ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բոլոր մարդիկ էլ փորձությունների ենթարկվում են տարբեր պատճառներով՝ տնտեսական խնդիրներ, վատառողջություն, գայթակղություն, հալածանք կամ սխալ արարք գործելու դրդում և այլն: Անկախ պատճառներից, դրանք մեծ անհանգստություն են բերում: Ինչպե՞ս կարող ենք հաղթանակած դուրս գալ փորձություններից կամ դիմագրավել դրանք:

Փորձություններից կարող ենք հաղթանակած դուրս գալ` ամուր պահելով հավատքը և հիշելով Աստծո խոսքերն ու պատվիրանները: Քրիստոսի փորձությունների պատմությունից տեսնում ենք, որ սատանան ցանկանում էր նրան շեղել` անգամ Սուրբ Գրքից վկայակոչումներ անելով: Այսպես են նաև աղանդավորները, ովքեր նույն Սուրբ Գրքի խոսքերն օգտագործում են մարդկանց ճշմարիտ հավատքից շեղելու և Եկեղեցուց հեռացնելու համար:

Սատանան Քրիստոսին ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է` Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես» (Մատթ. 4.5-6, Ղուկ. 4.9-11): Քրիստոս հակադարձեց` նույնպես Աստվածաշնչի խոսքերը վկայակոչելով. «Գրված է` միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից», «գրված է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես», «գրված է` պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն և միայն Նրա՛ն պիտի պաշտես» (Մատթ. 4.4, 7, 10 Ղուկ. 4.4, 8, 12):

Թեև Ավետարանիչը նշում է, որ Քրիստոս փորձությունների է ենթարկվել քառասուն օրերի ընթացքում (Մարկ. 1.13), սակայն Ավետարաններում ներկայացված են հիմնականում երեք փորձությունները, որոնցից մարդիկ առավել հաճախ են պարտվում` մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը:

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը բացատրում է. «Սատանայի երեք փորձությունները նպատակ ունեցան փորձելու մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը: Այս բառերն ենք օգտագործում և չենք ասում` մարմնասիրություն, շահասիրություն և փառասիրություն, որովհետև թե՛ մարմնի, թե՛ շահի և թե՛ փառքի օրինավոր սեր կա, որը երբեք մոլի կիրք չէ և մարդուն ուղիղ ճանապարհից չի շեղում»։ Եվ Քրիստոս ցույց տվեց, որ դրանց դեմ պետք է պայքարել հավատքով, Աստծո խոսքը հիշելով և դրանով առաջնորդվելով:

Քրիստոսի և Հոբի պատմություններից տեսնում ենք, որ փորձությունների ենթարկվում են ոչ միայն մեղավորները, այլև արդար ու սրբակենցաղ մարդիկ, որպեսզի նրանց համբերատարության ու հավատքի օրինակը ոգեշնչող լինի մյուսների համար:

Միշտ չէ, որ նեղությունները մարդու մեղավոր լինելն են ցույց տալիս: Հիշենք աղքատ Ղազարոսին, ով մեծ նեղությունների մեջ էր, բայց ապրեց` հավատքը հաստատուն պահելով և հավիտենական երանելի կյանքին արժանանալով (Ղուկ. 16.19-22):

Տարածված սխալ կարծիք կա, որ վշտերն ու նեղություններն Աստված է ուղղակիորեն պատճառում մարդկանց, և շատերը մտածում են` եթե մեղավոր եմ, ուրեմն պիտի չարչարվեմ, և եթե չարչարվում եմ, ուրեմն մեղավոր եմ: Այսպես նաև արևմտյան երկրներում, ի մասնավորի ամերիկյան բողոքական քարոզիչների կողմից քարոզվում է բարեկեցության Ավետարանը, այն բացատրությամբ, որ հոգսերից ու կարիքներից զերծ լինելը, նյութական բարօրություն ունենալը նշանակում է, որ այդ վիճակի մեջ գտնվող մարդն ընդունելի է Աստծո կողմից և իր նյութական ապահովությունը տրվել է որպես պարգև բարեպաշտ կյանքի:

Մինչդեռ, ըստ այդ քարոզիչների, զրկանքների, դժվարությունների մեջ լինելը նշանակում է, որ մարդը հաճելի չէ Աստծուն կամ ապրում է մեղսալի կենսակերպով: Սակայն Քրիստոս մեծապես ցավում էր` տեսնելով մարդկանց նեղությունները, հիվանդությունները, դժբախտություններն ու մահը, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե Քրիստոսն էր դրանք մարդկանց պատճառում, այլ ընդհակառակը` Տերը ցանկանում էր այդ ամենից ազատել մարդկանց:

Մենք տեսնում ենք Քրիստոսին մարդկանց բուժելիս, նեղության մեջ գտնվողներին մխիթարելիս, քաղցածներին կերակրելիս, մահացածների համար վշտանալիս, մեռած Ղազարոսի համար անգամ արտասվելիս: Քրիստոս չի ուզում, որ մարդկանց մեջ այս բոլոր նեղությունները լինեն և Նա ծառայում էր մարդկանց` հուսահատությունից ու դժվարություններից վեր հանելու համար: Եվ թեկուզ փորձությունները տրվում են մարդու օգտի համար` առ Աստված դառնալու, բայց նաև տրվում են հետագայի ավելի մեծ փորձանքներից ազատվելու համար:

Փորձությունները հիմնականում չարի հասցրած վնասներն են, որոնցից Աստված ուզում է ազատել բոլոր մարդկանց: Հետևաբար, պետք է պայքարել, ըստ Պողոս առաքյալի` մղել հավատքի բարի պատերազմը, պահել հավատքը (Բ Տիմ. 4.7), Աստծո օգնությունը խնդրել և առաջնորդվել Աստծո խոսքով` փորձությունները հաղթահարելու համար: