ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Սուրբ Պսակը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է: Ինչո՞ւ է այր ու կնոջ ամուսնությունը քրիստոնեության մեջ համարվում խորհուրդ` Սուրբ Պսակ անունով:

Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ, որոնք են` Մկրտություն, Դրոշմ, Հաղորդություն, Ապաշխարություն, Պսակ, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում: Այս խորհուրդները կատարվում են մարդու կյանքի կարևոր հանգրվաններում և հավատացյալին արժանացնում աստվածային օրհնություններին ու շնորհներին:

Սրանք կոչվում են խորհուրդ, որովհետև առնչություն ունեն ոչ թե տրամաբանությանը կամ գիտելիքներին, այլ խորհրդավոր կերպով գերբնական իրողություններին հաղորդվելու հետ: Եվ քանի որ անբացատրելի ու անտեսանելի են դրանց ազդեցության, ներգործության ձևերը, դրա համար էլ խորհուրդ են, խորհրդավոր են իրենց էությամբ:

Եկեղեցու մեծագույն խորհուրդներից է Սուրբ Հաղորդությունը, երբ նվիրագործվող հացն ու գինին Սուրբ Պատարագի արարողության ժամանակ օրհնությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ փոխարկվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան: Այդ փոխարկման ընթացքը, ձևը մենք չենք տեսնում, մեզ համար մնում են խորհրդավոր, դրա համար էլ խորհուրդ է անվանվում:

Նմանապես Պսակի արարողության ժամանակ Աստված շնորհներ է տալիս նորապսակներին, նրանց Իր օրհնություններով միացնում սուրբ ամուսնությամբ: Քրիստոս ասում է. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19.6, Մարկ. 10.9): Աստծո կողմից պսակվողներին միացնելը, նրանց վրա երկնային շնորհների իջնելը, ներգործելը մենք չենք տեսնում, բայց հավատում ենք դրան, որով նաև Սուրբ Պսակն է խորհուրդ:

Հավատքը տարբերվում է գիտելիքից: Երբ մեկը մեզ ասում է, որ իր ձեռքում ինչ-որ բան կա, հավատում ենք, բայց երբ նա ասելուց հետո ձեռքը բացում և ցույց է տալիս, մենք արդեն ոչ թե հավատում ենք, այլ գիտենք: Ահա այսպես էլ խորհուրդը կապ ունի ոչ թե գիտելիքի, այլ հավատքի հետ, որով արտահայտում ենք նաև մեր մեծ վստահությունը Աստծո, Նրա խոստումների, Նրա խորհրդավոր և մարդկային մտքի համար անըմբռնելի ու տրամաբանությամբ անբացատրելի ներգործության հանդեպ: 

image196Հայ ընտանիքն ինչո՞վ է առանձնանում կամ տարբերվում այլ ազգերի ընտանիքների մոդելներից:

Պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել հայ ընտանիքի բնութագիրը այլ ազգերի ընտանիքների հետ համեմատությամբ: Օտար ժողովուրդների մեջ էլ կան բազում ընտանիքներ, որոնք ապրում են քրիստոնեավայել կյանքով կամ հիմնված են սիրո, առաքինության, երեխաների հանդեպ հոգածության և տարեցների նկատմամբ խնամքի վրա:

Սակայն աշխարհում այսօր նկատելի է ընտանիքի ավանդական պատկերացման աղավաղումը, երբ սեռական փոքրամասնությունների համատեղ կեցությամբ և որոշ երկրներում նրանց թույլատրվող որդեգրման հետևանքով երեխան ունենում է ոչ թե հայր կամ մայր, այլ երկու մայրեր կամ երկու հայրեր, և նույնիսկ արդեն պետական գրանցումներում դուրս է մղվում «հայր» կամ «մայր» անվանումը` փոխարինվելով ծնողների համարակալմամբ:

Հայ հասարակության մեջ թերևս ավելի է շեշտված ընտանիքի նվիրական լինելու գաղափարը, ընտանեկան ավանդույթները պահելու նախանձախնդրությունը: Հատկապես հայ կանայք նախանձախնդիր են ոչ միայն հայ, այլև հայ քրիստոնեական ընտանիք հիմնելուն: Ռուս Եկեղեցու աստվածաբաններից մեկը, անդրադառնալով ընտանիքների հարցին, հատկապես շեշտել է հայ կանանց յուրահատկությունը, ովքեր նույնիսկ օտարների հետ ամուսնության դեպքում մեծ նախանձախնդրություն են ցուցաբերում իրենց զավակներին մեծացնելու որպես Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ, ինչպես նաև իրենց ամուսիններին հակում դեպի Հայ Եկեղեցին:

Քիչ չեն դեպքերը, երբ այլազգի ամուսիններն իրենց հայ կանանց հետ այցելում են հայ եկեղեցիներ և խնդրում իրենց զավակներին մկրտել հայկական եկեղեցում, նաև ամուսիններն են երբեմն դառնում Հայ Առաքելական Եկեղեցու անդամ: Սա մեր կանանց առանձնահատուկ բարեպաշտության և հայ քրիստոնեական ընտանիքի գաղափարին մեծագույն նվիրվածության դրսևորում է:

Նախկինում նահապետական ընտանիքներում գրեթե բացառվում էր ամուսնալուծությունը, որովհետև այն ժամանակ ամուսնալուծությունը չէր քարոզվում, և մարդիկ ջանում էին միասնաբար ապրել ու աշխատել սիրո, համերաշխության, հնազանդության մեջ, միասին մեծացնել երեխաներին, օգնել նրանց կազմելու իրենց սեփական ընտանիքը:

Այսօր բավականին մեծ հնչողությամբ քարոզվում է ամուսնալուծությունը ներկայիս ազատականությամբ, ինչպես նաև նման բարքեր ջատագովող տարբեր օտարերկրյա ֆիլմերի, հեռուստասերիալների միջոցով: Սակայն հայ հասարակության մեջ ընտանիքը միայն դրական լույսի ներքո չէ: Հայ ընտանիքներում էլ լինում են երեխաների ծեծ, բռնություն, կանանց հանդեպ բռնության դեպքեր, ինչի վկայությունը կանանց պաշտպանության կենտրոնների գործունեության զբաղվածությունն է:

Արտագնա աշխատանքը ևս վնասում է ընտանիքներին: Հայաստանի ներկա պայմաններից ելնելով, երբ առկա է մեծ չափերի հասնող գործազրկությունը, բազմաթիվ հայրեր, ընտանիքը պահելու, նյութապես ապահովելու համար մեկնում են այլ երկիր, հատկապես Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

Այդ արտագնա աշխատանքը տևում է մինչև մեկ տարի, հայրերն ընդամենը մեկ կամ մի քանի ամսով վերադառնում են տուն` արձակուրդի, և հետո նորից մեկնում բավականին երկար ժամանակահատվածով: Տուժում են երեխաների դաստիարակությունը, հոգեբանությունը, բացի դրանից` մարդկանց ողջախոհությունն ու կողակցի հանդեպ հավատարմությունը:

Ողջախոհությունն առաքինություն է, երբ գործվում է կամովի, իսկ պարտադրված ողջախոհությունն առաքինություն չէ, քանի որ դրսևորվում է կամքից անկախ, պայմանների թելադրությամբ: Այսպիսին կարող է լինել նավաստիների ողջախոհությունը, երբ նրանք երկար ամիսներ նավարկության մեջ լինելով` հեռու են մնում սեռական կյանքից, պարտադրաբար ապրում են ժուժկալությամբ, չափավորությամբ և ողջախոհությամբ:

Իհարկե, կան սիրող, ընտանիքին ամբողջապես նվիրված հայրեր, ովքեր ամիսներ շարունակ ընտանիքից հեռու գտնվելով` պահում են իրենց ողջախոհությունը: Սակայն եթե մեկն ամուսնացել է ոչ թե որդեծնության վեհ գաղափարի, սիրո անբաժանելի միության ամրապնդման բարձր գիտակցությամբ, այլ մարմնական հաճույքների առաջնային ցանկություններով, ապա այդպիսի մեկը կանգնած է շնության վտանգի առջև` ամիսներ շարունակ ընտանիքից հեռու գտնվելով:

Հայաստանի տարբեր մարզերում առկա սեռավարակների` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի խնդիրը մասնագետները բացատրում են նաև արտագնա աշխատանքից վերադարձածների կողմից ընտանիքում վարակի տարածման իրողությամբ: Մեր հասարակության մեջ պետք է առավել ամրապնդել ընտանիքի գաղափարը, ընտանեկան սերը, դժվարությունները միասին հաղթահարելու վճռականությունը, ընտանիքի ամրապնդման համար մշտապես հոգալու և ջանալու նախանձախնդրությունը:

Կարդալ նաև`