ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հյուրասիրություն և օտարասիրություն. ինչքանո՞վ են տարբեր և ի՞նչ ընդհանրություններ ունեն:

«Հյուրասիրություն» և «օտարասիրություն» բառերը ցույց են տալիս հյուրի, օտարի հանդեպ սիրո դրսևորման երևույթը: Հյուրասիրությունն արտահայտվում է նաև սիրալիրության զգացումով, կերակուր հրամցնելով: Այստեղից էլ հյուրասիրել բայը նշանակում է մեկին ուտելիք կամ ըմպելիք տրամադրելը, նրա հետ հաց կիսելը:

Հյուրասիրությունը և օտարասիրությունը նույն երևույթի տարբեր կողմերն են ներկայացնում: Հյուրասիրություն նշանակում է որպես հյուր ընդունել ծանոթ մեկին, իսկ օտարասիրություն` որպես հյուր ընդունել օտարին, անծանոթին:

Հայերը միշտ աչքի են ընկել հյուրասիրությամբ և նույնիսկ հեթանոսական շրջանում ունեցել են հյուրասիրության աստված` Վանատուր անունով: Սա ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը հնուց ի վեր եղել է հյուրասեր և օտարասեր, անգամ այդ ունակությունը հաստատագրել թեկուզ և սխալ կրոնական համոզմունքի ձևով:

image202Հյուրասիրությունը կամ օտարասիրությունը կարո՞ղ են առաքինություն համարվել:

Եթե առաքինությունը համարում ենք բարոյական բարձր չափանիշներին համապատասխան արարքներ կամ վարվեցողություն, ապա հյուրասիրությունը և օտարասիրությունը նույնպես առաքինություններ են: Սակայն այս առաքինությունները կարող են վերածվել նաև մոլորության, երբ եղծվում է դրանց իրական իմաստը:

Մեր ժողովրդի պարագայում ցավով կարող ենք արձանագրել, որ մեր օտարասիրությունը հաճախ վերածվում է օտարամոլության: Սա ի հայտ է գալիս հետևյալ իրողություններով: Մարդիկ տարբեր հաստատությունների անվանումներ նախընտրում են հռչակել օտարալեզու անուններով, օտարի հանդեպ վերաբերմունքն ավելի բարեհամբույրությամբ ու հաճությամբ տարբերվում է սեփական հայրենակցի հանդեպ վերաբերմունքից, արտասահմանում բնակվող հայեր նախընտրում են նույնիսկ տանը խոսել օտար լեզվով, և կամ այլ երկրներում ապաստան հաստատած բազմաթիվ հայեր իրենց հայերեն խոսքի մեջ շատ հաճախ ցուցադրության համար օգտագործում են օտար լեզվի բառեր, արտահայտություններ:

Երբ օտարասիրությունը լինում է սեփական արժեքների հաշվին` հայրենիքի, լեզվի, ազգակցի, այդ ժամանակ օտարասիրությունը դառնում է օտարամոլություն, և տվյալ առաքինությունը վերածվում է արատի:

Կարդալ նաև`