ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Հայ ժողովուրդը դատաստան տեսավ ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած ոճրագործների հետ, որոնք գուցե և անպատիժ կմնային քաղաքակիրթ աշխարհի եսասիրական շահերի հորձանուտում: Այսպես, Թալեաթն ազատ շրջում էր եվրոպական տիրույթներում և հանգիստ ապրում Գերմանիայում, մինչև որ Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց Թալեաթի մահապատժի դատավճիռը:

Սողոմոն Թեհլերյանի դրդապատճառների առնչությամբ դրանք կրոնական երանգավորմամբ ներկայացնելու փորձ արվեց: Հին Կտակարանում նշված է արյան վրեժխնդրության թույլատրելի լինելը, և այն կիրառվում էր հրեաների կողմից կրոնական հիմնավորմամբ` որպես Աստծուց ստացված հրահանգ (Թվ. 35.11, 21, 26-27): Գերմանացի դատավորը Թեհլերյանի դատավարության ժամանակ նման ավանդույթի ակնարկով  հարցրեց. «Արյան վրեժխնդրության սովորույթը գոյություն ունի՞ հայերի մեջ»: Թեհլերյանը հստակորեն պատասխանեց. «Ո՛չ»: Դատավորը հարցրեց նաև, թե ինչ զգացում ունեցավ մեղադրյալը Թալեաթի վրա կրակելուց հետո. «Ես սրտի բավականություն զգացի»,- պատասխանեց Թեհլերյանը:

Ուրեմն, Սողոմոն Թեհլերյանի գործողությունը ոչ թե վրեժխնդրության քայլ էր, այլ` արդարության հաստատման, և նրա զգացած բավականությունը վերաբերում էր արդարության հաղթանակին: Թեհլերյանն իր պատասխաններով իր գործը եզրահանգման էր բերում Դոստոևսկու պարադոքսի վրա. «Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ»:

Խորհրդանշական էր, որ 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվեց հունիսի 2-ին` ճիշտ այն օրը, երբ 1921 թ. գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին:

Արդարացվելուց հետո Թեհլերյանն անմիջապես մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի: Նյու Յորքում բազմաթիվ հայեր գնացին նրան պատվելու: Դեպքերին ականատեսներից մեկի հիշատակումով, ով այն ժամանակ փոքր երեխա էր և իր հոր հետ գնացել էր 27-րդ փողոցում գտնվող հայկական եկեղեցում պատվելու հենց նոր ժամանած երիտասարդ հային, Սողոմոն Թեհլերյանին տղամարդիկ ողջունում էին ուրախությամբ, իսկ կանայք շտապում էին համբուրելու նրա ձեռքը: «Ինչո՞ւ են նրա ձեռքը համբուրում»,- հարցրեց տղան: «Որովհետև այդ ձեռքով նա մեր ժողովրդի վրեժը լուծեց: Երբեք չմոռանաս նրան»-պատասխանեց հայրը :