ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱՀԱՏԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հայոց կոտորածների, ապա և Ցեղասպանության իրականացման մեջ ոճրագործների կողմից մեծապես կիրառվել և շահարկվել է նաև կրոնական գործոնը: Կրոնական խտրականությունը և ատելությունը հրահրել են անօրինակ դաժանությունների ու բռնարարքների գործադրումով իրականացնելու զազրելի խոշտանգումներն ու սպանությունները:

Շեշտելու համար հայկական կոտորածների կրոնական հիմնավորումը` մոլեռանդությամբ տառապող ոճրագործները, երբ էլ որ առիթ լիներ, մուսուլմանական ծես էին կատարում` իրենց զոհերին սպանելով: 1895 թ. Օսմանյան կայսրության բազմաթիվ վայրերում տեղի ունեցան քրիստոնյաների կոտորածներ: Եդեսիայում (այժմ` Սանլի-Ուրֆա), որտեղ 60.000 բնակչից 13.000-ը հայեր էին, մուսուլմանները` ոտքերն ու ձեռքերը կապկպած հայերին մորթելուց առաջ աղոթում էին ղուրանի սուրահներով:

Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցած Ուրֆայի դեպքերի առնչությամբ բրիտանցի պատմիչ Լորդ Քինրոսը տալիս է հետևյալ տեղեկությունը. «Երբ երիտասարդ հայերի մի մեծ խումբ բերվեց շեյխի առաջ, նա գետին գցեց նրանց մեջքի վրա և պահել տվեց նրանց ձեռքերն ու ոտքերը: Այնուհետ, ականատեսի խոսքով, նա ղուրանից մեջբերումներ բարձրաձայնեց և կտրեց նրանց կոկորդները` ըստ Մեքքայում կատարվող ոչխարների զոհաբերման ծեսի»: Ջարդի ժամանակ, որին ականատես է եղել ամերիկուհի միսիոներ Կորինա Շատուքը և այն բնութագրել է որպես «ողջակիզում» (holocaust), Ծննդյան տոնի օրը զոհվել է 1.200-2.000 մարդ, որից հետո ավելի քան 2.000 հայ` քարյուղով ցնցղված, հրկիզվել է քաղաքի եկեղեցում: Դիակները քաղաքից դուրս` ընդհանուր գերեզմանոց տանելու զարհուրելի դերը դրվել էր հրեաների վրա:

1896 թ. օգոստոսի 28-ի իր երկար զեկուցագրում, որը ներկայացվել էր Խարբերդից, փոխհյուպատոս Ֆոնտանան զոհերի կոկորդները կտրելու մի այլ տեսարան է նկարագրում` որպես կրոնական ծես Մալաթիայում: Հարիճի Օղլու Աբդուլլա անունով մի թուրքի տանը «ավելի քան 100 հայեր էին հավաքվել ապահովության համար: Նրանք բռնի թլփատվեցին և այնուհետ սպանվեցին որպես «կուրբան» (զոհաբերություն), այսինքն` գցվեցին մեջքի վրա, և նրանց կոկորդները կտրեցին` ըստ այն ձևի, որով ոչխարներն են զոհաբերվում»:

Վանի հայերին ջարդելու համար նոր նահանգապետ նշանակված Ջևդեթը ևս կրոնական խտրականությամբ իրականացվող կոտորածների վկայություն է բերում իր խոսքով: Նա Վանի հայերի «ապստամբության» և ամեն գնով այն ճնշելու իր վճռականության մասին ասել է. «Ես կսպանեմ յուրաքանչյուր քրիստոնյա տղամարդու, կնոջ և (ցույց տալով իր ծունկը) մինչև այս հասակի յուրաքանչյուր երեխայի»: Թուրքական ժանդրամները վարվում էին կանանց հետ նույն վայրագությամբ և անպարկեշտությամբ, ինչպես տղամարդկանց հետ: Դեպքեր են հիշատակված, երբ կանայք մեղադրվել են զենքեր թաքցնելու համար, մերկացվել և ձաղկվել են ծառերից պոկված թարմ ճյուղերով, այդ ծեծը կիրառվել է անգամ հղի կանանց հանդեպ: Բացի ծեծից ժանդարմները հանում էին իրենց զոհերի ձեռքերի ու ոտքերի եղունգները, շիկացած երկաթ դնում կրծքներին, պոկում մարմնի միսը շիկացած աքցանով և ապա եռացրած յուղ լցնում վերքերի մեջ:

Որոշ դեպքերում ժանդարմները մեխում էին ձեռքերն ու ոտքերը փայտի կտորի վրա, ինչն ակնհայտորեն նմանակումն էր խաչելության, և ապա, մինչ տանջվողը տառապում էր իր հոգեվարքի մեջ, նրանք գոռում էին. «Հիմա թող քո Քրիստոսը գա և օգնի քեզ»:

Հետաքրքիր է, թե նահատակվող հայերն իրենք ինչպե՞ս էին հասկանում և բացատրում իրենց դեմ մեծ ոճրագործությունը: Այս իրադրությունը քրիստոնյա հայերն ընկալում էին կրոնական հավատքի զորությամբ: Աստված երես չի թեքել հայերից: Նա հրաշքով հառնել է և զորակցել հայ ազգին դարեր շարունակ և զսպել է գիշատիչներին շատ տարիներ: Ցեղասպանության ժամանակ Խարբերդի դեպքերի մասին հիշատակություններ է թողել ականատես քրիստոնյա միսիոներ Հենրի Ռիգսը, ով ամերիկյան միսիոներների կողմից հիմնադրված Խարբերդի քրիստոնեական քոլեջի ղեկավարն էր: Նա հիշողություններ է գրել Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո «Ողբերգության օրեր Հայաստանում» վերնագրով: Խարբերդում 1914-1917 թթ. ամերիկյան հյուպատոս Լեսլի Դևիսը ևս վկայություններ է թողել այդ ժամանակաշրջանի մասին, նրա զեկույցները հրատարակվեցին 1989 թ. «Սպանդանոց նահանգ» վերնագրով:

Ականատեսի վկայության հիման «Ռոյթեր» գործակալության հրապարակած տեղեկության համաձայն՝ Զիլեում իշխանություններն զբաղված էին 25.000 անձեր բանտարկելով: Այդ մարդիկ հետո խմբով դաշտ տարվեցին և բոլորն իրար հետ կապված կոտորվեցին այնտեղ: Կանայք և երեխաները բաց դաշտի մեջ սովի և ցրտի վտանգին ենթարկվեցին, շատ ցերեկներ և գիշերներ այսպես անցկացրին, մինչև որ այլևս կարծվում էր, թե մահմեդականություն ընդունելու հոժար էին: Բայց ամենքն էլ մերժեցին մահմեդականությունն ընդունելը: Եվ ոճրագործները մայրերին սվիններին ծայրն անցկացրեցին իրենց զավակների աչքի առջև, իսկ այս վերջինները հետո ծախվեցին:

Արտաքսվող հայերը գնում էին նահատակության այն ոգով, ինչը միսիոներ Ռիգսը կոչում էր «քրիստոնեական քաջություն»: Կոտորածի տարվող հայերի մասին Ռիգսը հայտնում է, որ երբ խումբն սկսվել է շարժվել, հայերը ձեռքի շարժումով հրաժեշտ են տվել իրենց` բացականչելով. «Ցտեսությո՜ւն, մենք երկինք ենք գնում: Կհանդիպենք այնտեղ»:

Հավատքի անսասանության, ամուր կամքի դրսևորումը ցույց է տալիս, որ միայն մարտում թշնամուն հաղթելը չէ հերոսությունը: Հերոսություն է նաև այն, որ երբ հնարավորություններ չկան պաշտպանություն կազմակերպելու, մարդը լուռ, իր հավատքին ու սկզբունքներին հավատարիմ, գնում է իր կյանքի գնով պաշտպանելու իր հավատքը, համոզմունքերը, ստրկաբար և ստորաբար չի խնդրում խնայել իրեն, չի ուրանում իր Աստծուն, երես չի դարձնում իր արեժեքներից, մի խոսքով` իրականացնում է այն հերոսական ոգին, որն ասում է` ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք: Հայոց Ցեղասպանության նահատակները կարող էին մուսուլմանություն ընդունել և խուսափել մահից, քանզի ճանաչելով թուրքերին, ապրելով նրանց մեջ` գիտեին, որ մահմեդականությանը հարելով զերծ կմնային չարչարանքներից և կփրկվեին: Բայց նրանք նախընտրեցին քրիստոսանմանությամբ չարչարանքները հավատուրաց կյանքից:

Եվ իմանալով մեր նահատակների` մանուկների ու մայրերի, տղամարդկանց ու տարեցների կրած ահավոր տառապանքների, ահեղ ու սոսկալի տանջանքների գնով Քրիստոսին հավատարմության, հավատքին ու սրբություններին նվիրված մնալու մասին` այսօր անդրադառնում ենք, որ չափից շատ ենք հապաղել մեր նահատակների սրբադասումով և ուշացել ենք մի… հարյուր տարի: