ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԷՋՔԸ

Հոգեգալստյան տոնը Սուրբ Եկեղեցու ամենամեծ տոներից մեկն է: Մարդկության պատմության մեջ ամենահրաշալի և հիանալի իրադարձություններից մեկը Հոգեգալուստն է, երբ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա Երուսաղեմում` որպես կրակե լեզուներ: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգու շնորհներով և սկսեցին խոսել օտար լեզուներով: Երուսաղեմում այդ ժամանակ բավականին ժողովուրդ կար, որ եկել էր սուրբ քաղաք հրեական տոնի համար: Հոգեգալստյան այդ նույն օրը հրեաները տոնում էին հիշատակը Սինա լեռան վրա Մովսեսի կողմից աստվածային տասը պատվիրանների ստացման: Երուսաղեմ էին եկել նաև տարբեր երկրներում ապրող հրեաներ և լսում էին, որ առաքյալները խոսում են այդ երկրների լեզուներով:

Գործք Առաքելոցում գրված է, որ այդ մարդիկ եկել էին Պարսկաստանից, Միջագետքից, Հրեաստանից և այլն (Գործք 2.7-11): Եկեղեցական հեղինակներ Տերտուղիանոսը և Օգոստինոսն ասում են, որ Նոր Կտակարանի այդ հատվածում պետք է ընթերցել Հայաստան Հրեաստանի փոխարեն, որովհետև այդ դրվագում խոսվում է այլ երկրներից Հրեաստան եկած մարդկանց մասին, և Հայաստան ընթերցելը ճիշտ է նաև աշխարհագրականորեն, քանզի Միջագետքի կողքին գտնվում է Հայաստանը և ոչ թե Հրեաստանը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22)` իբրև խաղաղություն և հաշտություն բերող, որովհետև այդ ժամանակ մարդկությունը երես էր թեքել Աստծուց: Իսկ Քրիստոսի առաքելությամբ խաղաղություն հաստատվեց մարդկանց և Աստծո միջև (Եփ. 2.15, 17; Կող. 1.20):

Սակայն շատ ուսուցանող է հատկապես Սուրբ Հոգու երևումը հրի ձևով, երբ Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա կրակե լեզուների տեսքով (Գործք 2.3): Այսօր շատ մարդկանց սրտերը կարծես սառել և կարծրացել են ոչ միայն Աստծո և երկնայինի հանդեպ, այլև այդպիսի սառնություն է զգացվում հաճախ միջանձնական հարաբերություններում: Հուրը հալեցնում է պինդ իրերը, ինչպես, օրինակ, երկաթը, և թրծում ու ամրացնում է թույլ իրերը, ինչպես որ կավից պատրաստված որևէ իր: Նույն կերպ Սուրբ Հոգին հալեցրեց սատանայի զորությունը և թրծեց առաքյալներին, ովքեր հաստատվեցին հավատքի մեջ: Սուրբ Հոգին կարող է մարդկանց սառած սրտերը ջերմացնել: Դրա համար պետք է, որ Սուրբ Հոգին մեզ վրա ևս իջնի, ինչպես որ նստեց առաքյալների վրա: Որևէ մեկը ցանկանում է նստել հանգիստ և խաղաղ մի տեղ: Եվ այն, որ Սուրբ Հոգին հանգչեց առաքյալների վրա, ցույց է տալիս, որ նրանք մեղքերից թափուր էին և իրենց պատրաստել էին Աստծո համար:

Սուրբ Հոգու գալուստն իրական է ամեն օր մկրտության արարողությամբ, որի ընթացքում Սուրբ Հոգին Աստված իջնում է մկրտվող մարդու վրա և նրան տալիս Իր աստվածային շնորհները: Մկրտության արարողության ընթացքում արարողությունը կատարող հոգևորականները երգում են «Առաքելոյ աղաւնոյ» շարականը, որ գրաբարից թարգմանաբար նշանակում է «ուղարկված աղավնին»: Չնայած Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով հայտնվեց առաքյալներին, այս շարականի մեջ պատմվում է Սուրբ Հոգու աղավնակերպ գալստյան մասին` շեշտելով Սուրբ Հոգու խաղաղարար հատկությունը, որով զորացյալ առաքյալները երկրին երկինք հրավիրեցին: Այսինքն` առաքյալները մարդկանց սրտերում հաստատեցին ճշմարիտ հավատքը` ցույց տալով ճանապարհը, որ առաջնորդում է հավատացյալներին դեպի երկինք հավիտենական կյանքի համար:

Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Աստված զայրացավ մարդկանց ամբարտավանության համար և մարդկությունը սփռեց աշխարհով մեկ ու բաժանեց տարբեր լեզուների (Ծննդ. 11.8-9): Իսկ Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ և զորացրեց առաքյալներին, ովքեր միավորեցին մարդկությունը քրիստոնեական հավատքի մեկ լեզվի ներքո: