ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄԱՏԱՆԻ, ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հարսանեկան մատանին ցույց է տալիս հարսի և փեսայի ամբողջական և կատարյալ սերը: Ինչպես մատանին է մի մատին դրվում, նույնպես հարսը մեկ փեսայինն է, և փեսան` մեկ հարսինը: Մատանին բոլորաձև է և դրվում է ձախ ձեռքի մատնեմատին, որով, ինչպես հնուց ի վեր հավատում էին, երակ է գնում դեպի սիրտը: Դա խորհրդանշում է, որ փեսան և հարսը պետք է կատարյալ սեր ունենան միմյանց հանդեպ:

Մատանու խորհուրդը վերաբերում է նաև հավատքին: Ինչպես մատանին դրվում է հինգ մատներից մեկին, նույնպես հավատը դրվում է մեր իմացման վրա, որը մեկն է ներքին հինգ զգայարաններից: Մատանին դրվում է սրտի երակ ունեցող մատին, ինչը նշանակում է, որ մեր հավատքը առ Քրիստոս սրտի ջերմ սիրով պետք է հաստատված լինի:

Ինչպես մատանին պատում է մատը բոլոր կողմերից, այնպես էլ ամբողջական հավատքը պահպանում է մեր հոգին ու մարմինը չարից և բոլոր մոլորություններից: Ինչպես պատվական է մատանու նյութը, որ ոսկուց կամ արծաթից է լինում, նույնպես պատվական և անբիծ պետք է լինի մեր հավատքը առ Քրիստոս:

Մատանու գույնը լինում է դեղին կամ սպիտակ, որ ցույց է տալիս մեր հավատի պայծառությունը. սպիտակը` հոգու անմեղությունը, իսկ դեղինը` առաքինությամբ հանդերձ մարմնի ահն ու երկյուղը: Մատանու նյութը ձայնեղ է, այնսինքն մի տեղ ընկնելիս զրնգուն ձայն է հանում: Այսպես նաև հավատքը պետք է հայտնի դարձնել` ի լուր ամենքի:

Պսակի արարողության սկզբում հարսը կանգնում է փեսայի ձախ կողմը, ով իր աջ ձեռքով բռնում է հարսի աջ ձեռքը: Աջը խորհրդանշում է պատվավորն ու ճշմարիտը: Այսպես Աստծո աջ կողմում բազմյալ Միածին Որդին իր Աջով բռնել է Եկեղեցին, որ դեռևս աշխարհի ձախ կողմում է, մինչև որ Եկեղեցին, այսինքն` հավատացյալները, կազմեն վերին Եկեղեցին, և այն ժամանակ հավատացյալները կլինեն աջակողմյաններ, ըստ այն խոսքի, թե` «Բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր և փառքով ընդունեցիր ինձ» (Սաղմ. 72.23-24):

Ինչպես Աստծո Աջը առավ Ադամի ձախ կողը և կին արարեց, նույնպես և Աստծո Աջը, որ Միածին Բանն է, առավ ձախ կողը` Ադամի հանցավոր բնությունը, և մարդեղացման ժամանակ Իրեն միավորելով` եղավ անմեղ և անապական մարմնով` հանելով Ադամի բնությունը առաջվա աջակողմյան պատվին, ուր գտնվում էր առաջին մարդը նախքան իր մեղանչելը:

Երբ եկեղեցուց դուրս են գալիս, հարսը լինում է փեսայի ձախ կողմում, բայց երբ հարսն ու փեսան նստում են պատվավոր տեղում, հարսին արդեն նստեցնում են աջ կողմում: Սրա նշանակությունն այն է, որ դրախտում կինը Ադամի աջ կողմում էր, բայց երբ դրախտից արտաքսվեցին, կինը եղավ Ադամի ձախ կողմում և նրա անկման պատճառ:

Իսկ երբ Բանն Աստված ցանկացավ մարդ լինել, մեր ձախ բնությունը աջի փոխեց: Դրա համար կույսի արգանդի աջ կողմում բնակվեց, ինչպես որ ըստ կարգի բոլոր արու մանուկները մոր աջ կողմում են գոյավորվում, իսկ իգական սեռի մանուկները` ձախ կողմում: Նույնպես խաչի վրա Քրիստոս կամեցավ մեզ որպես որդիներ ծնել, որի համար Իր կողի աջակողմը բացեց նիզակով խոցվելով և Եկեղեցին Իր աջ կողմում շինեց:

Այսպես նաև մկրտության ավազանն է գտնվում եկեղեցիների աջ կողմում: Եվ դարձյալ երկրորդ փառավոր գալստյան ժամանակ Քրիստոս Իր աջ կողմում կհաստատի Սուրբ Եկեղեցին, ինչպես ասում է Ավետարանը (Մատթ. 25.31-33):