ՀԱՄԱՑԱՆՑՆ ԸՆԴԴԵՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ

Բրիտանացի մի հեռուստահաղորդավար ժամանակին ասել է. «Հեռուստացույցը մի հայտնագործություն է, որի շնորհիվ ձեր իսկ սենյակում ձեզ զվարճացնում են մարդիկ, որոնց դուք երբեք չէիք հրավիրի ձեր տուն»: Այսօր համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցն ու ինտերնետը սովորական ու հասանելի բաներ են: Ինչպե՞ս թույլ չտալ, որ էլեկտրոնային մեդիան խլի այն ժամանակը, որ կարող է տրամադրվել ընտանիքին, ընկերներին, աշխատանքին կամ պարզապես բարի գործերին:

Խորհուրդ տալն այստեղ ավելի հեշտ է, քան այն իրագործելը: Մեծ մասը, կարծում եմ, ունի այս խնդիրը, զգում է, որ էլեկտրոնային բաներն ավելի շատ են խլում իր ժամանակը` իրեն հեռացնելով ընտանիքից ու իրական կյանքից: Սա վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, քանի որ կանայք էլ տարվում են իրենց սերիալներով կամ կարող են ժամերով կորչել համակարգչային լաբիրինթոսներում, սոցիալական կայքերում:

Ասում են, որ մարդկությունը շատ է սովոր ստրուկներ ունենալու: Երբ ստրկատիրական հասարակարգի ժամանակը վերջացավ, մարդն իր փոխարեն աշխատողներ ունենալու, ստրուկներ ունենալու ցանկությունը չկորցրեց: Ստեղծվեցին նոր ստրուկներ` մեքենաներ, սարքեր, որոնք եկան փոխարինելու մարդկային ստրուկներին:

Այսօր լվացքն անում են ոչ թե ստրկուհիները կամ աղախինները, այլ լվացքի մեքենաները, կրակը վառ է պահում գազօջախը, մարդուն տեղափոխում են ոչ թե ստրուկների ուսերին դրված պատգարակները, այլ մեքենաները, զվարճացնում են ոչ թե տարբեր երկրներից ստրկության բերված գլադիատորները կամ ծաղրածուները, այլ հեռուստացույցն ու համակարգիչը:

Եվ մեր օրերում տեսնում ենք, որ հատկապես այս վերջինները, լինելով մարդուն ծառայության համար, դառնում են մարդու տերերը, իսկ մարդիկ` դրանց գերիները: Կարծես թե արդի ազատության հասկացության պայմաններում ձևավորվում է շատերին անտեսանելի ստրկական մի հասարակարգ՝ տեխնոլոգիական առարկաների տիրապետության ներքո: Եվ նման պայմաններում այս իրողությունը տեսնելու կարողություն ու մեծ ձգտում է պետք այդ ստրկությունից ազատվելու, այդ կախվածությունից բուժվելու համար: