23), «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթ. 10.28):

Ավետարաններում բացահայտ երևում է, որ մահից հետո հոգին անջատվում է մարմնից։ Այս է ապացուցում հատկապես Հայրոսի դստեր հարության պատմությունը։ Քրիստոս բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: «Եվ նրա հոգին վերադարձավ,- ասում է ավետարանիչը, և մանուկը իսկույն կանգնեց: Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: Եվ նրա ծնողները զարմացած մնացին» (Ղուկ. 8.54-56)։ Նման պատմության հանդիպում ենք նաև Գործք Առաքելոցում։ Երբ Պողոս առաքյալի խոսելու ընթացքում Եվտիքոս անունով պատանին ընկնում է պատուհանից և մեռնում, Պողոսը, ցած իջնելով, ընկնում է նրա վրա, նրան իր գիրկը վերցնում ու ասում. «Մի՛ խռովվեք, քանի որ սրա հոգին վրան է» (20.10):

Աղանդավորներն ասում են, որ հոգին սովորական շունչն է, իսկ ինչպե՞ս կարող է այդ շունչը ինքնուրույն գոյություն ունենալ։ Սակայն իրականում հոգին անմահ Աստծո պատկերով ստեղծված և բանականությամբ է օժտված և այն, որ հոգին սովորական շունչ չէ, ապացուցում է Պողոս առաքյալը` սրանք բոլորովին տարբերակելով։ Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում նա ասում է. «Եվ խաղաղության Աստվածն Ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ. 5.23)։

Եվ այս մեջբերումները ցանկանում ենք ավարտել Քրիստոսի խոսքերով .«Դուք չէ՞ք կարդացել Մովսեսի գրքում, մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ե՛ս եմ,  ասում է,  Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը”: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի. ուստի, դուք խիստ մոլորված եք» (Մարկ. 12.26-27):