ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞րն է հոգևորականի առաքելությունը երկրի վրա և Եկեղեցում:

Քրիստոս համբարձվելիս առաքյալներին ասաց. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20):

Ուրեմն, հոգևորականի առաքելությունը մարդկանց Քրիստոսի ուսմունքը սովորեցնելն է կամ Ավետարանը քարոզելը, մկրտելը, որ մարդկանց դարձնում է քրիստոնյա, Երկնքի արքայության ժառանգորդ, մարդկանց աստվածային շնորհները փոխանցելը:

Քրիստոս նաև մեղքերը ներելու իշխանությունը տվեց առաքյալներին` ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20.22-23)», «Ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. 18.18):

Առաքելական հաջորդականությամբ այս լիազորությունները, ինչպես և ծառայության պարտականությունները ձեռնադրությամբ անցնում են հոգևորականի սպասավորությունն ստանձնող մարդկանց, և այս ծառայությունն իր բնույթով վախճանաբանական է, այսինքն` միտված է մարդկանց պատրաստելու հավիտենության մեջ կեցությանը, գոյությանը:

Ճիշտ է, Քրիստոսի պատվիրանները վերաբերում են այս երկրում ապրելու և գործելու ձևերին, ուղղորդումներ են տալիս հավատացյալներին, ներդաշնակություն բերում երկրային կյանքում, բայց դրանք նպատակ ունեն մարդուն արժանի դարձնելու և պատրաստելու հավիտենության:

Այս առումով հոգևորականի առաքելությունը երկրի վրա և Եկեղեցում նպատակ ունի մարդուն հոգևոր խնամք մատուցելու, պարգևելու աստվածային շնորհներն ու օրհնություն բարձրացնելու երկինք և անդամ դարձնելու նաև երկնային Եկեղեցու, ուր հոգևոր վայելքները, երջանկությունը, սերն ու խնդությունը պարուրելու են մարդու հավիտենական գոյությունը Աստծո մշտական բերկրալի ներկայության մեջ: