ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համարվում է, որ բարոյական արժեքները այն համամարդկային արժեքներն են, որ գոյություն ունեն տեսականորեն և որոնց բովանդակությունը կապ չունի հասարակության զարգացման որևէ կոնկրետ պատմական շրջափուլի կամ էթնիկական ավանդույթի հետ: Իսկապե՞ս այդ արժեքները համընդհանուր են բոլորի համար:

Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին ասաց. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Հետևաբար, Քրիստոս Իր պատվիրաններն ու ուսուցումներն ընդհանուր է համարում աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Քրիստոսի պատվիրաններն ընդհանուր են, որովհետև դրանք վերաբերում են Աստծո կողմից ստեղծված մարդու հոգուն, զգացումներին, առ Աստված ձգտումին և այլ հատկանիշներին, որոնք համընդհանուր են բոլոր մարդկանց համար: Պողոս առաքյալը նույնպես ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա հրեայի և հեթանոսի միջև (Գաղ. 3.28):

Հրեաները խտրություն էին դնում իրենց և այլ ժողովուրդների միջև` շեշտելով Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ լինելու հանգամանքը: Բայց Քրիստոսի պատվիրանով, նաև առաքյալի ուսուցումով վերացվում էր ժողովուրդների միջև խտրականությունը, որով և բոլորի համար ընդհանուր էին դառնում քրիստոնեական արժեքները:

Քրիստոնեական բարոյական արժեքները վեր են նաև ժամանակի իշխանությունից, քանզի Քրիստոս ասում է. «Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31): Սա նշանակում է, որ Քրիստոսի պատվիրանները տրված են բոլոր ժողովուրդների համար բոլոր ժամանակներում: