ՀԱՄԱԿԱՐԳՉԻ, ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Եթե երեսուն վայրկյան տևող գովազդն ազդում է տեսակետների և վարքագծի վրա, ապա նման հանգամանքներում կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ ժամերով հեռուստացույցի առջև կամ համացանցում գտնվելով` չի փոխվի անձի մտածելակերպը: Չէ՞ որ շատ հաճախ տեղեկատվության բովանդակությունը հակառակ է այն սկզբունքներին և չափանիշներին, որ ուսուցանում է Աստվածաշունչը:

Անձի մտածելակերպը հաճախ կարող է փոխվել ըստ այն տեղեկության, որով լցնում է իր գլուխը: Մարդկությանը և հասարակարգերը փոխել են ոչ այնքան հեղափոխությունները, որքան նոր մտքերն ու փիլիսոփայական ընկալումները: 18-րդ դարում լուսավորականության փիլիսոփաները փոխեցին մարդկանց մտածելակերպը, ոմանք սկիզբ դրեցին կասկածամտության ու սկեպտիցիզմի հատկապես կրոնի հանդեպ, Կանտը բերեց ավելի բանականության գերակայությունը, քան հավատքի և զգացմունքների:

19-րդ դարում Եվրոպան ներթափանցվեց աթեիզմով ընդամենը մեկ փիլիսոփայի` Նիցշեի գրվածքներով: Մտքի հզոր ալիքների բերած այս փոփոխությունները վնասում են դեռևս անկայուն, սեփական հաստատուն արժեհամակարգ ու հստակ հայացքներ չունեցող մարդկանց, որոնց այսօր էլ սպառնում են հեռուստացույցի կամ համակարգչի մատուցած հաճախ բարոյազուրկ տեղեկությունները:

Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ տրվող լուրերին, լրաբերներին և նման հաղորդումներին, ապա այստեղ, եթե դիտենք միջազգային ասպարեզով սփռվող մեծագույն լրատվական ընկերությունների թողարկումները, կարող ենք փաստել, որ այսօր աշխարհում չկա տեղեկատվություն, այլ մեծ մասամբ` տեղեկատվությանն առնչվող մեքենայություններ: Ամեն երկիր ըստ իր քաղաքական շահերի ու հետաքրքրությունների է մատուցում կամ ձևափոխում տեղեկությունը: Ընդհանուր առմամբ լուրերն առավելաբար վատ իրողությունների կամ իրադարձությունների հայտարարումն են` վթարներ, հակամարտություններ, ահաբեկչություններ, տնտեսական խնդիրներ, հասարակական մարտահրավերներ և այլն:

Դրական երևույթները լրատվական բաժինների հաղորդումներով հաճախ մատուցվում են որպես իշխող համակարգի կամ կուսակցության գովազդներ, ինչն առավել ակնբախ է հատկապես տոտալիտար համակարգ ունեցող երկրներում, որոնցից ամենահայտնին այսօր Հյուսիսային Կորեան է: Այսօրվա լրաբերներն այդպիսով վերածվում են գույժ բերողների:

Մեր երկրի լրատվական դաշտում լուրերի նոր տեսակ է ի հայտ եկել` լուրերի վթարային բաժինը, որով մանրամասնորեն ներկայացնում են ավտովթարները: Մեկ մեքենա վթարվել է, բայց հազարավոր մեքենաներ բարեհաջող և երջանիկ հասել են իրենց նպատակային վայրերը: Սակայն լուրերը մեծ մասամբ կենտրոնանում են բացասական իրողությունների վրա:

Միջազգային նորությունները նույնպես կենտրոնանում են բացասական երանգավորման վրա` ինքնաթիռ է վայր ընկել, ահաբեկչությունները շարունակվում են, նորից այսինչ երկիրը ռմբահարել է այնինչ երկրին, ֆինանսական ճգնաժամը խեղդում է մարդկանց, այսինչն ինքնասպան է եղել հենց այդ պատճառով: Կարծես թե աշխարհում ընդհանրապես ոչ մի լավ բան չկա: Լուրերը մեկնաբանվում են հոռետեսական դիրքերից, և այսօրվա լուրերին հատուկ է հոռետեսական ժանրը:

Մարդկանց հետաքրքրությունը մեծ է ողբերգության հանդեպ, և կարծես թե այս հատկության շահարկմամբ ջանում են լուրերը ներկայացնել ողբերգության ժանրին հատուկ բովանդակությամբ: Գրականության մեջ նույնպես մեծ հաջողություն են ունեցել ողբերգությունները, ինչպես, օրինակ, Շեքսպիրի հայտնի ստեղծագործությունները: Բայց Շեքսպիրը բացի «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա», «Մակբեթ» «Օթելլո», «Համլետ» և այլ ողբերգություններ գրելուց, գրել է նաև «Սխալների կատակերգություն», «Շատ աղմուկ ոչնչից», «Երկու վերոնացի ազնվականներ», «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր» և այլ կատակերգություններ, որոնք նույնպես մեծ ընդունելության են արժանացել: Այնպես որ լուրեր մատուցելիս կարելի է նկատի առնել, որ դրականը ևս հետաքրքրական է, նույնիսկ` օգտակար: Այլապես այս ամբողջ իրողությունը նմանվում է մի մարդու, ով Նոր տարվա գեղեցիկ տոնի մեջ տեսնում է միայն տոնածառի փչացած լույսերը:

Առօրյայում մեծ մասամբ հեռուստացույցի և համացանցի կողմից տարածվող բացասական լուրերին շփվելիս տկարանում է Աստծո հետ հաղորդակցվելու մարդու հոգևոր ձգտումը: Եվ երբ միտքը սնվում է հիմնականում հոռետեսության ու անբարոյականության տարածման աղբյուրներից, ունայնանում քրիստոնեական արժեքներից, բարոյազրկվում կամ ապաբարոյականացվում է և ենթարկվում չարի ազդեցությամբ բերվող հուսահատության ու հիասթափության, երբեմն նույնիսկ հասնում Աստծուն մեղադրելու, անգամ՝ աստվածմերժության: