ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնադրվել է Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից: Հայ Եկեղեցու անվանման մեջ «առաքելական» բառի գործածումը ցույց է տալիս ուղղակի առաքելական հիմնադրությունը: Հայոց Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ 301 թ.` Տրդատ Գ թագավորի օրոք, Հայաստանն ընդունեց քրիստոնությունը որպես պետական կրոն: Հայ Եկեղեցին իր առաքելությունն իրականացրեց հայոց ազգի խնամքով ու դեպի փրկություն առաջնորդությամբ՝ որպես ազգային Եկեղեցի:

Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս) ասում է. «Հայաստանյայց Եկեղեցի կամ Հայոց Եկեղեցի անունն իսկ արտահայտած է նրա էությունը: Կա Կաթոլիկ Եկեղեցի, կա Օրթոդոքս Եկեղեցի, կան Բողոքական կամ Ավետարանական եկեղեցիներ, բայց նրանք ազգային եկեղեցիներ չեն այնպիսի հասկացողությամբ և տարողությամբ, որպիսին Հայաստանյայց Եկեղեցին է: Սա ազգային եկեղեցի է գերազանցապէս, իր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար, նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ»[1]: «Եթե որևէ ազգի կենսականության գաղտնիքի մեջ թափանցելու համար անհրաժեշտ է նրա կրոնի ուսումնասիրությունն անել՝ պետք է ընդունել, թե այս տեսակ աշխատություն հայոց համար էլ անօգուտ չէ, մանավանդ երբ դիտողության առնվի, որ Հայոց Եկեղեցին Հայ Ազգության հետ նույնացել է, նշանակալի դեր է ունեցել ազգային կյանքի մէջ[2]: Հայոց Եկեղեցու նկարագիրը իրապես և ամբողջապես ազգային Եկեղեցու նկարագիր է, ինչ որ հնավանդ Եկեղեցիների էական տիպարն է»,- ասում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը[3]:

Հայ Առաքելական Եկեղեցու ազգային բնույթին է անդրադառնում 19-20-րդ դարերի մեր մեծ եկեղեցականներից Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը դեռ իր վադապետության տարիներին գրված աշխատությամբ: «Հայոց Եկեղեցին ազգային Եկեղեցի է: Այդ նշանակում է ամենից առաջ, որ Հայաստանում ազգությունը եղավ շաղախը քրիստոնեական խմորի համար, ինչ որ հունահռոմեական աշխարհում եղել է բազմազան ազգություններից բաղկացած Հռոմեական պետությունը: Եվ ինչպես որ այնտեղ պետության գաղափարը, պետության կարգերը, պետության մեջ իշխող լեզուն ու աշխարհայեցողությունը իրենց դրոշմը դրին նրա կազմակերպության վրա և առաջ բերին պետական եկեղեցի, այնպես էլ մեզանում ազգային գաղափարը, ազգային սովորությունները, ազգային լեզուն ու ազգային կյանքի հոգևոր արտադրություններն իրենց նշանակությունն ունեցան և առաջ բերին ազգային Եկեղեցին[4]:

Ազգային Եկեղեցու սահմաններում հոգևորականն իր ժողովրդի զավակն է, նրա միջից ընտրված, նրա գրկում սնված և նրա հավատալիքներով ու հայացքներով դաստիարակված: Այն տաճարը, որին նա պիտի սպասավորի, մի օտար հաստատություն չէ՝ օտար իր կազմությամբ ու շահերով, այլ հենց պահպանողն է ու հովանավորողը այն ամենի, ինչ որ ընտանի է իր ժողովրդի հոգուն և պաշտելի, ինչ որ այդ ժողովրդի պատմական կյանքի գաղափարական արտահայտությունն է, հոգևոր գործունեության արդյունքը, նահատակության պտուղը: Այսպիսով, Ազգային Եկեղեցու հոգևորականը ամեն հայ քրիստոնյայի ընտանին, բարեկամն ու խորհրդականն է դառնում: Այդպես են եղել գոնե մեր բոլոր արժանավոր հոգևորականները անցյալում և այդպես լինելու կոչված է մեր ամբողջ հոգևորականությունը[5]:

Պատահականություն չէ, որ մեր Սուրբ Գրիգորը «Լուսավորիչ» պատվանունն է ընդունել: Հայոց Եկեղեցին ազգային-լուսավորչյան Եկեղեցի է, որովհետև իր գլխավոր կոչումը տեսնում է հատկապես հայ ազգին քրիստոնեական լույսով լուսավորելու և քրիստոնեական սկզբունքներով առաջնորդելու մեջ: Մեր Եկեղեցուն վիճակված էր դարեդար անընդհատ պայքար մղել տարբեր զորեղ ազգությունների դեմ կրոնով և դավանությամբ՝  իր ինքնուրույնությունը պահպանելու համար[6]: Ազգային Եկեղեցու մեծ առավելությունն այն է, որ էական խնդիրներում արտաքին միջամտություններից ազատ լինելով՝ կարող է ժամանակի և ազգային կյանքի զարգացման հետ զուգընթաց գնալ, բարեփոխություններ ընդունել՝ առանց իր իսկական պատկերը կորցնելու: Բավական է, որ բարենորոգության կարիքը Եկեղեցի-ազգ ընդհանրության մեջ զգացվի և գիտակցորեն առաջ տարվի՝ բուն քրիստոնեական ոգին պահելով, հավատարիմ մնալով ազգային ավանդություններին: Այս կերպ Եկեղեցին միշտ կմնա հայության համար լուսո խորանը, հայրենի սրբությունների պահապանը և դեպի հավիտենական ճշմարտություն ու կյանք առաջնորդողը, ինչպես որ եղել է մինչև այժմ»[7]:

Հավելումն այս ամենի, հայ եկեղեցական հեղինակներից Արշակ Տեր-Միքելյանն ասում է. «Քաջահայտ է, որ Հայաստանյայց Եկեղեցին իր մասնավորությամբ հանդերձ ազգային լինելով` միանգամայն և ընդհանրական է, այսինքն` քրիստոնեական է և շնորհ ունի յուրաքանչյուր ճշմարիտ փրկատենչի ընդունել իր հովանու ներքո»[8]: «Լուսավորության և քրիստոնեական բարոյականության առաջադիմությունն ու զորությունը բնավ  կախված չեն ժողովրդի և երկրի մեծությունից ու ճոխությունից, այլ լիապես ազգային–հոգևոր կենդանությունից, որի սննդյան արմատները խոր տեղավորված են աստվածային լույսի Կտակարանի մեջ»[9]:

[1] Գարեգին արքեպիսկոպոս, Հայաստանեայց Եկեղեցի, Դեկտեմբեր, 1939:

[2] Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Հայոց Եկեղեցին, Մոնթրէալ, 2001, էջ 23-24:

[3] Նույն տեղում, էջ 214:

[4] Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան, Ազգային Եկեղեցի, Բագու, տպարան Աղասաբեանի, 1907, էջ 19-20:

[5] Նույն տեղում, էջ 25-26:

[6] Նույն տեղում, էջ 27:

[7] Նույն տեղում, էջ 47-48:

[8] Արշակ Տէր-Միքելեան, Երկերի ժողովածու, Սուրբ Էջմիածին, 2009, էջ 69:

[9] Նույն տեղում, էջ 84: