ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Էլեկտրոնային մեդիայի միջոցով հնարավոր է ստեղծել և ձեռք բերել կարևոր հարաբերություններ` գործնական կամ անձնական: Այսօր նման համացանցային կապերից պարզապես հնարավոր չէ խուսափել: Ինչպե՞ս վարվել:

Այսօր մեծ տարածում ունեն սոցիալական ցանցերը, որոնք հնարավորություն են տալիս նոր հարաբերությունների հաստատման: Բայց հանուն ինչի՞ են հաստատվում այդ հարաբերությունները, շատ դեպքերում` հանուն շատախոսության, զրույցների, զվարճալի ժամանակ անցկացնելու, բամբասանքների: Ավելի շատ սա է գերակշռում սոցիալական ցանցերի բովանդակության մեջ:

Ճիշտ է, նման կայքերում ներկա են նաև հոգևորականներ, ովքեր ունեն շատ հետևորդներ և այդ ոլորտում են քարոզչություն իրականացնում: Բայց դա իր մեջ վտանգ ունի, քանզի այդպիսով մարդկային հարաբերությունները և հաղորդակցությունն իջեցվում են ցածր աստիճանի և վերածվում պարզապես նամակագրության: Գրավոր խոսքի բացասական գնահատականն այս դեպքում, իհարկե, գրական ստեղծագործությունների կամ աշխատությունների մասին չէ: Պողոս առաքյալը, մյուս առաքյալները նամակներ էին գրում, երբ հարկավոր էր, և այդպես է, որ կազմվել է Նոր Կտակարանի մեծ մասը: Բայց նրանք կենտրոնանում էին ավելի շատ կենդանի քարոզչության, մարդկանց հանդիպելու, նրանց հետ հաղորդակցություն հաստատելու վրա:

Ճիշտ է այն դիտարկումը, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ միայն արտերկիր, այլև արտագաղթում են սոցիալական ցանցեր ու այնտեղից էլ դուրս չեն գալիս: Սոցիալական ցանցերի օգտագործումն արդարացված է մեծ տարածություններ ունեցող երկրներում, տարբեր երկրների բնակիչների հետ հարաբերություններում, բայց Հայաստանում, որտեղ տարածությունը փոքր է, մարդիկ անում են նույնը, ինչ տարբեր երկրներում ապրողները միմյանց հետ շփումներում:

Պետք է հաճախ դուրս գալ այդ ցանցերից, նաև՝ սեփական տանը պարփակվելուց, հանդիպել միմյանց անձնապես, հաստատել միջանձնային կենդանի հարաբերություններ, հավաքվել միասին մեկ տեղում, լինել կենդանի շփման իրագործողները: Քարոզչության առումով առավել նպատակահարմար է այդ քարոզչությունն իրականացնել եկեղեցիներում, իսկ սոցիալական ցանցերը նպատակահարմար են այդ ժամադրությունները կազմակերպելու համար:

Քրիստոս ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18.20), և ոչ թե ասաց` ուր երկու կամ երեք հոգի իրար նամակ գրեն: Այսինքն` մարդկային համախմբման մասին է Քրիստոսի խոսքը, և այդ համախմբումով է, որ կայանում է Եկեղեցին` հավատացյալ ժողովրդի հավաքականությունը:

Բացի դրանից, մարդիկ ցանցային շփումներում հաճախ թաքցնում են իրենց ինքնությունը, հոգեբանական խնդիրների առջև կանգնում, վախենում իրենք իրենց բացահայտելուց իրենց նամակային զրուցակցի առջև: Ինչպես նաև շատերը հոխորտում են համարձակ քննադատություններով պետության, Եկեղեցու և եկեղեցականների դեմ, բայց սոցիալական ցանցերից դուրս գալով իրականություն` անմիջապես կորցնում են բամբասելու, փնովելու ու վիրավորելու իրենց համարձակությունը և քաջություն չեն գտնում անգամ բարձրաձայնելու այն վիրավորական խոսքերը, որոնցով լցնում են համացանցը:

Ուրեմն, համացանցից, սոցիալական ցանցերից կախվածությունը ևս հոգեբանական շեղումների է հանգեցնում: Բացասական են ցանցային մեծածավալ և ժամանակատար շփումները, մարդիկ պետք է դուրս գան այդ վիրտուալ շրջանից և վերադառնան դեպի իրականություն` մարդկային շփման ու հարաբերությունների վերահաստատման համար: