ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ

Ի՞նչ կարող ենք ասել Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային մշակույթի համախմբող զորության մասին:

Հայ Եկեղեցին իր առաքելության անբաժան մաս է համարում հայապահպանությունը և հայության համախումբ պահպանումը քրիստոնեական և ազգային արժեքների ներքո: Հայ Եկեղեցին չի կարող փրկարար իր առաքելությունը` միտված մարդու հոգու փրկությանը, Քրիստոսի վարդապետության քարոզությանը, աստվածային շնորհների բաշխմանը, իրագործել ազգապահպանության առաքելությունից անջատ, որովհետև ազգի համար իրականացվող գործունեությունը անհնար և անիմաստ է, եթե չլինի ազգը:

Այդ պատճառով էլ ազգի գոյության պահպանությամբ ևս մտահոգված է մեր Սուրբ Եկեղեցին և ամենուր, հատկապես սփյուռքում, ջանքեր է գործադրում ազգային գիտակցության ու ինքնության պահպանման համար:

Քրիստոնեական շրջանի մեր մշակույթը հիմնականում կրոնական բովանդակություն ունի և ներկայացնում է քրիստոնեական, բարոյական բարձր գիտակցության արտահայտությունը, հավիտենական իրողությունների պատկերումը, ինչպես նաև հայրենասիրության ու ազգասիրության մղումով հայազգի մեր սրբերի մեծագործությունները:

Այդ ամենը ոգևորող և քաջալերիչ է ժողովրդի համար` քրիստոնեական արժեքներին հավատարմությամբ միաբան լինելու համազգային շահերի ու նպատակների իրականացման գործում:

Ինչպիսի՞ն է Եկեղեցու և մշակույթի փոխհարաբերությունն այսօր:

Այսօր Եկեղեցին, ինչպես նախկինում, աջակցում և հովանավորում է մշակույթը, ինչպես նաև մշակույթի միջոցով իրականացնում իր առաքելությունը: Երաժշտությունը, գիրն ու գրականությունը, ճարտարապետությունը, նկարչությունը, քանդակագործությունը ծառայում են քարոզչության, ուսուցման, դաստիարակության, եկեղեցաշինության ասպարեզներում: Մշակույթի, արվեստի գործիչները խրախուսվում են Եկեղեցու կողմից:

Այսօր, սակայն, մշակույթը հեռացել է կրոնական իր ընկալումներից` դառնալով միայն մարդկային տրամաբանության, հաճախ նաև կրքերի արտահայտություններ: Այսպես եղավ Վերածննդի ժամանակաշրջանում, երբ մշակույթն անգամ քրիստոնեական, սուրբգրական պատմություններ պատկերելիս գործածվում էր մարդկային, մարմնական իրողությունների պատկերման ու փառաբանման համար:

Դրա համար էլ պատմական այդ ժամանակը կոչվեց Վերածնունդ և այն վերածնունդն էր ոչ թե քրիստոնեական արժեքների, այլ իրապես համարվում էր վերածնունդը հեթանոսական շրջանի գաղափարների ու ընկալումների:

Այսօր մշակույթի նոր առաջացած ձևերը` աբստրակտ մշակույթը, ավանգարդիզմը, նեոավանգարդիզմը և այլն, նաև մարդկային կրքերի, մարմնական հակումների, միայն աշխարհիկ ընկալումների պատկերումներն են, որոնք կարծես այլևս չունեն վեհագույնն ու բարձրագույնը, հավիտենականը պատկերելու ունակությունը:

Եվ կրոնը, Եկեղեցին այս իմաստով պետք է կարևոր աշխատանք իրականացնեն մշակույթի բնագավառում, որպեսզի մշակույթի, արվեստի գործերում գերակշռեն բարոյական, վեհ, հավիտենական արժեքներ: