ՀՈԳԵՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մեր երկրի կրոնական գաղափարախոսական հիմքը համարվում է քրիստոնեությունը, սակայն հոգևորն ու աշխարհիկը տարանջատված են: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն առաջին հերթին ենթարկվում են Եկեղեցու գլուխ կանգնած Հովվապետին: Ինչքանո՞վ է ինքնուրույն հոգևոր իշխանությունը:

Հոգևորականները նախ ենթարկվում են Հովվապետին, որովհետև գտնվում են նրա անմիջական ենթակայության ներքո: Այսպես նաև որևէ կազմակերպության աշխատակիցներն իրենց աշխատանքի մեջ նախ ենթանկվում են անմիջականորեն իրենց տնօրենին: Սակայն պետք է միշտ իմանալ, որ Հովվապետը հոգևոր հայր է բոլորի` եկեղեցական սպասավորների և հավատացյալների համար:

Եկեղեցին աստվածահիմն հաստատություն է, բայց իր առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտություն ունի նաև վարչական բաժինների, վարչակազմակերպական գործունեության: Այդ ընկալումով հոգևորականները ենթարկվում են Եկեղեցու պետին, սակայն այդ ենթակայությունը կայանում է ի հոգևորս և ըստ եկեղեցական կանոնների: Բայց հոգևոր հնազանդությունը չի վերացնում աշխարհիկ հնազանդությունը կամ չի բացառում հնազանդությունն աշխարհիկների հանդեպ:

Այսպես հոգևորականը կարող է ենթարկվել, օրինակ, ոստիկանի, քաղաքային իշխանությունների, պետության կառավարության օրինական ցուցումներին, հրահանգներին: Ինչպես հոգին առավել է, քան մարմինը, և հավիտենականը առավել, քան ժամանակավորը, այդպես և հոգևորի հանդեպ հնազանդությունը` առավել է, քան աշխարհական իրողությունների ու իշխանավորների առջև հնազանդությունը: Բայց առաքյալներն ուսուցանեցին հնազանդվել մարդկային ամեն իշխանության, և Քրիստոս ևս ասաց. «Տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22.21, Մարկ. 12.17, Ղուկ. 20.25):

Հոգևոր իշխանությունը, սակայն, չի ամփոփվում միայն կրոնական ասպարեզում: Ինչպես ասել է բողոքական հեղինակներից մեկը` պահանջել քրիստոնեությունից, որ այն սահմանափակվի միայն կրոնական ոլորտով, նշանակում է պահանջել քրիստոնեությունից, որ այն ինքնասպան լինի: Քանի որ քրիստոնեության սկզբունքները, ուսուցումները, պատվիրանները տարածվում են և՛ հոգևորականների, և՛ աշխարհականների վրա, այդպես և հոգևոր իշխանությունն ի հոգևորս տարածվում է բոլորի վրա: