ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչ է հավատքը: Ո՞րն է հավատի իմաստն ու նշանակությունը:

Մարդկության պատմության մեջ` սկսյալ հնագույն ժամանակներից, մարդը մինչ այսօր ձգտում ունի դեպի Աստված, որովհետև միշտ եղել են հավատացյալ ժողովուրդներ, հասարակություններ, իսկ անհավատները, աթեիստները բացառություններ են կազմել այդ ժողովուրդների մեջ: Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթում հավատի էության վերաբերյալ հարց է առաջ քաշում և ինքն էլ տալիս է պատասախանը` ասելով. «Հավատը հուսացված բաների հաստատումն է և ապացույցը այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11.1): Իհարկե, այստեղ առաքյալը չի խոսում այն ապացույցի մասին, որ ուզեց Թովմաս առաքյալը հարություն առած Քրիստոսին կամ Քրիստոսի Հարությանը հավատալու համար (Հովհ. 20.24-25):

Թովմաս առաքյալը ցանկացավ նյութական ապացույցներ, իսկ Պողոս առաքյալը խոսում է հոգևոր իրողությունների շրջագծում առկա ապացույցների մասին: Հավատացյալ մարդը, ունենալով կրոնական զգացողություններ, Աստծո հետ հարաբերության փորձառություն, դրանք իր համար դիտարկում է ապացույցներ հոգևորի, Աստծո մասին:

Հավատի վերաբերյալ առաքյալի սահմանումը հակիրճ է: Այն ընդլայնելով` կարող ենք ասել, որ «հավատ» և «վստահություն» բառերը հոմանիշներ են, որով և հավատը վստահություն է որևէ վկայության հանդեպ, լինի այն գրավոր, թե բանավոր: Հավատի մեջ կարևոր տեղ ունի մարդու անձնական կամքը, որով մարդն ընտրում է վստահություն ցուցաբերելը իրեն հայտնած այս կամ այն վկայության հանդեպ: Կրոնական իմաստով այդ վկայությունը վերաբերում է գերբնական իրողություններին:

Հավատը մարդուն փրկում է անհուսությունից կյանքի ընթացքում և հատկապես կյանքի վախճանին, որովհետև անհավատի համար իր կյանքի վախճանը կորչում է անհուսության, ոչնչացման մեջ, իսկ հավատացյալի համար երկրային կյանքի վախճանով սկսվում է հավիտենական կյանքը:

Հավատի սկզբնավորման հիմք են ծառայում բնական և գերբնական հայտնությունները: Բնական հայտնությունը տիեզերքի, բնության առկայությունն է, որը դիտելով` մարդը հասկանում է, որ դրանք ստեղծվել են աստվածային բանականության միջոցով: Իսկ գերբնական հայտնությունն Աստծո մասնակի և ուղղակի հայտնությունն է, որ լինում է առանձին անձանց, սրբերի: Դրա մասին կարդում ենք Սուրբ Գրքում, սրբերի վարքագրություններում: Այդպիսի հայտնություն է նաև հենց Սուրբ Գիրքը, որը բերում է վկայությունը Աստծո գոյության, Աստծո կողմից տիեզերքի, մարդու ստեղծման և աստվածային նախախնամությամբ ողջ արարչագործության հանդեպ խնամքի մասին:

Հավատը բնածի՞ն երևույթ է, թե՞ այն ձևավորվում, դաստիարակվում է տարիների ընթացքում:

Այս մասին երկու տեսակետներ կան, որոնք լրացնում են միմյանց: Սուրբ Գրիգոր Տաթևացին Մկրտության խորհրդի բացատրության մեջ ասում է, որ մարդու հավատը հաստատվում է մկրտության խոհրդի ժամանակ: Երբ դառնում ենք դեպի արևմուտք, որը չարի, խավարային գործերի խորհրդանշանն է, և հրաժարվում ենք սատանայից ու ապա դառնում դեպի արևելք և խոստովանում հավատի հանգանակը, այդ ժամանակ մկրտվողի հոգում հաստատվում է հավատը: Բոլոր չափահաս տարիքում մկրտվածները եկեղեցում՝ սուրբ խորանի առջև, խոստովանել են հավատքը և դրանով ուխտել հավատարիմ մնալ այդ հավատքին:

Ինչ վերաբերում է փոքր երեխաներին, ապա նրանք մկրտվում են իրենց ծնողների հավատով և նրանց պարագայում հատկապես, եկեղեցական սուրբ հեղինակի խոսքով, երբ մկրտվում են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց մեջ ծածկապես ծագում է հավատի լույսը: Այսինքն` նաև այս տեսակետի համաձայն` հավատը շնորհ է, որ տրվում է մարդուն Աստծո կողմից: Դա նշանակում է, որ բոլոր մարդիկ ունեն հավատք ունենալու կարողությունը, բայց արդյո՞ք բոլորն են, որ ունեն դրա ցանկությունը: Մարդիկ կան, որ մերժում են հավատքը: Այդպիսիները, սակայն, առանձին անհատներ են և ոչ` հասարակություններ կամ ժողովուրդներ:

Մյուս կարծիքն արտահայտում է Պողոս առաքյալը` ասելով, որ հավատքն առաջանում է լսելուց, այսինքն` վկայությունից և մարդու անձնական ընտրությունից` այդ վկայությանը վստահելու: «Իսկ ինչպե՞ս կանչեն նրան, ում չհավատացին. կամ` ինչպե՞ս հավատան, ում մասին չլսեցին. կամ` ինչպե՞ս լսեն առանց մեկի քարոզելուն: Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը` Քրիստոսի խոսքից» (Հռոմ. 10.14, 17),- ասում է առաքյալը: Հավատքը մեծ զգացմունք է, սեր, հավատարմություն, որդիական նվիրում Աստծո հանդեպ:

Կարդալ նաև`