ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Հայ կնոջ դերը մեծ է եղել ընտանիքի պահպանման, զավակների կրթության, դաստիարակության հարցում, նախկինում` նաև եկեղեցական կյանքում: 8-րդ դարում Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է կին շարականագիր՝ Սահակադուխտ Սյունեցին, ինչպես նաև գրչուհիներ ու կույսեր, ովքեր իրենց կյանքը նվիրել են Եկեղեցուն, հավատքին: Ինչո՞ւ նրանցից շատ տեղեկություններ չեն պահպանվել:

Մեր շարականագիրները հիմնականում եղել են Կաթողիկոսներ, ազգային-եկեղեցական նշանավոր գործիչներ, և նրանց մասին լայն տեղեկությունները պայմանավորված են նրանց առաքելության կարևորությամբ, որոնց մասին հիշատակել են պատմիչները:

Կին շարականագիրների մասին տեղեկությունները սակավ են, որովհետև նրանք լայն գործունեության շրջանակ չեն ունեցել, եղել են միանձնուհի կամ ընտանեկան շրջանակի անձ: Կին շարականագիրներից հայտնի են Սահակադուխտը և Խոսրովիդուխտը:

Սահակադուխտը Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրն էր, Ստեփանոս Սյունեցու քույրը, ով վաղ հասակից կուսության ուխտ անելով` մինչև մահը ճգնել է Գառնիի կիրճի քարանձավներից մեկում: Իսկ Խոսրովիդուխտը Սուրբ Վահան Գողթնեցու քույրն է, ում գրած շարականը նվիրված է իր եղբորը, և եկեղեցիներում երգվում է Վահան Գողթնեցու տոնի օրը:

Հայ գրիչների հետ եղել են նաև կին գրչուհիներ: Մինչ այժմ հայտնի են 22 կին գրչուհիներ, ովքեր մեծ մասնակցություն են ունեցել ձեռագրերի ընդօրինակման և նկարազարդման աշխատանքների մեջ: Հայտնի է Վասպուրականի Գագիկ թագավորի կին Մլքե թագուհու Ավետարանը, ով այդ Ավետարանը պահպանել է և հանձնել եկեղեցուն, հորդորել իր ամուսնուն կառուցել Վանի Սուրբ Խաչ եկեղեցին, որի վրա և պահպանված է թագուհու պատկերաքանդակը:

Թագուհին ներկա է գտնվել բարձրաստիճան հյուրերի, դիվանագետների ընդունման արարողություններին, բանակցություններին: Սյունյաց Մարիամ իշխանուհին կառուցել է Սևանավանքի Սուրբ Առաքելոց, Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Սանահինի վանքի Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է Աշոտ Գ Ողորմած թագավորի կին Խոսրովանույշը, գրատունը` Հրանուշ թագուհին: Խոսրովանույշը կառուցել է նաև Հաղպատավանքի Սուրբ Նշան եկեղեցին:

Մեր պատմիչները հիացմունքով են խոսում կանանց մասին, ովքեր տղամարդկանց հետ կողք կողքի պայքարել են նաև հավատքի ու հայրենիքի պաշտպանության համար: Սամուել Անեցի պատմիչը հիշատակում է Այծեմնիկ անունով հայուհուն, ով հերոսաբար պայքարում էր Անիի պաշտպանության համար, Սուրբ Եղիշե պատմիչը մեծ հիացմունքով է խոսում Վարդանանց պայքարին կանանց մասնակցության մասին` նրանց անվանելով հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, ովքեր, իրենց փափկությունը մի կողմ դնելով, կնոջ բնությանն ու ֆիզիկական կառուցվածքին հատուկ տկարությունը մոռանալով, ամենայն քաջությամբ լծվեցին պայքարի գործին:

Եկեղեցական տոնացույցում ընդգրկված են նաև կին սրբուհիներ, ովքեր քրիստոնեական կյանքի օրինակ են ծառայում տղամարդ և կին բոլոր քրիստոնյաների համար:

Այսպիսով, Եկեղեցու կողմից կանանց սրբադասումը, մեր պատմիչների մեծ հիացմունքը, հասարակական և հայրենիքի պաշտպանության գործին տղամարդկանց կողքին նաև կանանց մասնակցությունը, Եկեղեցու ծիսական արարողակարգում նաև կանանց ստեղծագործությունների ներգրավումը և նրանց ստեղծագործությունների կանոնականացումը ցույց են տալիս, որ հայ կյանքում մեր նախնիները հեռու են եղել կանանց ստորակարգելու ընթացքից, և մեծապես գովելի են համարել նաև կանանց ազգօգուտ ու օգտաշատ գործունեությունը: