ԿՐՈՆԱՓՈԽ ԵՂԱԾ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մարդու աշխարհընկալումը, աշխարհաճանաչողությունը մեծապես կախված է կրոնից: Այսօր կան էթնիկական ծագմամբ շատ հայեր, ովքեր այլ կրոն են դավանում, ինչպես օրինակ` Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերը կամ կրոնական այլ պատկանելությամբ օտարազգիների հետ ամուսնացած և կրոնափոխ եղած հայեր: Այսպիսի հայերը, եթե դադարում են ազգային անդաստանում հաստատված կրոնը դավանելուց և կամ ընդհանրապես հեռանում են ազգային արժեքներից, կարո՞ղ են ազգի ներկայացուցիչ համարվել:

Կրոնական ընկալմամբ է նաև պայմանավորված հասարակության անդամների հարաբերությունը միմյանց հետ, միջանձնական հարաբերությունները, վերաբերմունքը շրջապատի, բնության, բուսական, կենդանական աշխարհի հանդեպ:

Սա չի նշանակում, որ աթեիստները, անհավատները չունեն իրենց համապատասխան վերաբերմունքը մարդկանց, շրջապատի հանդեպ, սակայն կրոնը գաղափարական հիմք է հանդիսանում ժողովրդի, ազգի համար ամբողջությամբ վերցրած: Կրոնի հետ է կապված բազմաթիվ արժեքների, մշակույթի ձևավորումը և զարգացումը, որի կրողն է դառնում այդ կրոնը դավանող ժողովուրդը:

«Արժեք» ասելով` հասկանում ենք մշակութային, պատմական նշանակություն ունեցող արարումները, ձեռքբերումները, մինչդեռ ազգային արժեքների մերժումը ազգային պատկանելությունից նահանջ է նշանակում:

Կրոնը ազգային հավատալիքի, մշակույթի, ավանդույթների, պատմության ստեղծման ու արտահայտման ասպարեզ է նաև, և կրոնի ազգային վերապրումն ու անձնական, հասարակական կյանքում արտահայտումը կարևոր գործոն է ազգային պատկանելության պահպանման համար: Նույն լեհահայերի օրինակով տեսանելի է, որ նրանք, թեկուզ քրիստոնեության հետևորդներ մնացին, բայց դավանության ուղղությունը փոխելով, հեռանալով հավատքի ու մշակույթի ազգային ավանդներից` տարրալուծվեցին այլ ժողովրդի մեջ, կորցրեցին ազգությունը, ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը:

Այս իմաստով` կրոնափոխ եղած ժողովուրդը չպետք է մերժի իր նախորդ կրոնի իրական արժեք ներկայացնող իրողությունները: Այսպես, քրիստոնեությունը հեթանոսական կռապաշտությունից, աստվածընկալման իմաստով խավարամտությունից գերագույն համարող ազգերը, որոնք դարձան քրիստոնեության, շարունակեցին կարևոր համարել հեթանոսական շրջանի արժեք հանդիսացող ձեռքբերումները և օգտվել դրանցից:

Օրինակ` հույները չմերժեցին մինչքրիստոնեական շրջանի մեծ փիլիսոփաների, գրողների նշանավոր գործերը, և եկեղեցական հեղինակները, այդ թվում նաև հայազգի, իրենց ստեղծագործություններում լայնորեն գործածեցին նշանավոր փիլիսոփաների աշխատությունները:

Քանի որ ազգը հատկանշվում է իր համընդհանուր ծագումնաբանությամբ, մշակույթով, լեզվով, հայրենիքով, ապա «ազգ» հասկացության սահմանման մեջ կարևոր համարվող այս բաղադրիչների անտեսումը խիստ թերի է դարձնում ազգության հատկությունը և նման դեպքում կարող ենք խոսել զուտ էթնիկական ծագում ունեցող և ոչ` ազգի ամբողջական հատկանիշները կրող անձի կամ անձերի մասին: