ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր օրերում հաճախ են ահազանգում կրոնական արժեքների անկման մասին: Իտալիայում կաթոլիկությունն այլևս չի միավորում մարդկանց, Նիդերլանդների ընդունած հանդուգն դիրքը` բարոյականության և էֆթանազիայի հարցում, ոմանց կարծիքով վկայում է այն մասին, որ այդ երկիրը կտրուկ հեռանում է քրիստոնեությունից: Հոգևորկրոնական արժեքների անկումը համատարա՞ծ բնույթ ունի:

«Կրոնական արժեքների անկում» ասելով` հիմնականում պետք է հասկանալ այդ արժեքների հանդեպ բացասական վերաբերմունքը կամ հարգանքի նվազումը, քանի որ արժեքներն ինքնին կան, գոյություն ունեն և չեն կարող արժեզրկվել: Նշված երկրները հիմնականում արևմտյան Եվրոպայի երկրներն են, որտեղ իրականությունն այլ է Հայաստանից:

Հատկապես արևմտաեվրոպական երկրներում մենք տեսնում ենք, որ քրիստոնեական բարոյականությանը զուգահեռ ստեղծվում է աշխարհիկ բարոյականություն, և այս գործընթացը հովանավորվում է պետության, իշխանության կողմից: Դա է պատճառը, որ նման երկրներում ընդունվում են օրենքներ միասեռականների ամուսնության, նույնասեռականների կողմից երեխաների որդեգրման, անասնապղծության, կենդանիների հետ կենակցության ընդունելի լինելու մասին, որոշ պետություններում նույնիսկ օրենքի ուժով պարտադրվում է եկեղեցիներին օրհնել ոչ ավանդական ամուսնությունները:

Այս հանգամանքը նկատի ունենալով` կարող ենք խոսել կրոնական և աշխարհիկ կամ թեիստական ու աթեիստական զուգահեռ բարոյականությունների մասին, որոնք կարող են և հակառակ սկզբունքներ պարունակել: Երբ աստվածընկալումը մերժվում է բարոյականության ըմբռնման մեջ, ապա այդպիսի բարոյականությունը հաճախ վերածվում է անբարոյականության: Մարդու իրավունքների անվան տակ հասարակության մեջ ներմուծվում են նաև անբարո արարքների ճշմարտացի լինելու գաղափարախոսություններ, աշխատանք է տարվում այդ մերժելի իրողությունը որպես սովորական և ընդունելի երևույթ ներկայացնելու:

«Մարդու իրավունքներ» ասելով` այսօր հասկանում են պետության, միջազգային օրենքներին հնազանդություն և միանգամայն ազատություն բարոյական օրենքների հարցում, բարոյական և հատկապես քրիստոնեական պատվիրաններից կախվածության վերացում: Կրոնական իմաստով այսպիսի ազատությունը բարոյականությունից, ընդհակառակը, հանգեցնում է մեղքին ծառայության ու ստրկության և ամբողջապես հակառակ է ազատության քրիստոնեական ընկալմանը, որի մասին ուսուցանում է առաքյալը` ասելով. «Մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց: Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության» (Հռ. 6.17-18), «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ. 5.13): Նաև Պետրոս առաքյալն է կոչ անում. «Ապրեցե՛ք որպես ազատներ և ազատությունը իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետ. 2.16):

Կրոնական արժեքների հանդեպ նվիրումի, հարգանքի նվազումը կապված է նաև եկեղեցական պատմության հետ, որը բոլորովին այլ է Հայաստանում, այլ՝ եվրոպական, ամերիկյան երկրներում: Կաթոլիկ Եկեղեցու միջնադարյան շրջանի պատմությունից գիտենք, որ այդ Եկեղեցին (այստեղ Եկեղեցի ասելով նկատի ունենք եկեղեցական հաստատության կառավարմանը տիրապետող անձանց) հրահրել է պատերազմներ, շահագործել ու նեղությունների մատնել ժողովրդին, ինկվիզիցիայի խարույկների վրա վառել ոչ միայն հերետիկոսներին, ինչը ևս դատապարտելի է, այլև գիտության ներկայացուցիչներին, առաջադեմ միտք և մտածողություն ունեցող անձանց:

Մեր եկեղեցական պատմությունը բոլորովին այլ է: Հայ Եկեղեցին խնամել ու առաջնորդել է մեր ժողովրդին, և դրա համար էլ մեր ժողովուրդը մեր Եկեղեցուն կոչում է նաև Մայր Եկեղեցի: Մեզ մոտ նույն միջնադարյան շրջանում գիտությունը, առաջադեմ միտքը ոչ միայն չէին հալածվում, այլև գիտությունը, դպրությունը, արվեստը, մշակույթը զարգանում էին հենց Եկեղեցում, եկեղեցականների կողմից կամ Եկեղեցու հովանու ներքո: Պետականության բացակայության պայմաններում գիտենք, որ Հայ Եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին խնամքով ու ծնողական հոգածությամբ` բերելով մինչև անկախ պետականության վերահաստատումը և այսօր էլ շարունակելով իր հոգածու առաքելությունը:

Եկեղեցական պատմությունը, անցյալի իրադարձությունները ևս վերաբերմունք են ձևավորում Եկեղեցու, քրիստոնեական արժեքների հանդեպ: Կաթոլիկ երկրներում Եկեղեցու և կրոնական արժեքների նկատմամբ հակասական վերաբերմունքի պատճառ են նաև հատկապես վերջին տարիներին կաթոլիկ հոգևորականների մեղսալի գործերի, մանավանդ մանկապղծության դեպքերի աղմկալի բացահայտումներն ու դատավարությունները: Ոմանք սրա պատճառ են համարում կուսակրոնությունը, քանի որ հատկապես Կաթոլիկ Եկեղեցու բոլոր հոգևորականներն անխտիր իրավունքն չունեն ամուսնանալու: Բայց մեղավոր ընթացքները խոսում են ոչ թե կուսակրոնության ինստիտուտի թերության, այլ մարդկային գործոնի, մարդու կողմից մեղքն առավել սիրելու արատի մասին:

Կարդալ նաև`