ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՁԵՎԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք միշտ աչքի ենք ընկել մեր հայկական հյուրասիրությամբ, բայց այսօր հյուրասիրության քողի ներքո նաև բացասական երևույթներ են հաստատվել մեր մեջ: Խոսենք հյուրասիրության և ժամանակակից ձևապաշտության մասին:

Հայկական հյուրասիրության մեջ երբեմն նկատվում է առավելաբար սեփական անձի ցուցադրություն, քան հյուրին հյուրասիրելու ձգտում: Հոգեբանության մեջ խոսվում է պերֆեկտիզմի` կատարելապաշտության մասին, որը թերարժեքության զգացումի դրսևորումներից մեկն է:

Պերֆեկտիզմով տառապողները որևէ գործ ջանում են անել կատարելությամբ, և եթե ամբողջ գործի մեջ չնչին մի բան չի հաջողվում, ապա ընդհանրապես հրաժարվում են իրենց մտադրությունից, քանի որ վախենում են ուրիշների վրա գերազանց տպավորություն չթողնելուց:

Երբեմն պերֆեկտիզմ զգացվում է նաև հայկական հյուրասիրության մեջ: Մարդիկ կան, որ լավ հյուրասիրություն են կազմակերպում ոչ թե հյուրին հաճույք պատճառելու, այլ նախ և առաջ վատ տպավորություն չթողնելու, հյուրի մոտ ամոթով չմնալու համար: Պատահում է, որ նաև հակառակ երևույթն է լինում:

Մարդը, մի ծանոթի հանդիպելով և նրան հյուրընկալելու ու հյուրասիրելու անհրաժեշտության առջև գտնվելով, տխրում է` մտքում հաշվելով, թե որքան նյութական ծախս պիտի անի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, որոնց համար հյուրասիրություն կազմակերպելը մեծ խնդիր է: Պետրոս առաքյալն ասում է. «Հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու» (Ա Պետ. 4.9):

Առաքյալի խոսքից երևում է, որ հնուց ի վեր մարդիկ նյութական ծախսերի նկատառումով նաև տրտնջացել են հյուրասիրություն կազմակերպելուց առաջ: Սակայն պետք է իմանալ, որ հյուրասիրությունը քրիստոնեական առաքինություններից մեկն է: «Հետամո՛ւտ եղեք հյուրասիրության» (Հռ. 12.13),- հորդորում է Պողոս առաքյալը:

Հին Կտակարանում Աբրահամը մարդկային հասկացողության համար ըմբռնելի կերպարով իրեն ներկայացած Սուրբ Երրորդության անձանց կամ Երրորդությունը ներկայացնող հրեշտակներին օտարասիրությունից մղված առատապես հյուրասիրեց և մեծ օրհնությունների արժանացավ (Ծննդ. 18.2-10):

Նոր Կտակարանում ակնարկվում է նաև այս դեպքը և հյուրասիրության ու օտարասիրության հորդորով նշվում, որ հնում հյուրասեր մարդիկ առանց իմանալու նույնիսկ հրեշտակներ հյուրընկալեցին. «Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու» (Եբր. 13.2):