ՀԵԶՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Անտոն Անապատականի կյանքից մի դրվագ մեզ հեզության դաս է տալիս: Անտոնը լսում է մի ճգնավորի մասին, որը կատարյալ էր դարձել առաքինությունների մեջ, և խնդրում ճգնավորին իր մոտ բերել, որ տեսնի և զրուցի: Երբ բերում են, Անտոնը խցում չի լինում: Քիչ հետո մտնում է խուց և ոչ ոքի  ուշադրություն չդարձնելով` իր գործերն է անում, խուցը դասավորում, դուրս գալիս, նորից մտնում: Ի վերջո առաքինությամբ հայտնի ճգնավորը չի դիմանում, պոռթկում է և ասում. «Ցանկացար ինձ տեսնել, և այսքան երկար ճանապարհ կտրեցի, մինչդեռ հիմա ոչ մի ուշադրություն չես դարձնում»:

Այդ ժամանակ Անտոնը նրան խրատում է և ասում. «Թեև ասում են, թե կատարյալ ես դարձել առաքինությունների մեջ, բայց իրականում դու նման ես ավերված գյուղի, որովհետև մի փոքրիկ արհամարհանքին անգամ չկարողացար դիմանալ»: Սա խոնարհության ու հեզության մեծ դաս է մեզ համար, որովհետև եթե մենք էլ կյանքում այս կամ այն պարագային չենք կարողանում տանել արհամարհանքը, ապա ինչպե՞ս կարող ենք առավել ևս իրագործել թշնամիներին սիրելու և նույնիսկ նրանց համար աղոթելու Քրիստոսի պատվիրանը (Մատթ. 5.44):

Ոմանք հեզություն և խոնարհություն գրեթե նույն բանն են համարում, սակայն սրանց մեջ տարբերություններ կան, որովհետև խոնարհությունը միշտ դուրս է գալիս հպարտության դեմ, իսկ հեզությունը` բարկության: Սակայն կատարյալ խոնարհ կարող ենք լինել միայն այս երկուսի առկայությամբ, որովհետև Քրիստոս ևս սրանք միասին է ասում. «Սովորեցեք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11.29):

Եկեղեցական հեղինակների գրվածքները նկատի ունենալով` փորձենք տալ հեզության և խոնարհության սահմանումները: Հեզությունը մարդկային հոգու անվրդով վիճակն է թե՛ փառքի և թե՛ անփառունակության մեջ, ինչը տեսանք, որ պակասում էր առաքինությամբ հայտնի ճգնավորին, որովհետև Անտոնի կողմից դրվելով անփառունակության մեջ, չկարողացավ դրան դիմանալ:

«Իսկ խոնարհությունն այն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ մարդ խոնարվում է իրենից ավելի փոքրին»: Սակայն խոնարհության այս սահմանումը ավելի կատարյալ դարձնելու համար նկատի ունենանք նաև հետևյալ մտածումները: Խոնարհությունը նաև այն է, երբ մարդ խոնարվում է իրենից ավելի մեծին, ավագին, վերադասին: Եվ եթե սա արվում է Աստծո պատվիրանը կատարելու համար և սիրով, ապա այս արարքից բացառվում են քծնողությունն ու երեսպաշտությունը:

Մենք տեսնում ենք, որ մենք նույն կայուն ձևով չենք ներկայանում տարբեր մարդկանց։ Օրինակ` մարդիկ իշխանավորների առջև առավելաբար լուռ ու հնազանդ կերպարով են, փոքրերի հետ ինքներս ենք ավելի համարձակ և ինքնավստահ, իսկ երեխաների առջև գտնվելիս և նրանց սիրելիս ինքներս այնպիսի ձևեր ենք անում և այնպիսի ձայներ հանում, որ ուրիշ ոչ մի տեղ մեզ այդպես չէինք պահի։ Եվ մեր այս բոլորովին տարբեր ու նույնիսկ հակասական վարմունքները տեսնելով, ինքներս մեզ հարցնում ենք` լավ, ինչպիսի՞ն եմ ես իրականում։

Սակայն եթե խոնարհ մարդ ենք, ապա այս բոլոր դեպքերում էլ նույնիսկ հակառակ վարմունքներով դրսևորվում է մեր խոնարհությունը։ Եվ մեր կյանքում խոնարհությունն ավելի ամբողջական դրսևորելու համար պետք է միշտ հիշենք հետևյալ ճշմարտությունը. «Խոնարհ լինելը քեզանից գերադասների հանդեպ պարտականություն է, քեզ հավասարների հանդեպ կենցաղագիտություն, իսկ քեզանից ցածրերի հանդեպ` ազնվականություն»: