ՀԱՎԱՏԱԼ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Դարավոր փորձառությունն ապացուցել է, որ երջանկությունն այս աշխարհից չէ, որովհետև ամեն բարիք և վայելք իրենց վախճանն ունեն։ Եվ մարդկային իմաստությունը սրա դեմ ոչ մի դարման ցույց չի տալիս։ Միայն կրոնն է մարդուն խոստանում և երաշխավորում այնպիսի ապագա, որը վարձատրում է ներկա թշվառությունները։

Մեզ բոլորիս երբեմն զարմանալի է թվում սրբերի պատրաստակամությունը մահվան գնալու։ Սակայն սրբերը մեծագույն հավատքով գիտեին, որ իրենք ոչ թե մահվան էին գնում, այլ մահվան միջոցով գնում էին հավիտենական երջանկության։ Մենք բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք, և այս մասին միտքը երբեմն վախեցնում է մեզ։

Սակայն, ինչպես ասում է մեծ մտածողը, Աստված այս կյանքի սահմանից այն կողմ դրել է մի սքանչելիք, որը քաշում, հրապուրում է մեզ, որպեսզի պակասեցնի մեր սարսափը գերեզմանից։ Նույնպես երբ մի մայր ուզում է իր երեխային անցկացնել մի արգելքի վրայից, նա մյուս կողմից նրան մեկնում է գրավիչ մի առարկա, որպեսզի ստիպի համարձակ անցնելու այդ արգելքը։

Երբեմն կրոնի կամ Աստծո գործունեության մեջ մեզ համար շատ բաներ անհասկանալի են, սակայն հետևյալ հիանալի խոսքերը բացատրում են շատերիս անհասկացողության պատճառը.

«Տեր իմ, ես չեմ փորձում թափանցել Քո վեհությանդ մեջ, քանզի իմ հասկացողությունն այդչափ բարձր չէ: Սակայն փափագում եմ որոշ չափով հասկանալ Քո  ճշմարտությունը, որին հավատում եմ և որը սիրում է սիրտս: Որովհետև ես չեմ ջանում հասկանալ` հավատալու համար, սակայն հավատում եմ, որպեսզի կարողանամ հասկանալ: Որովհետև հավատում եմ նաև այն բանին, որ մինչև չհավատամ, չեմ հասկանա»: