ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ

Եփրեմ Ասորին նշում է, որ ողջ մարդկությունը, բացառյալ Քրիստոսին հավատարիմ քչերի, ուրախությամբ պիտի ընդունի Նեռի թագավորությունը: Հովհաննու Հայտնության մեջ նշվում է, որ մարդկանց վրա Նեռի նշանը դրոշմվելու է այն ժամանակ, երբ մարդիկ գիտակցաբար պաշտեն հակաքրիստոսին (13.14-15): Եվ քանի դեռ Նեռի թագավորությունը հայտնապես և իր ամբողջ զորությամբ դեռ չի եկել, և ողջ մարդկության մեծամասնությունը հակաքրիստոսին գիտակցաբար չի պաշտում, ավելորդ խուճապի պատճառ չկա:

Շատերը կարող են համաձայն չլինել այս կարծիքի հետ: Այդ իսկ պատճառով  կներկայացնենք Ընդհանրական Եկեղեցու մեծագույն Հայրերից մեկի` Սուրբ Հովհան Ոսկեբերանի տեսակետը սատանայի մասին, ըստ որի` այնքան էլ պետք չէ վախենալ և սարսափել սատանայից: Մարդկությունը պարզապես պետք է զգոն և սթափ լինի Նեռի թագավորության ժամանակ, որովհետև այն օրերին սատանայի իշխանությունն ավելի է հզորանալու:

«Թույլ կամքի տեր մարդը,- ասում է Հովհան Ոսկեբերանը, կարող է նույնիսկ առանց սատանայի մեղքի անդունդն ընկնել: Այդպիսի մարդը կարող է վնաս ստանալ նույնիսկ Պողոս առաքյալից»: Այդ մասին նշում է նաև ինքը` Պողոս առաքյալը, կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում (Բ Կորնթ. 10.9-10), ինչպես նաև` Պետրոս առաքյալը (Բ Պետրոս 3.15-16):

Շատ հետաքրքիր և մեզ համար արտասովոր ու զարմանալի հրահանգների ենք հանդիպում Պողոս առաքյալի թղթերում: Պողոս առաքյալը հրահանգում, կարգադրում է, որպեսզի մեղավոր մարդուն մատնեն սատանային: Խոսելով Կորնթոսի մեղավորի մասին` Պողոս առաքյալն ասում է. «Մատնեցե՛ք այդպիսի մեկին սատանային` նրա մարմնի կորստյան համար, որպեսզի հոգին ապրի» (Ա Կորնթ. 5.5): Իր սիրելի աշակերտին` Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալը, խոսելով երկու աստվածհայհոյողների մասին, ասում է, թե նրանց մատնեց սատանային, որպեսզի խրատվեն և այլևս չհայհոյեն (Ա Տիմ. 1.20):

Ինչպես որ հմուտ բժիշկը կարողանում է օձի թույնից դեղ պատրաստել և հիվանդներին բուժել, ճիշտ այդպես էլ Պողոս առաքյալը հմտությամբ կարողանում է գործածել սատանային` մարդկանց հոգիները բուժելու համար: Սատանան կուրությամբ ցանկանում է բոլորին չարիք պատճառել, առանց իմանալու դա իրեն օգու՞տ է, թե՞ վնաս: «Հավատքի տեր և իմաստուն մարդը,- համոզված է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- կարող է սատանայից նույնիսկ օգուտ ստանալ` նոր հաղթանակներ ձեռք բերելով»:

Հունարենը «սատանա» բառի համար ունի «դիաբոլոս» բառը: Այս բառն առաջացել է հունարեն «դիաբալլո» բայից, որը նշանակում է բամբասել, անպատվել, չարախոսել: Այդ իսկ պատճառով հայերենում «սատանա» բառին իբրև հոմանիշ ունենք նաև «բանսարկու» բառը: Սա ցույց է տալիս, որ սատանան չի կարող բռնությամբ որևէ մեկին ստիպել, որպեսզի նա մեղք գործի: Սատանան պարզապես հնարքներ է բանեցնում, գայթակղիչ առաջարկություններ է անում, որպեսզի մեզ իր ձեռքը գցի:

Հովհան Ոսկեբերանն ասում է, որ սատանան ցանկանում է, որպեսզի մարդիկ իրենց մեղքերը սատանայի վրա գցեն և ներում չստանան, ինչպես որ Եվան վարվեց: Սակայն մեր մեղքերի համար հիմնական մեղավորը մենք ենք, որովհետև համաձայնում ենք սատանայի գայթակղիչ առաջարկություններին, մտքերին ու գաղափարներին, ընդունում ենք դրանք և զարգացնում` գործակից դառնալով սատանային:

«Տիեզերական անխախտ օրենք կա, պնդում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը, եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի, ապա ոչ ոք չի կարող նրան վնաս պատճառել, ո՛չ նրա թշնամիները, ո՛չ ողջ մարդկությունը, ո՛չ տիեզերքն իր զորությամբ, ո՛չ էլ սատանան իր չար հրեշտակներով հանդերձ: Եվ ոչ էլ այս բոլորը, եթե միաբանվեն, դարձյալ չեն կարող մարդուն վնաս պատճառել, եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի»:

Եվ սա իմանալով` մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգևոր կյանքին: Ե՞րբ եք արդյոք վերջին անգամ եկեղեցի գնացել, ե՞րբ եք վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացել, ի՞նչ է Հաղորդությունը, ի՞նչ է ասում Քրիստոս այս մասին: Ահա նաև նման կարևոր հարցերի պատասխանների իմացությանը և մեր հոգևոր կյանքին մենք պետք է ուշադրություն դարձնենք: Եվ եթե ապրենք որպես պարզ և անկեղծ հավատացյալներ, ապա մեր օրերում խուճապ առաջացնող ոչ մի լուր կամ խոսակցություն չեն կարող խաթարել մեր հոգու խաղաղությունը, որովհետև մեզ հետ է Հիսուս Քրիստոս, մեզ հետ է Աստված, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն: