ՀՈԳԵՎՈՐ ԿԵՐԱԿՈՒՐ

Մարդիկ աշխատում են մարմնավոր կերակրի համար` հաճախ մոռանալով հոգևոր կերակրի համար աշխատելը: Մարդը միայն մարմնի սնումով չի կարող իրապես ապրել, այլ պետք է նաև սնի իր հոգին: Քրիստոս մեր Տերն Ինքն է պատվիրում. «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ. 6.27):

Հաճախ շատ մարդիկ տքնաջան աշխատանքով դարձյալ դառը կարիքների ու նեղությունների մեջ են մնում, քանի որ նյութականն են իրենց համար առաջնային ու կենսական համարում: Մինչդեռ Տերունական աղոթքում նշվում է հերթականությունը` նախ Աստծո կամքի կատարման մասին հոգալ, հետո նոր մտածել հացի մասին. «Սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ՛ արքայութիւն քո: Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհա՛ց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր» (Մատթ. 6.9-11):

Քրիստոս նաև ասում է. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք` ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտի, թե այդ բոլորը ձեզ պէտք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):

Երբ Ադամը արտաքսվեց դրախտից, դատապարտվեց քրտինքով վաստակելու իր հացը (Ծննդ. 3.19): Նույնպես ջանքերով նաև հոգևոր հացն է վաստակվում, այսինքն` աղոթքով, ծոմապահությամբ, առաքինությունների գործադրմամբ: Ճգնավորները մեծ ջանքեր գործադրեցին` ապրելու աղոթքներով, սրբությամբ, և ճգնավորներ կոչվեցին նրա համար, որ ճիգ, ջանք գործադրեցին: Նրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք էլ ճգնավորներ լինենք, այսինքն` ճիգ և ջանք գործադրենք ոչ միայն մարմնավոր հացի համար, այլև աշխատենք հոգևոր կերակրի համար:

Ով միայն մարմնավորի համար է աշխատում նման է դռան, որ ծխնիների վրա ետ ու առաջ է գնում, շարժվում է աշխատում, բայց հոգևորի մեջ չի առաջանում: Եվ կամ նման է ծույլ մարդու, ով անընդհատ շարժվում է պառկած տեղը այս ու այն կողմ, բայց նշանակալի ոչ մի օգուտ չի ունենում:

Ճիշտ է ասված, թե ով ամռանը շրջում է կռնեկուռ, ձմռանն ընկնում է դռնեդուռ: Մենք այնպես պետք է ապրենք, որ մեր կյանքի ձմռանը, այսինքն` երկրային կյանքի ավարտին մեր աստվածահաճո ընթացքի շնորհիվ գանձեր ամբարած լինենք երկնքում: Շատերս այնպես ենք ապրում, կարծես թե մեր երկրային կյանքը վերջ չունի, բայց հաճախ հիշենք մեր մահը, ինչպես նաև հավատքի, բարի գործերի, Սուրբ Գրքի ընթերցանության, հոգևոր արժանիքների կարևորությունը, առանց որոնց փրկության չենք հասնի, որպեսզի այս առօրյայի մեջ աշխատենք ոչ միայն մարմնավորի, այլև հոգևորի համար: