ՀԱՎԱՏՔ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կրոնին
հատուկ է պահպանողականությունը, դրան հակառակ գիտությունը կատարում է շրջադարձային քայլեր: Արդյո՞ք հավատքն ու գիտությունն այսօր չեն հակասում իրար:

Կրոնը (նկատի ունենք քրիստոնեությունը), որի մասին խոսում ենք, պահպանողական է միայն կրոնական բարձր արժեքները և գաղափարները պաշտպանելու և դրանց խեղաթյուրումը կանխելու մեջ: «Պահպանողական» հասկացության տակ երբեմն նկատի առնվող հետադիմությունը հատուկ չէ քրիստոնեությանը:

Այլ հարցերում քրիստոնեությունը միշտ եղել է արդիական, յուրաքանչյուր ժամանակաշրջանում բերել իր համապատասխան հորդորներն ու պատասխանները` ըստ Սուրբ Գրքի: Հավատքն ու գիտությունը երբեք չեն հակասել իրար, որովհետև բոլոր մեծ գիտնականները գրեթե բոլոր ժամանակներում եղել են հավատացյալ այն իմաստով, որ առնվազն խոստովանել և հայտարարել են գերբնական ուժի գոյությունը:

Եթե օրինակի համար վերցնենք միջնադարից սկսվող ժամանակաշրջանը մինչև մեր օրերը, կտեսնենք, որ բոլոր ակնառու, նշանավոր գիտնականները հավատացյալներ են եղել, եթե ոչ քրիստոնեական իմաստով, ապա գոնե հավատացել են գերբնականի գոյությանը և տիեզերքի` գերբնական բանականության կողմից ստեղծված լինելուն:

Օրինակ` Գալիլեյից մինչև Նյուտոն և ապա 20-րդ դարում` Էյնշտեյն և ուրիշներ հավատացել են Աստծո գոյությանը: Իսկ քրիստոնեական կրոնը և գիտությունը կամ դրա բացահայտումները հիմնական անհամապատասխանություններ չեն ունեցել, դեռ ավելին, կրոնը տալիս է ավելի շատ պատասխաններ, քան ունի գիտությունն իր կողմից ուսումնասիրվող իրերի ու երևույթների մասին:

Գիտությունն այսօր էլ չի կարողանում ամբողջականորեն բացատրել տիեզերքի ծագման, կյանքի առաջացման հարցերը, այլ պարզապես առաջ է քաշում տեսություններ, որոնք սպառիչ պատասխաններ չեն բերում: Սուրբ Գիրքը գիտական հիմնական տեսակետներին չի հակադրվում:

Օրինակ` գիտության կարծիքը աշխարհի փուլային առաջացման ու զարգացման մասին համապատասխան է Սուրբ Գրքի վկայությանը: Աստվածաշունչը խոսում է տիեզերքը և աշխարհը օրերի ընթացքում ստեղծվելու մասին, բայց այդ օրերը որոշակի շրջաններ են ենթադրում և ոչ թե մեր պատկերացրած օրերը, որոնք քսանչորսժամյա հատված են ներկայացնում, քանի որ մեր ընկալմամբ օրը կապ ունի Արեգակի նկատմամբ Երկրի պտույտի հետ: Աստվածաշունչը ևս նշում է, որ այդ օրերը խորհրդանշական ժամանակահատվածներ են, որովհետև Արեգակն ստեղծվեց միայն չորրորդ օրը (Ծննդ. 1.16-19):

Կրոնի և գիտության հակասություն եղել է միջնադարում, հատկապես արևմտյան Եվրոպայում, երբ Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականներն իրենց հետադիմական հայացքների պատճառով հալածում էին գիտական տեսակետներ ունեցողներին և այրում ինկվիզիցիայի խարույկների վրա:

Մինչդեռ հայ իրականության մեջ տեսնում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է գիտության օրրանը, հովանավորն ու զարգացնողը: Եվ գիտությունը` լինի պատմաբանություն, լեզվաբանություն, մաթեմատիկա, տոմարագիտություն, տիեզերաբանություն և այլն, զարգանում էր Եկեղեցու ծոցում և հենց եկեղեցականների կողմից, քանի որ Եկեղեցու վարդապետներն էին զարգացնում գիտության տարբեր ճյուղերը: