ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԻՑ

Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս հարյավ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ.11. 25-26):

Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը:

Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել:

Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28):

Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»: