ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԻՑ

Աստվածորդին մարդացավ, ապրեց ու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):

Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության խնդիրները, շարունակական ջանքեր են պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ արդարության նկատմամբ, հաղթահարելու սոցիալական, տնտեսական և հայրենական ու ազգային կյանքում առկա այլ մարտահրավերները:

Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղությունների մեջ ծնվեց մեր Տերը, որպեսզի մենք Նրան ապավինությամբ նեղություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մեծահարուստ մոգերից պատվվեց, որպեսզի ունևորներն իրենց ունեցվածքը բարի ու աստվածահաճո գործերի ծառայեցնեն: Հովիվներից երկրպագվեց, որպեսզի բոլոր մարդիկ պարզասրտությամբ Տիրոջ առաջ խոնարհվեն և Նրա բերած շնորհներին արժանի դառնան: Քրիստոսի մարդեղությամբ վկայված Աստծո մշտական հոգատարությունը մեր հանդեպ վայելում ենք, երբ մեր հավատքը կյանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում միայն պատմություն ու հիշատակություն, միայն տոնախմբություն կամ խրախճանք, այլ՝ ապրում, ներշնչանք, մեծագույն խորհուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդյան տոնակատարումը, մեր աղոթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբյուր են բացում մեր առջև, բերում բերկրանքը երկնավորների հետ առ Աստված փառաբանության, կյանքը լցնում աստվածային ներկայությամբ, ընտանիքները՝ երկնային սիրով ու շնորհներով, աշխարհն ու մարդկությունը՝ հրեշտակների ավետած խաղաղությամբ ու հաճությամբ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո երկնառաք պարգևներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատգամն է, որ Քրիստոսի Ծննդյամբ սկսված նոր արարչության մեջ լինենք մեղքերից թոթափված նոր արարածներ: Մանուկ Հիսուսին ընդունելով մեր սրտերում՝ ամուր պահենք մեր հավատքը, բարեպաշտ ընթացքը, որպեսզի միշտ կարողանանք վայելել Աստծո հոգածությունն ու անսահման սերը: Քրիստոսի պատվիրանների իմացությունն ու կատարումը, սրտի մաքրությունը, հոգու խոնարհությունը, եղբայրսիրությունն ու ողորմությունը այն կարևոր ընծաներն են, որոնք այսօր Աստված ուրախությամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի և զմուռսի փոխարեն՝ որպես հաճելի նվերներ մանուկ Հիսուսին: