ՀԱՎԱՏ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Սրբերի վկայաբանությունները, տարբեր հրաշքների մասին պատմությունները կարծես թե այս աշխարհից չլինեն, որովհետև առաջին հայացքից չեն առնչվում մեր սովորական առօրյայի, կենցաղի հետ և ինչ-որ տեղ օտար են թվում մեզ: Աստվածաշունչը, սակայն, շեշտում է, որ աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն Նրա իմաստությամբ, և այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջ (Ա Կորնթ. 1.21, 3.19):

Նախկինում մարդկանց իմաստություն էր տրված, որպեսզի ամեն ինչ` և՛ բնության երևույթները, և՛ տիեզերքը, և՛ մարդկային ներաշխարհի յուրահատկությունները քննելով հասնեին ճշմարիտ աստվածճանաչողության: Սակայն մարդիկ, իրենց տրված այդ իմաստությունն օգտագործելով, չկարողացան Ճշմարտությանը հասնել և հիմարության մեջ ընկան:

Ո՞վ կար արդյոք ավելի իմաստուն և միևնույն ժամանակ ավելի հիմար, քան հույները: Հույները մեծ իմաստության էին հասել գիտության, փիլիսոփայության և այլ բնագավառների մեջ, սակայն իրենց այս իմաստությամբ հանդերձ ընկել էին ամենամեծ հիմարության մեջ աստվածճանաչողության հարցում և պաշտում էին կուռքեր ու բնության տարբեր երևույթներ:

Այդ իսկ պատճառով հիմա աստվածճանաչողության հարցում բանականությունը մղված է ետին պլան: Այժմ Աստծուն ճանաչելու համար առավել կարևոր է սիրտը, ներքին վստահությունն ու հավատը: Դրա համար էլ աստվածային իմաստությունը, հրաշքները, հայտնությունները կարծես չեն համապատասխանում մեր մարդկային գիտության, մտածողության և ըմբռնողության չափանիշներին:

Սակայն հավատքով, սրտի վստահությամբ մարդը կարողանում է ճանաչել երկնայինը: Եվ այս վստահությունը մարդուն երբեք հուսախաբ չի անում: Աստված ապացուցում է մարդկանց, որ իրենց այս հավատքն ու վստահությունը դատարկ կամ անիրական հույսերի վրա չեն հիմնված, անկախ այն բանից համապատասխանու՞մ են մարդկային իմաստության կամ տրամաբանության չափանիշներին, թե՞ ոչ:

Հետևաբար, մարդկային իմաստության չափանիշներին անհամապատասխան գտնվելը երբեք չի կարող մեզ համար արգելք հանդիսանալ, որպեսզի մենք կորցնենք մեր սրտի վստահությունը, մեր հավատքը առ Աստված: Եվ ինչպե՞ս կարող է աստվածայինը տեղավորվել մարդկայինի չափանիշների մեջ. չէ՞ որ այն անհամեմատորեն ավելի մեծ է և ավելի ընդգրկուն:

Եվ ահա երբ որ աստվածային իմաստությունը կամ սուրբգրային պատումները զարմանալի հրաշքների մասին ձեզ երբևէ անհեթեթություն թվան, այդ պահին մտածեցեք, որ դրանում երևում է ոչ թե անտրամաբանությունը, այլ երկրայինի շատ նեղ չափանիշներից աստվածայինի անհամեմատորեն շատ ավելի վեր ու շատ ավելի բարձր գտնվելը: