ՀԱՐԳԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Այն եզրահանգմանն ենք գալիս, որ համապատասխան իշխանությունն ընտանիքում, հասարակության և պետության մեջ հաստատված է մեր իսկ օգտի համար: Ի՞նչ չափով է անհրաժեշտ հարգանք ցույց տալ իշխանությանը:

Պողոս առաքյալն ասում է. «Ահա թե ինչու հարկեր եք վճարում. որովհետև նրանք Աստծու սպասավորներ են` այդ բանին կանխապես նշանակված: Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ` հարկը, որին մաքս` մաքսը, որին երկյուղ` երկյուղը, որին պատիվ` պատիվը» (Հռ. 13.6-7): Առաքյալը նաև նշում է. «Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում» (Հռ. 13.2):

Շատ զարմանալի է, երբ ընթերցում ենք այս խոսքերը` հատկապես անդրադառնալով, որ դա ասում է առաքյալը քրիստոնյաներին, ովքեր հալածվում էին իշխանություններից հավատքի համար: Կարող ենք առավել զարմանալ` ընթերցելով Պետրոս առաքյալի խոսքերը. «Ի սեր Տիրոջ հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության» (Ա Պետ. 2.13), «Ծառանե՛ր ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին» (Ա Պետ. 2.18):

Պատրանք է ստեղծվում, թե քրիստոնեությունն ինչ-որ կույր հնազանդության, ամեն չար իրողության հետ հաշտվելու կոչ է անում: Բայց Քրիստոսի համարձակ պայքարն անարդարությունների համար, օրենսգետների ու փարիսեցիների դատապարտումը (Մատթ. 23.1-36), տաճարից առևտուր անողների մտրակով վտարումը (Մատթ. 21.12-13, Մարկ. 11.15-16, Ղուկ. 19.45-46, Հովհ. 2.14-17) ցրում է այդ պատրանքը: Առաքյալների հորդորն ավելի խորը իմաստ ունի. եթե կարիք կա փոխելու իշխանությունը կամ հասարակարգը, դա պետք է անել ոչ թե բռնությամբ, այլ հոգու ուժով:

Առաքյալների հորդորը հիմնված էր Քրիստոսի ուսուցման և օրինակի վրա: Երբ Քրիստոսի վրա եկան Գեթսեմանիի պարտեզում, Պետրոսը թրով կտրեց մեկի ականջը, սակայն Տերը հանդիմանեց նրան և բուժեց տուժածին (Ղուկ. 22.50-51, Հովհ. 18.10): Պատմության իրադարձություններից մենք տեսնում ենք, թե ինչի են հանգեցրել բռնի կերպով, հեղափոխություններով իշխանություններ տապալելու, նոր կարգեր հաստատելու փորձերը:

1789 թ. ամենաառաքինի նշանաբանով` «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխությունը բերեց ավելի մեծ արյունահեղություններ և ավելի ծանր իրավիճակ: Նույնը եղավ նաև 20-րդ դարասկզբին բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, նույնն ենք տեսնում նաև ներկայումս արաբական աշխարհում իշխանափոխությունների արյունոտ պայքարների բովում, երբ նոր կարգերի հաստատումով շարունակվում են առավել արյունահեղություններն ու հակամարտությունները:

Իշխանություններին քրիստոնյաների հնազանդությունը վերջանում է այնտեղ, երբ ստիպում են ուրանալ Աստծուն: Այսպես Սուրբ Գևորգ, Սուրբ Սարգիս զորավարները հակառակվում են իշխանություններին, ջարդում են կուռքերը, այսպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով հավատարմությամբ ծառայում էր Տրդատ թագավորին, հակառակվում է` հեթանոսական կուռքերին զոհաբերություն անելու հրաման ստանալով:

Մենք տեսնում ենք, որ առաքյալները հեղափոխեցին ողջ աշխարհը` տարածելով քրիստոնեությունը: Մինչ հռոմեական հզոր կայսրության դեմ այլ երկրներ իրենց բանակներով չէին կարողանում դուրս գալ կամ միշտ պարտվում էին, քրիստոնյաներն իրենք մարդկանց փոխելով հաղթեցին կայսրությանը, քրիստոնյա դարձրեցին նույնիսկ կայսրերին: