ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ, ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թարգմանություն ռուս փիլիսոփա Լև Շեստովի գործերից

Հավիտենության, ժամանակների և տարածությունների անսահմանության մեջ մեր գիտակից, կենդանի էությունը ենթարկվում է վիթխարի փոփոխությունների և դառնում բոլորովին ոչ այն, ինչ եղել էր երկրային սահմանափակ լինելիության ընթացքում:

Շատ բան վերանում է, շատ բան ներաճում է: Ինչ թվում էր ամենակարևորը, դառնում է երկրորդական և կորցնում ամեն նշանակություն: Ընդհակառակը, այն, ինչ նշանակություն չուներ, ելնում է առաջին տեղ:

Հիմա մեզ չնչին բան է թվում, որ մենք պատահաբար ճզմել ենք մեր ոտքերի տակն ընկած մրջյունին կամ փրկել ջրի մեջ ընկած զատիկին, բայց չափազանց կարևոր է թվում, որ «համաշխարհային պայքարում» ջախջախվել է Գերմանիան:

Բայց մեկ այլ հեռանկարում կարող է այնպես լինել, որ ճզմված մրջյունը կամ փրկված զատիկը ավելի կարևոր են, շատ ավելի կարևոր, քան մեծ մշակութային երկիրը: Դա արտասովո՞ր է թվում: Իհա՛րկե: Բայց այդպիսի բան մի՞թե երբեք չի եղել երկրի վրա:

Իսկ հետո, մի՞թե հակասական չէ անվերջ անցյալը, անվերջ ապագան, մեզ բոլորովին անհայտը, և այդ «հայտնի», բայց անորսալի ներկան`  սահմանափակված երկու հավիտենությունների միջև: Ի՜նչ պարզամտություն է հասկանալիություն պահանջել մետաֆիզիկական ենթադրություններից:

Անըմբռնելիությունը դրանց բնորոշ գիծն է: Եվ դրա համար, իհարկե, մենք չգիտենք` ինչ է պետք մեզանում պահպանել հավիտենության համար, ինչն արմատախիլ անել: Խորհուրդ է տրվում արմատախիլ անել «զգացմունքայնությունը» և պահպանել գաղափարները:

Ես մտածում եմ, որ այստեղ գործն ավելի բարդ է, քան մարդիկ պատկերացնում են, և հենց փիլիսոփայության այդ ընդհանուր տեղի առիթով իմ հերթին ինձ թույլ կտամ խորհուրդ տալ դեկարտյան կանոնը de omnibus dubitandum [կասկածել ամեն ինչի], մանավանդ որ Դեկարտն ինքը կասկածում էր ցանկացած բանի, միայն ոչ դրան: