ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մարդիկ աղքատ և հարուստ են լինում նաև աստվածային հատուկ դաստիարակչական և փրկչական ծրագրով: Սոցիալական անհավասարություններին իմաստուն կերպով անդրադարձել են եկեղեցական տարբեր հեղինակներ, որոնց մտքերն էլ ներկայացնում ենք ձեզ:

Ինչպես որ հրով փորձվում է ոսկին, նույնպես էլ աղքատությամբ փորձվում է մարդը` համբերո՞ղ է, թե՞ ոչ: Աստված աղքատացնում է նաև լավ մարդուն, որպեսզի փորձի, թե արդյո՞ք միայն իր ունեցվածքի համար է սիրում Աստծուն, որովհետև շատերը, երբ խնդիրներ չունեն, հաշտ են Աստծո հետ, իսկ երբ ընկնում են դժվարությունների մեջ, սկսում են Աստծուն մեղադրել և նույնիսկ հայհոյել:

Աստված աղքատացնում է նաև այն մարդուն, որի շատ գործեր բարի են, սակայն նաև մի մեծ մեղք ունի, որպեսզի աղքատությամբ չարչարվելով` վճարի իր մեղքի համար և հավիտենական կյանքի ժառանգորդ դառնա: Հետևաբար, այս իմաստով աղքատությունը լինում է մարդու օգտի համար և բարի նպատակով:

Հարստությունը մարդկանց տրվում է երեք պատճառներով: Հարուստ մարդկանց դիտելով` տեսնում ենք, որ նրանցից շատեր բարի են, շատերը չար ու ամբարտավան, իսկ շատերն էլ` անարժան: Ինչ վերաբերում է բարիներին, ապա Աստված նրանց հարստություն է տալիս, որպեսզի նրանք կարոտյալներին օգնեն և շատերին օգուտ տան:

Աստված հարստություն է տալիս նաև չարերին ու ամբարտավաններին, որպեսզի Դատաստանի ժամանակ, երբ իրենց չար գործերի և Աստծուն չսիրելու համար դատապարտվեն, արդարանալու ոչինչ չունենան և Աստծուն չասեն, թե՝ ինձ ինչ տվեցիր, որ Քեզ սիրեի: Աստված անարժանին մեծություն է տալիս, որպեսզի նա նյութական իրերով Աստծուն դառնա և իր մտքում ասի. «Ես անարժան եմ, և ահա Աստված ինձ այսքան մեծացրեց»:

Ուրեմն, ինչպես աղքատությունը, այնպես էլ հարստությունը մարդուն տրվում են մեկ բանի համար, որպեսզի մարդ Աստծուն դառնա: Բայց դա չի նշանակում, որ մարդը չի կարող հաղթահարել իր նեղությունն ու բարօրության հասնել կամ արդարություն պահանջել հասարակության բարգավաճման համար: Ինչպես և ոմանց էլ նախախնամությամբ թույլ է տրվում հարստություն ունենալ հետագա պատժի նախատեսումով: Այս կյանքի ապրելակերպով մարդ իրական հարստություն է դիզում հանդերձյալ կյանքում։ Հետևաբար, ասում է Հովհան Ոսկեբերանը, հարստությունը և աղքատությունը նման են թատրոնի դիմակներին, ներկայացումից հետո թագավոր չես համարում նրան, ով թագավորի դիմակ էր հագել։