ՀՈԳԵՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Որո՞նք են ամենամեծ մոլորությունները` կապված հոգևոր իշխանության, հոգևորականների և Եկեղեցու հետ:

Կարող ենք նշել մոլորություններ Եկեղեցու և հոգևորականության հանդեպ, ինչպես և մոլորություններ հոգևորականների կողմից: Եկեղեցու և հոգևորականների հետ առնչված մոլորություններից մեկն այն է, որ հաճախ կարող ենք տեսնել հոգևորականի անձի և Եկեղեցու նույնացնում, ինչը ճիշտ չէ: Հոգևորականին նույնացնում են նաև ճգնավորի հետ, որը ևս սխալ ընկալում է:

Հոգևորականն ու ճգնավորը միմյանցից տարբերվում են իրենց առաքելության և կյանքի ու ծառայության բնույթի մեջ: Ճգնավորը միայնակյացն է, ով մարդկանցից հեռու գնալով` ապրում է հարատև աղոթքների, աստվածպաշտության մեջ: Հոգևորականն իր ծառայությամբ սպասավորում է մարդկանց: Այսպիսի շփոթում կար նաև Քրիստոսի ժամանակ, և Տերն Ինքը խոսեց այդ տարբերությունների մասին` բերելով Իր և Հովհաննես Մկրտչի համեմատությունը:

Հովհաննես Մկրտիչն ապրում էր անապատում ճգնավորի կյանքով, սնվում խիստ չափավոր, միայն մորեխ ու վայրի մեղր էր ուտում, հագնում էր ուղտի մազից պատրաստված զգեստ (Մատթ. 3.14, Մարկ. 1.4,6, Ղուկ. 3.2): Քրիստոս ասաց. «Եկավ Հովհաննես Մկրտիչը, չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք` նրա մեջ դև կա: Եկավ մարդու Որդին. ուտում է և խմում. և դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”» (Մատթ. 11.18-19, Ղուկ. 7.33-34):

Ճգնավորները սովորաբար ունեցվածք չէին ունենում, իսկ հոգևոր ծառայություն իրականացնողները կարող էին նաև ունեցվածք ունենալ: Հոգևորականի և ճգնավորի բնույթի շփոթում կար դեռևս վաղ քրիստոնեական շրջանում, երբ Եկեղեցու Սուրբ Հայրերից Գրիգոր Նազիանզացին ասում էր, որ մարդիկ սխալմամբ դժգոհում են իր դեմ, քանի որ ունի մի փոքր տուն և հարակից այգի: Ավետարանը նշում է, որ հարուստ կանայք իրենց ունեցվածքից մատակարարում էին Քրիստոսին (Ղուկ. 8.3), առաքյալները Տիրոջ հետ ունեին գանձանակ, որից ողորմություն էին բաժանում աղքատներին (Հովհ. 12.6, 13.29):

Մյուս մոլորությունը` հոգևորականների հետ կապված, հոգևորականի կերպարի չափազանց իդեալականացումն է: Մարդիկ պահանջում են, որ հոգևորականները լինեն հրեշտակների պես մշտարթուն և միշտ անհոգնաբեկ: Բայց հոգևորականը ևս մարդ է ուրիշների պես, կարող է ունենալ մարմնի տկարություն, հիվանդություն, տրամադրության անկում, հոգսերի, մտահոգությունների մեջ լինել, որով և երբեմն հնարավորություն չի ունենում իր ամբողջական ժամանակն ամենայն ընդառաջումով տրամադրել որևէ հավատացյալի:

Երբ չենք շփոթում ճգնավորի և հոգևորականի կերպարները և դիտում ենք եկեղեցականի ծառայությունն առանց հոգևորականի կերպարի չափազանց իդեալականացման, տեսնում ենք, որ ունենք լավ հոգևորականներ, ովքեր ծառայում են` ի փառս Աստծո, հանուն ազգի և Սուրբ Եկեղեցու: Հնարավոր մոլորությունների դրսևորումից խուսափելու համար եկեղեցականներն իրենք պետք է մեծապես զգույշ լինեն, որպեսզի գայթակղության առիթ չդառնան այս կամ այն հավատացյալի համար:

Եպիսկոպոսի ձեռնադրության կարգի մեջ հրահանգ է տրվում այնպիսի վարք դրսևորելու, որպեսզի հավատացյալների շրջանում սին բամբասանքների տեղիք չտան: Հոգևորականները պետք է միշտ պահպանեն հավատացյալների հետ հարաբերությունները հայր և որդի հարաբերությունների օրինակով և ոչ թե բարձրի ու ցածրի, պաշտոնական հանգամանք ունեցողի և հասարակ մարդու հարաբերությունների նմանությամբ, որպեսզի եկեղեցական նվիրապետությունը չվերածվի սովորական չինովնիկության: