ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻ. ԵԿԵՂԵՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցաբանության առնչությամբ պետք է ասել, որ վաղ շրջանի հայ եկեղեցական հեղինակներն այն ներկայացնում են այլաբանական մտածողությամբ ու բացատրություններով: Սուրբ Գրիգոր Տաթևացին բացատրում է, որ «եկեղեցի» բառը համանուն է և բազում նշանակություններ ունի: Նախ երկու բան է խորհրդանշում` շինվածքը և շինողը, մեկը` բնակություն տվողը, և մյուսը` բնակյալը, այսինքն` միասին ժողովվածները: Եկեղեցին հավաքվածների անուն է, ինչպես Աստված դիմեց Մովսեսին. «Եկեղեցացո՛[1]  զժողովուրդդ ի դուռն խորանին» (Բ Օր. 4.10)[2]:

Նոր շրջանի եկեղեցական հեղինակներից Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը և Շնորհք եպիսկոպոս Գալուստյանը ներկայացնում են հայ եկեղեցաբանական միտքը իրենց կարևոր աշխատություններում: Եկեղեցին նեղ իմաստով հավատավոր ընտանեկան ժողովն է՝ առտնին եկեղեցին (Փիլ. 1.2, Հռ. 16.5), ընդարձակ իմաստով ցույց է տալիս որևէ քաղաքի հավատացյալներին (Ա Կորնթ. 1.2, Ա Թեսաղ. 1.1, Բ Կորնթ. 8.1, Գաղ. 1.2), ավելի ընդարձակ նշանակությամբ` ամբողջ ազգի հավատացյալների բազմությունը, առավել լայն իմաստով` բոլոր հավատացյալներին, ինչպես նշվում է Պողոսի խոսքի մեջ. «Եվ Նրան հաստատեց իբրև գլուխ Եկեղեցու» (Եփ. 1.22):

«Եկեղեցի» բառը ցույց է տալիս նաև հոգևոր իշխանությունը` «Ապա թէ և եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրև զհեթանոսն և զմաքսաւոր» (Մատթ. 18.17), և ժողովարանը` աղոթքի և պաշտամունքի համար հավաքվելու վայրը (Հուդիթ 6.12,19, Ա Կորնթ. 11.18): Վերոնշյալի ամփոփումով կարող ենք ասել, որ Եկեղեցին լինում է ընդհանրական, մասնական (ազգային), տեղական, առտնին, նյութական[3]:

Մեկ անբաժանելի Եկեղեցու մեջ կան մի քանի մասեր` Հաղթական Եկեղեցի և Զինվորյալ Եկեղեցի: Վախճանյալ սրբերի ժողովն է կոչվում Հաղթական Եկեղեցի, այսինքն` սա այն Եկեղեցին է կամ այն հավատացյալների հավաքը, ժողովը, որ աշխարհի փորձությունների դեմ պատերազմելով հաղթանակ է տարել, հաղթական է եղել: Հաղթական Եկեղեցու մաս են կազմում նաև այն ննջեցյալները, ովքեր ներելի մեղքեր ունեն ու պիտի ապաշխարեին, եթե մահը վրա չհասներ, և Եկեղեցու աղոթքի շնորհիվ կարող են հավիտենական փրկության արժանանալ: Նրանց համար է, որ հոգեհանգստյան արարողություն ենք կատարում: Զինվորյալ Եկեղեցի է կոչվում հավատացյալների ժողովը, ովքեր տակավին այս աշխարհում պատերազմի մեջ են փորձությունների, չարիքների դեմ և պարտավոր են հոգևոր մարտ մղել, կռվել զինվորյալ բանակների նման[4]: Զինվորյալ Եկեղեցին կազմված է երկու մասից` Ուսուցանող եկեղեցի` Եկեղեցու հովիվների ամբողջությունը, և Ուսանող եկեղեցի` աշխարհական հավատացյալների ամբողջությունը[5]:

Բավականին հետաքրքրական է Եկեղեցու համեմատությունը մարդկային կառուցվածքի հետ: Ինչպես մարդն ունի հոգի և մարմին, այդպես էլ Եկեղեցու մեջ ոչ միայն գլուխ և անդամներ են զանազանվում, այլ նաև` հոգի և մարմին: Եկեղեցու հոգին աներևույթ Եկեղեցին է` բաղկացած Եկեղեցու հոգևոր և գերբնական տարրերից, որոնք են` սրբարար շնորհք, հավատք, հույս, սեր և այլն, որ Սուրբ Հոգուց աներևութապես տրված են Եկեղեցուն: Եկեղեցու հոգու մեջ են նախ վախճանված արդարները` սրբերը, հրեշտակները: Եկեղեցու հոգու մեջ են նաև այս աշխարհում ապրող արդար հավատացյալները: Այն արդարները, ովքեր հետո պիտի կորցնեն արդարությունը, Եկեղեցու հոգու մեջ են այնքան ժամանակ, որքան արդարության մեջ են: Իսկ այն մեղավորները, ովքեր հետո արդարություն պիտի ստանան, Եկեղեցու հոգու մեջ չեն այնքան ժամանակ, որքան ժամանակ արդարության մեջ չեն:

Եկեղեցու մարմինը երևելի Եկեղեցին է, որի մեջ մտնում են մարդիկ, խորհուրդները, արարողությունները, ծեսերը, եկեղեցական նվիրապետությունը: Եկեղեցու մարմնից չենք կարող մերժել մեղավորներին, ովքեր ևս Եկեղեցու մեջ են ըստ ավետարանական առակների` ցորենն ու հարդը միասին են (Մատթ. 3.12), ծովը նետված ուռկանում մեկտեղ են լավն ու խոտանը (Մատթ. 13.47-48), հարսանիքին ներկա է նաև հարսանիքի զգեստ չունեցողը (Մատթ. 22.11-12) և այլն: Երևելի և աներևույթ Եկեղեցիներն իրարից անբաժան են, ինչպես հոգին ու մարմինը[6]:

[1] այսինքն` հավաքի՛ր:

[2] Գրիգոր Տաթևացի, Ձմեռան հատոր, տպեալ յամի 1740 ի Կ. Պոլիս, վերատպեալ ի տպարանի Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1998, էջ 654:

[3]  Մաղաքիա Արքեպս. Օրմանեան, Տեղիք աստուածաբանութեան, Տեսական աստուածաբանութիւն, (յետմահու հրատարակութիւն) (արտատպուած “Սիոն” ամսագրէն 1967-1985), տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1985, էջ 4-5:

Շնորհք եպիսկոպոս Գալուստեան, Տեղիք աստուածաբանութեան, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1993, էջ 10:

[4] Մաղաքիա Արքեպս. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 18-19:

Շնորհք եպիսկոպոս Գալուստեան, նշվ. աշխ., էջ 9:

[5] Շնորհք եպիսկոպոս Գալուստեան, նշվ. աշխ., էջ 9-10:

[6] Մաղաքիա Արքեպս. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 18-19:

      Շնորհք եպիսկոպոս Գալուստեան, նշվ. աշխ., էջ 10: