ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Հայ հոգևորականությունը մեծ առաքելություն է իրականացրել ազատագրական շարժումների կազմակերպման ու ղեկավարման գործում: Ազատագրական շարժումների կազմակերպողներից ու ղեկավարներից մեկը եղել է Ներսես Աշտարակեցի արքեպիսկոսը, հետո` կաթողիկոս (1843-1857): 1826 թ. հուլիսի 20-ին Ներսես արքեպիսկոպոսը մի ընդհանուր շրջաբերական սփռեց, որով հորդորում էր հայերին դիմադրել պարսիկներին և հուսադրում էր նրանց` ասելով, որ եկել-հասել է ժամը, երբ հայերը «պիտի տեսնեն Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատությունը: Հասել է ժամը, երբ Մայր Աթոռը պիտի վերականգնի իր վաղեմի անկախությունը, ոտքի կանգնեցեք, հայոց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրեք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցեք հայրենի հողերը և ապա ապրեցեք ազատ: Ժամ է արդեն, օ՜ն անդր, այժմ կամ երբեք»:

Ներսես արքեպիսկոպոսը գնդեր կազմակերպեց, Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանն էլ 500 հոգուց բաղկացած մի հեծելագունդ կազմեց Ղարաբաղի հայերից: Այդ հետևակ ու հեծյալ գնդերն էին, որ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում անգնահատելի ծառայություններ մատուցեցին հաղթանակի հասնելու համար: Հայ հոգևորականության և հայ զինվորության այդ օրինակը մեծապես ազդեցություն ունեցավ նաև հայ ազգաբնակչության վրա: Բոլոր հայերը, ինչով կարողացան, նպաստեցին պարսից դեմ հաղթանակին:

1877-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերի բանակում գտնվում էր Մուսա Կոնդուխով անունով մի գեներալ, որը Ռուսաստանից գաղթելով` թուրքերի մոտ զինվորական ծառայության էր մտել և մի հեծյալ գունդ կազմելով` ռուսների համար շատ աննպաստ դիրք էր բռնում պատերազմի ժամանակ, մեծ վնաս հասցնում ռուսներին: Բայց վերջապես գեներալ Լորիս-Մելիքովին հաջողվեց նրան պարտության մատնել և այդ հաջողության համար պարտական էր հատկապես Կարսի Սանջախի Բերն գյուղի քահանայի ցուցումներին: «Կոնդուխովին մեր տված ջարդը մենք պարտական ենք հիշյալ քահանայի` մեզ տված ճիշտ տեղեկություններին: Քահանան միանգամայն արդարացրեց մեր հույսերը»,- հաղորդում է զորականը: Հայ աշխարհականների հետ ռուսներին մեծապես օգնում էր նաև հայ հոգևորականությունը: Այսպես Կարինի առաջնորդ Գրիգոր վարդապետ Աղվանյանը, որ բնիկ Վանից էր, շարունակ գաղտնի գրագրություն ուներ Լորիս-Մելիքովի հետ և նրան տեղեկություններ էր հաղորդում Կարսից:

Հայերի վիճակը բարելավելու համար Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ներսես Վարժապետյանը (1874-1884) միայն միջազգային ասպարեզի գործունեությամբ չէր բավականանում: Ներսես Պատրիարքը նույնիսկ դիմել էր Թուրքիայի գլխավոր կրոնավորին` շեյխ-ուլ-իսլամին, որպեսզի նա հորդոր կարդա թուրք շեյխերին և զսպի նրանց կրոնական մոլեռանդությունը: Սուլթանին ուղղված Պատրիարքի խիստ գրություններից հետո Աբդուլ Համիդը Պատրիարքին պալատ հրավիրեց, սիրալիր ընդունելություն ցույց տվեց, տեղի ունեցած աղետների համար ցավ հայտնեց, խոստացավ ջարդարարների գլխավորներին պատժել: Ի վերջո Ներսեսի կուրծքը առաջին կարգի օսմանիե շքանշանով զարդարելով` արձակեց: Ահա այսպես են սուլթանից երբեմն շքանշան ստացել. երբ Պատրիարքը բողոքել է, խստորեն պահանջել, նրան ասվել է, որ կառավարությունը կապ չունի այդ խժդժությունների հետ, ավազակախմբերն են դրանք իրագործողը, որոնք կպատժվեն կառավարության կողմից, և փորձելով մեղմել իրավիճակը` Պատրիարքին սիրաշահել են:

Ներսես Պատրիարքը, տաճկահայաստանի ազատագրության համար մտահոգ, կապ էր պահպանում ռուսական կողմի հետ: Բայց Հայոց Պատրիարքի և Ադրիանապոլսի ռուսական բանակատեղիի միջև հարաբերությունները շատ գաղտնի էր կատարվում: Ներսես Պատրիարքի հանձնարարականով ու լիազորությամբ Ադրիանապոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսճուգլյանը հայության և Հայաստանի ազատագրության հարցով տեսակցում և բանակցում էր Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Իգնատևի հետ, նրա պատասխաններն անմիջապես փոխանցում Ներսես Պատրիարքին: Նաև թուրքական հայ պաշտոնյաներ Պատրիարքի 1878 թ. հունվարի 31 թվակիր հանձնարարական նամակով մեկնեցին Ադրիանապոլիս` արտաքուստ իբրև թուրքական պաշտոնյաներ Օսմանյան լիազորների տրամադրության տակ, իսկ ծածկաբար` իբրև Հայոց Պատրիարքի լիազորները ռուսական հրամանատարի մոտ:

Հայոց ազատագրությամբ մտահոգված մեկ այլ հոգևորական՝ Խորեն եպիսկոպոս Նարբեյը Պատրիարքի գիտությամբ մեկնեց Օդեսա և Պետրոգրադ` ռուս կառավարության աջակցությունը խնդրելու Հայաստանի համար, որպեսզի ռուսական զորքը Հայաստանում իր գրաված տեղերից չհեռանա, մինչև որ Հայաստանի ինքնավարությունն իրագործվի: Խորեն եպիսկոպոսը Հայաստանի բարեփոխման ծրագիրը ներկայացրեց ռուս արքունիքին, որի մոտ մուտք գործեց իր բարեկամ դեսպան Իգնատևի միջոցով: Իգնատևը Նարբեյին ներկայացրեց Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Գորչակովին` խոսելով հայկական խնդրի լավագույն լուծման մասին: Գորչակովը Խորեն եպիսկոպոսին ներկայացրեց կայսերը, որը հայտնեց, թե` «տեսա ձեր հիշատակագիրը, և եթե քաղաքական հանգամանքները ներեն, կամենում եմ, որ ապագայում հայերը գոհ լինեն»:  Որոշ խոսակցությունից հետո Խորեն եպիսկոպոսը կայսրից ցանկացավ իմանալ, թե արդյոք կարո՞ղ է ավետել իր համազգայիններին կայսեր այս «սիրալիր համակրանքն ու խոստմունքը»: Կայսրը պատասխանեց. «Ասացեք համազգայիններիդ, որ ես սիրում եմ հայոց ազգին»: Այս ամենից հետո կայսեր մոտ ընդունելությունը վերջացավ:

Կայսեր սիրալիր ընդունելության մասին Խորեն եպիսկոպոսն անմիջապես հեռագրեց Պոլիս Պատրիարքին: Նարբեյի գտնվելը Ռուսաստանում առաջ բերեց թուրքական կառավարության զայրույթը, որը նկատի ունենալով` Ներսես Պատրիարքը համապատասխան հրահանգ ուղարկեց նրան` դեռ Կ.Պոլիս չվերադառնալու: Եվ Նարբեյը Պետերբուրգից մեկնելով անցավ Եվրոպա և միացավ Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյանին, որը Բեռլինի վեհաժողովի գումարմանը հայակական խնդրի ներկայացման հարցերով էր այնտեղ գտնվում:

Այս առիթով Ներսես Պատրիարքն իսկույն ձեռնարկել էր դիմում անել մեծ տերություններին: Դիմումի նպատակն էր աշխատել, որ ոչ միայն 16-րդ հոդվածը չհանվի Սան Ստեֆանոյի դաշնագրից, այլ ավելի մեծ ընդլայնում ստանա ի նպաստ հայերի, այսինքն` ինքնավարություն երաշխավորվի Հայաստանին: Ուստի մեծ փութով Հայաստանի վիճակագրությունը և քարտեզն էլ պատրաստվեց, որպեսզի պետությունները խնդիրը չդատեն միայն թուրքական աղբյուրների հիման վրա, այլ փոքրիշատե ճիշտ գաղափար կազմեն հայաբնակ նահանգների աշխարհագրական դիրքի, ազգաբնակչության թվի և բնակիչներից տեղական բաժանումների մասին:

Սան Ստեֆանոյի դաշնադրությունից անմիջապես հետո կանոնավոր հեղափոխական շարժումներ սկսվեցին Տաճկահայաստանում: Կովկասում ստեղծվեցին հեղափոխական կուսակցություններ` հնչակյան, դաշնակցական և այլ խմբավորումներ, որոնք անցան գործունեություն իրականացնելու Հայաստանի արևմտյան մասում: Որոշ հայ կուսակցությունների գովելի առաքելության պատմության մեջ կան սև էջեր, որոնք հաճախ բարձրաձայն չեն ընթերցվում: Հեղափոխական կուսակցականների գործողությունները ժամանակ առ ժամանակ ուղեկցվում էին ոչ միայն հայերին կեղեքողների, այլև երբեմն ազգակիցների, հոգևորականների դեմ ահաբեկության, սպառնալիքների, բռնությունների, եկեղեցական սրբությունների ոտնահարման, անգամ Հայ Եկեղեցու եպիսկոպոսների սպանության մերժելի երևույթներով: Հեղափոխական կուսակցությունները առիթ եղան արկածախնդիրներին և հանցավոր տարրերին ևս մտնելու այդ շարժումների շրջանակից ներս:

Քրդերի վայրագությունների վրեժը լուծելու համար մի քանի հարյուր կովկասահայ զինված երիտասարդներ ռուս-թուրքական սահմանագլխի վրա գտնվող Իգդիր քաղաքից Տաճկահայաստան անցան: Նրանցից ինը հոգի մի քահանայի հետ Վան գնացին և տեղի երիտասարդության օգնությամբ «Սև խաչ» անվան տակ գաղտնի մի կազմակերպություն հիմնեցին: Հեղափոխական մտքերով տոգորված կուսակցությունները ձեռնարկեցին նաև ցույցեր կազմակերպելու գործին, որոնք, սակայն, կոտորածների նոր առիթներ տվեցին թուրքական կառավարությանը:

(Շարունակելի)

Կարող եք ընթերցել նաև՝