ԸՆԴԴԵՄ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ, ԿՐՈՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Աստված է հաստատում վարքի և բարոյականության ընդունելի նորմերը, բայց Նա ազատություն է տալիս մարդկանց հետևելու դրանց կամ ոչ: Մարդկանց մեծամասնությունը հաճախ կառչած է մնում իր ընտանիքում ընդունված կրոնին և արժեքներին: Մի՞շտ է ճիշտ ծնողների փոխանցած կրոնական արժեքներին հավատարիմ մնալը:

Ճշմարտությունը, հատկապես կրոնի պարագայում, չի կայանում ծնողների կրոնական դիրքորոշման և ոչ էլ կրոնի հնության կամ նորության մեջ: Եթե հակառակ ընկալումով մեր քրիստոնյա հայրերն առաջնորդվեին, ապա երբեք քրիստոնեությունը չէին ընդունի, որովհետև պիտի նայեին իրենց ծնողների հեթանոսական հավատին և մանավանդ կրոնի հնությանը, որովհետև հեթանոսությունն ավելի հին է, քան քրիստոնեությունը: Սա նշանակում է, որ պետք է առաջնորդվել ոչ միայն ավանդությամբ, այլև գիտակցությամբ` տեսնելու, թե որն է առավել ճիշտը, վեհագույնը, առաքինին և աստվածատուրը:

Հեթանոսության մեջ կային տարբեր աստվածներ, որոնք մարդկային սահմանափակ մտածողության արդյունք էին: Օրինակ` այսօր ոչ ոք ճիշտ չի համարի արևի աստծո գոյությունը և չի պաշտի արևային աստվածության: Մինչդեռ հնում մարդիկ մտածում էին, որ արևն աստված է` հունական դիցաբանության մեջ Հելիոս անունով, ով իր հրե կառքով երթևեկում է երկնքում: Եվ կամ կայծակի երևույթը ներկայումս ոչ ոք չի բացատրի բարձր լեռան կատարին նստած մի աստծո առկայությամբ, ով զայրույթի պահին վերևից կայծակե զենքով հարվածում է երկրի վրա գտնվողներին:

Քրիստոնեությունը նախ իր բարձր գաղափարներով և աստվածային շնորհով հաղթեց հեթանոսությանը: Այսօր մարդկանց համար լրացուցիչ օգնող են նաև գիտության նվաճումներն ու բացատրությունները բնության երևույթների մասին, որոնք նախկինում անհասկանալի էին և պաշտվում էին որպես հեթանոսական աստվածներ:

Ինչո՞ւ են մարդիկ պարբերաբար հարցականի տակ դնում բարոյականությանն ու դավանանքին առնչվող տեսակետները:

Հարցականի տակ դնել` նշանակում է կասկածել: Կասկածն ունի տարբեր պատճառներ` կրոնական, հոգեբանական, փիլիսոփայական: Կրոնական տեսակետով կասկածը կարող է լինել սատանայի փորձություն, ինչպես սերմնացանի առակում է ասվում, որ սերմանված բարի սերմերը չարը ջանում է ոչնչացնել (Մատթ. 13.19): Սուրբ Գրքում կասկածի պատճառներից նշվում են նաև գոռոզամտությունը, անբարեպաշտությունը (Ա Տիմ. 6.4), եկեղեցական հեղինակների մոտ` մեղավոր ընթացքը, անօրինությունները: Հոգեբանական պատճառներից են մարդու բնավորության գծերը:

Մարդիկ կան, ովքեր կասկածի հակվածություն ունեն: Ընտանեկան դաստիարակությունը, անձնական կյանքի հանգամանքները մարդուն դնում են տարբեր հոգեկան վիճակների մեջ, որոնցով կարող է սրվել կասկածամտության զգացումը: Մեկ այլ բացատրությամբ` կասկածները կարող են պայմանավորված լինել կրոնական իմաստով ֆունդամենտալիզմի բարձր և ցածր աստիճաններով:

Այս ոլորտում ֆունդամենտալիստները` կրոնական հավատալիքներին, ավանդույթներին նվիրված անձինք, ցուցաբերում են ֆունդամենտալիզմի բարձր և առավել նվազ աստիճաններ: Ընդգծված ֆունդամենտալիզմով մարդիկ չեն կասկածում Աստծո գոյությանը, Եկեղեցուն, այլ նրանց կասկածները վերաբերում են առավելապես կրոնական իդեալները ապրելու, եկեղեցական ասպարեզում կրոնական բարելավումներ իրականացնելու գործընթացներին: Իսկ նվազ ֆունդամենտալիզմով մարդիկ կարող են կասկածել նաև կրոնի հիմնարար գաղափարներին:

Սակայն կասկածը կամ ինչ-որ բան հարցականի տակ դնելը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ հավատքի զորացման գործում, որովհետև կասկած կա, որ կրոնական-ստեղծագործական է. այն օգնում է մտահորիզոնը և ուշադրությունն ավելի սևեռել կասկածի առարկայի վրա, առավել հասկանալ դեռ չըմբռնված իրողությունը և դեպի Աստված ընթանալ ոչ միայն երեխայական վստահությամբ, այլև հասուն ու մտածված քայլերով: