ԿՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Կարծիք կա, որ ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտարվեստի վրա` բերելով նոր ստեղծագործական տրամաբանություն: Ինչպիսի՞ն է այլ կրոնների վերաբերմունքը երաժշտության հանդեպ, կա՞ն առավել ընդունելի և անընդունելի չափանիշներ:

Երաժշտության ոլորտի վրա բուդդիզմի ազդեցությունը վերաբերում է հատկապես դասական երաժշտության ժանրին, որով որոշ ստեղծագործողներ հակվեցին ավանգարդիզմին: Ավանգարդիզմը ներկայացնում է արվեստի, մշակույթի մեջ վերջերս առաջ եկած դրսևորում, ըստ որի` նյութը, ասելիքը պետք է մատուցել անգամ տարօրինակ միջոցներով:

Այսպես, ստեղծագործողները երաժշտությունը կատարողին այսպիսի ցուցում են տալիս. «Նոտան նվագեք այնքան երկար, որքան որ ձեզ թվում է, թե պետք է, հետո դադար տվեք այնքան, որքան կարծում էք` պետք է դադար տալ և այնուհետ նույն ձևով կատարեք նոտաների նվագարկումը»:

Ժամանակակից երաժշտության հանդեպ կրոնների վերաբերմունքը չափավոր պահպանողական է, կրոնավորները դեմ են արտահայտվում միայն այնպիսի երաժշտության, որը կարող է ագրեսիվության, անբարոյականության տանել:

1997 թ. Իտալիայի Բոլոնիա քաղաքում կազմակերպվեց Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի հանդիպումը շուրջ երեք հարյուր հազար երիտասարդների հետ: Այդ հանդիպումը բացելու համար հրավիրվել էր ամերիկացի հանրահայտ ռոք երգիչներից մեկը, ով իր ելույթով մեծապես ողջունվեց երիտասարդների կողմից և ապա մոտեցավ Պապին ու նրա հետ խոսք փոխանակեց:

Այս իրողությանը, սակայն, նաև դեմ արտահայտվողներ եղան կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչներից, որոնցից մեկը հրաժարյալ Պապ Բենեդիկտոս 16-րդն է:

Մուսուլմանության մեջ չի ողջունվում հատկապես իմամի` հոգևոր սպասավորի նախասիրությունը և առավել ևս նրա կողմից կատարումները ռոք երաժշտության. դրա պատճառով նրան կարող են հեռացնել հոգևոր ծառայությունից:

Քրիստոնյայի կողմից երգ-երաժշտության ունկնդրության համար ծայրահեղական կամ սնոտիապաշտական նեղմտություն չպետք է ունենալ: Հեռու մնալով սատանիզմի, արգեսիվության ու քայքայիչ գործողությունների մղող ծանր երաժշտությունից` Եկեղեցու անդամ հանդիսացող քրիստոնյան կարող է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն` դրա համար հիշելով երիտասարդներին ուղղված Սուրբ Բարսեղ Կեսարացու խրատը գիրք կարդալու, հեթանոսական գրականության առնչությամբ:

Սուրբ Հայրը խորհուրդ է տալիս ընթերցել նաև հեթանոս հեղինակների գործեր` դրանցից վերցնելով կարևորը և չընդունելով ու մերժելով վնասակարը: Այսպես կարելի է վարվել նաև երաժշտության պարագայում: