ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

Քրիստոս բազում հրաշքներ գործեց Իր երկրային կյանքի ընթացքում` հիվանդների բուժեց, մեռելների հարություն տվեց, սակայն երկրային, նյութական բարիքներով ավելի հետաքրքրված լինելու պատճառով մարդկանց վրա ոչ մի հրաշք այնքան մեծ ազդեցություն չունեցավ, որքան հացի բազմացումը։ Հացի բազմացումից հետո էր, որ ժողովուրդը հավաքվելով` ցանկանում էր Քրիստոսին թագավոր դարձնել (Հովհ. 6.14-15)։

Ցավոք, այսօր էլ մարդիկ, առաջին հերթին ավելի շատ նյութականի, քան հոգևորի մասին մտածելով, ցանկանում են իրենց թագավոր տեսնել այն մարդուն, ով իրենց ուտելու հաց կտա։ Սա է պատճառը, որ ոմանք բողոքում են Եկեղեցուց, թե Եկեղեցին իրենց ուտելու և սնվելու բան չի տալիս` մոռանալով Եկեղեցու իրական առաքելությունը, և սա է պատճառը, որ շատ մարդիկ էլ վազում են աղանդների հետևից` օգուտներ ունենալու նպատակով։ Սակայն Քրիստոս ժամանակին Իր մերժումով (Հովհ. 6.15) ցույց տվեց, որ Ինքը երբեք թագավորը չէ շահախնդիր մարդկանց։

Երբ Ադամն արտաքսվեց դրախտից, նա նաև անիծվեց Աստծուց` իր հանապազօրյա հացը վաստակելու իր երեսի քրտինքով (Ծննդ. 3.19): Եվ մարդկությունն այդ ժամանակից սկսյալ չարչարվել է` իր հացը քրտինքով վաստակելով: Երբ մարդն անիծվեց, երկիրը նույնպես անիծվեց նրա հետ միասին: Աստված ասաց. «Թող երկիրը անիծյալ լինի քո արածի պատճառով» (Ծննդ. 3.17): Սա ցույց է տալիս մարդու սերտ կապը տիեզերքի հետ. երբ մարդն անկում է ապրում, նրա հետ անկում է ապրում նաև ողջ տիեզերքը: Երկրի անիծված լինելն ի հայտ եկավ նրա պտղաբերության զորության նվազումով: Մարդը պետք է տանջալի աշխատեր, հողը մշակեր` որոշ պտուղներ և արդյունքներ ստանալու համար: Մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել մարդկանց չարչարանքը` իմանալով, որ մանգաղը գերանդիով փոխարինվեց միայն 18-րդ դարում:

Հնում բնակչության մեծամասնությունն ապրում էր գյուղերում, որովհետև միջին դարերում միայն սակավաթիվ քաղաքներ կային և քաղաքները մեծ դեր չունեին բնակչության համար: Օրինակ` 18-րդ դարում Անգլիայում կային ընդամենը երկու քաղաքներ, իսկ 19-րդ դարում Անգլիայում քաղաքների թիվը մի փոքր աճեց` հասնելով ութի: Մեր օրերում, ընդհակառակը, մարդկային բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, և բազում մարդիկ չեն աշխատում հողագործության մեջ: Սակայն նրանք այլ աշխատանք ունեն և նույնպես պետք է շատ աշխատեն` իրենց հացը իրենց երեսի քրտինքով վաստակելու համար:

Երբ Քրիստոս աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես, որի մասին մեզ հայտնում է մասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 22.44): Այս կերպ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, բուժեց մեզ Ադամին տրված և նրանով իր սերունդներին փոխանցված անեծքից` զոհագործությամբ նաև մեր առջև բացելով դռները Երկնքի Արքայության, որտեղ մենք հանապազօրյա հացի համար այլևս չենք չարչարվելու, ինչպես այս աշխարհում, այլ երկնային լուսեղեն օթևաններում վայելելու ենք հավիտենական երանությունն ու երջանկությունը: