ՀԱՐՑ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այսօր շատերին հուզող մի մտահոգություն կա. «Այն ժամանակ հրաշքներ եղան և բազում մարդիկ տեսան ու հաստատվեցին իրենց հավատքի մեջ: Այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ ընկղմված են բազմաքանակ մեղքերի մեջ: Ուրեմն թող որ հիմա էլ այդպիսի հրաշքներ լինեն, որպեսզի մենք էլ հավատանք»:

Երբ փարիսեցիները Քրիստոսից հրաշքներ ուզեցին` Նրան հավատալու համար, Քրիստոս ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում» (Մատթ. 12.39): Երբեք չպետք է մոռանալ, որ ոչ թե հավատքն է հրաշքից, այլ հրաշքն է հավատքից: Ոչ թե հրաշք է լինում, և մարդիկ սկսում են հավատալ, այլ հրաշքը լինում է հենց այն պատճառով, որ մարդիկ հավատում են:

Միայն հրաշքի վրա հիմնված հավատքը սին և դատարկ է և առաջին իսկ առիթի դեպքում ոչնչանալու է ու կորչելու: Դա շատ լավ երևում է հրեաների պատմության մեջ Աստվածաշնչի Ելից գրքում: Հրեաները հրաշքով դուրս եկան Եգիպտոսից, հրաշքով անցան Կարմիր ծովի միջով, հրաշքով կերակրվեցին անապատում, սակայն հենց առաջին իսկ առիթով ոսկե հորթ ձուլեցին և սկսեցին պաշտել նրան:

Հետևաբար, հավատալու համար հրաշքի ցանկությունը ոչ թե հավատքի ձգտում է, այլ առաջին հերթին մարդու թերահավատությունը և մարմնական զգացմունքներին ու կրքերին կապված լինելն է ցույց տալիս: Երբ մարդու սիրտը լցված է չարությամբ և մարմնական կրքերով, ոչ մի հրաշք չի կարող նրան հավատացյալ դարձնել:

Ճիշտ այդպես, երբ դժոխքում տանջվող մեծահարուստը աղաչանքով խնդրեց Աբրահամին, որ դրախտից Ղազարոսին ուղարկի իր հոր տունը, որտեղ հինգ եղբայրեր ուներ, որպեսզի նրանք փոխեին իրենց չար կյանքը և մահից հետո դժոխք չընկնեին, Աբրահամը պատասխանեց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկ. 16.31):

Սակայն ո՞վ է ասում, թե այսօր հրաշքներ չեն լինում: Բայց մեր օգտի համար բազում հրաշքներ ծածուկ են կատարվում: Բազում մարդիկ կարող են հիշել իրենց կյանքում կատարված հրաշքներ, երբ հրաշքով փրկվել են մահից, ոմանք հրաշքով փրկվել են կործանումից, ոմանք էլ հրաշքով առողջացել են կամ այլ հրաշալի իրողությունների ականատես եղել: