ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տեխնիկան լավ բան է, բայց դրան պետք չէ շատ ժամանակ հատկացնել. այն կարող է բաժանել ընտանիքից և ընկերներից: Իրո՞ք վտանգը մեծ է:

Վտանգը մեծ է և լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև մարդու հավասարակշռված հոգեբանության ու ցանկալի հոգեվիճակի համար: Մարդը դադարեցնում է շփումը ոչ միայն շրջապատի, այլ նաև` ինքն իր հետ: Դադարեցնում է իր մտորումները, քննությունն իր արարքների ու գործերի, անդրադարձը կյանքին կամ օրվա ընթացքին և վերջապես` հաղորդակցությունն Աստծո հետ:

Արևմտյան երկրներում հատուկ հիվանդանոցներ կան համակարգչային կախվածություն ունեցողներին բուժելու համար: Մեզ մոտ, ցավոք, դեռ չկան նորմալ պայմաններ ու բավարար մասնագետներ նույնիսկ ալկոհոլից կախվածություն ունեցողներին բուժելու, էլ ուր մնաց համակարգչից կախվածությունը բուժելու համար: Այսօր առաջադեմ երկրներում սկսում են մտածել նույնիսկ հեռուստացույցից հոգեբանական կախվածությունը բուժելու մասին:

Նախկինում թագավորներին զվարճացնում էին տարբեր ներկայացումներով, և հին ժամանակներում հասարակ ժողովուրդը չէր կարող հաճախ իրեն նման զվարճալիքներ թույլ տալ: Այսօր ժամանցային ներկայացումների հասանելիությունը հեռուստացույցի և համացանցի շնորհիվ դարձել է բավականին մատչելի, և դրական է զվարճանքի, լիցքաթափման համար այդ տեսարանները դիտելու հնարավորությունը:

Բայց դրա չափազանցումն է արձանգրվում այսօր: Եկեղեցու Հայրերը խիստ են արտահայտվել թատրոնի մասին, որովհետև այն մարդկանց կտրում էր իրականությունից, հաճախ անբարոյական տեսարանների ներկայացումով տկարացնում մարդկային առաքինությունը, սպառում կյանքի թանկ ժամանակը:

Նույն զգուշացումներն արդիական են նաև այսօր: Սակայն Եկեղեցին խիստ դիրքորոշում չունի կինոարվեստի և թատերարվեստի մասին, որովհետև եթե դրանք արվեստի դրսևորումներ են և ցուցադրում են մարդկային բարձրագույն, վսեմ զգացմունքներ ու գործողություններ, նպաստում բարու, առաքինության տարածմանը, ուրեմն նպաստավոր են նաև արժեքների քարոզչության առումով: Բայց այդպիսի գեղարվեստական ֆիլմեր այնքան էլ շատ չեն, համեմատաբար թվաքանակով ավելի են բարձր արժեքների մասին պատմող վավերագրական ֆիլմերը: Ամեն դեպքում պետք է զգույշ լինել չափազանցությունից զերծ մնալու համար:

Պետք է նաև նկատի ունենալ, որ նման զվարճանքներին ժամեր նվիրելով` սպառում ենք մեր կյանքի թանկ ժամանակը: Ուրեմն, հարկ է չափավոր լինել այս հարցում: Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մենք դառնապես գանգատվում ենք, թե մեր ժամանակը կարճ է։ Միշտ դժգոհ ենք, թե մեր օրերը սակավաթիվ են, բայց գործում ենք այնպես, իբր թե դրանք վերջ չունեն»։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, թե մարդիկ չեն հիշում, որ ժամանակը կարճ է` չհոգալով Աստծո հետ հաշտվելու մասին: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակն ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»։