ՀԱՎԱՏՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաճախ ասում են, թե հավատի միջոցով մարդն ընդամենը փորձում է հաղթահարել սեփական կեցության անցողիկությունը, բարձրանալ բացարձակի մակարդակի և դրանով իսկ սեփական գոյությանը տալ կայունություն, իմաստ և նշանակալիություն: Ո՞րն է այս տեսակետի եկեղեցական պատասխանը:

Այս երեքն էլ կարող են ճիշտ նկատվել, եթե ավելի կրոնական ձևակերպումներ տանք տվյալ հարցի մեջ ներկայացված մտքերին: Հավատացյալ մարդը ձգտում է հաղթահարել իր անցողիկությունը և գնալ դեպի հավիտենություն ու արժանանալ հավիտենական կյանքի:

Բարեպաշտ մարդը ձգտում է նաև Քրիստոսի պատվերի համաձայն լինել կատարյալ, ինչպես որ Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.48), և սեփական գոյությունն իմաստավորել Աստծո հետ հաղորդակցությամբ` Նրա կամքի համաձայն ապրելով: Սակայն ընդունելի չէ շահամոլությունը հավատքի մեջ:

Մարդիկ կան, որոնց համար հավատքը դառնում է առևտրի առարկա: Աղոթքով դիմում են Աստծուն` ասելով. «Ես այս բարի գործն եմ արել, Դու էլ ինձ համար այս կամ այն արա»: Եվ կամ բարեպաշտ կյանքով են ապրում կամ էլ բարեգործություն անում նրա համար, որ Աստծուց ավելի մեծ ողորմությունների արժանանան: Այսպիսով, հավատքը առևտուր է դառնում Աստծո հետ, ինչն ընդունելի չէ:

Մարդու աստվածահաճո կյանքը պետք է լինի իր կենսակերպը, որի արդյունքում կարժանանա աստվածային ողորմությունների ու պարգևների, և ոչ թե նպատակ հետապնդի ներկա կյանքում հոգևոր ոլորտի միջոցով զգացական կամ նյութական իրողություններով շահույթ ունենալու: