ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՍԿԱԾԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մարդու հավատքն անցնում է կասկածի փշոտ ճանապարհով: Կասկածը հաճախ սահմանվում է որպես անվճռականության կամ երկմտության վիճակ` ընդունելու կամ մերժելու տրված հաստատումը: Հետևաբար, կասկածը հակադրվում է հավատին, բայց նաև հակադրվում է վստահությանը: Ըստ այդմ` կան շատ բաներ, որոնց մենք հավատում ենք առանց դրանց շուրջ լիակատար համոզում ունենալու: Կասկածը որևէ հաստատմանը ո՛չ հավատալու և ո՛չ էլ չհավատալու վիճակն է, դատողության ժամանակավոր դադար:

Կասկածը կապված է ոչ միայն մարդու բնավորության հատկությունների, այլև կյանքում պատահող փորձությունների և մարտահրավերների հետ: Ռուս քրիստոնեական հեղինակներից Իվան Իլյինը դիպուկ կերպով ասել է, որ ժամանակակից աշխարհը ներթափանցված է անաստվածության տարանցիկ քամիով: Այդ քամին իր հետ բերում է հոգևորին վնասող ողջ թույնը` բոլոր գայթակղությունները մակերեսային զգացական փորձառության, տեխնիկական կիսագիտության, մեռյալ սրտի, պղծող երևակայության, բարոյազրկված կամքի, սրբապիղծ հանդգնությունների, պատերազմող գռեհիկության, կատաղի իշխանատենչության, մոլի կրքերի և փոքրոգի դավաճանության: Դրան կարող է դիմակայել միայն հավատը, որը գտել է իր նախահիմքերը, հաստատվել դրանցում, մաքրվել գայթակղություններից, կոփվել կրոնական փորձառության մեջ, փորձվել կասկածի մեջ:

Թվում է, թե կարելի է համարձակությամբ պնդել, որ հավատացողը չի կասկածում, և կասկածողը չի հավատում, որ հավատը և կասկածը փոխադարձաբար բացառում են միմյանց: Իրականում դա այնքան էլ այդպես չէ, և դրանում համոզվելու համար բավական է հիշել ավետարանական աղոթքը. «Հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը» (Մարկ. 9.23):

Հավատի մեջ «կասկած» հասկացությունն արտահայտվում է նաև «երկմտություն», «թերահավատություն» բառերով: Հանդերձյալ կյանքի մասին խորհելն օգտակար է հավատքի համար, իսկ միայն այս կյանքը սիրելը և հանդերձյալն անտեսելը պատճառ է դառնում թերահավատության: Սերմնացանի առակում ասվում է, որ սերմերի մի մասն ընկնում է ապառաժի վրա, ուր շատ հող չկար, սերմերն իսկույն բուսնում են, բայց և արագ չորանում (Մատթ. 13.5-6): Այստեղ սերմն Աստծո խոսքն է, կամ կարող ենք ասել` Սուրբ Գրքում հիշվող հավատի խոսքը (Հռ. 10.8, Ա Տիմ. 4.6, Տիտ. 1.9), իսկ ապառաժը, ինչպես ասում է Գրիգոր Տաթևացին, թերահավատ միտքն է:

Թերահավատության պատճառներից են գոռոզամտությունը, հակառակ խոսքեր և խնդիրներ առաջացնելու հիվանդությունը, որոնցից առաջ են գալիս նաև չար կասկածներ (Ա Տիմ. 6.4), ինչպես և` անվստահությունը գերբնականի ազդեցությանն ու զորությանը (Մատթ. 6.30), անհայտ գալիքի, ենթադրվող պատահարի հանդեպ վախը (Մատթ. 8.26): Այսպիսի վախից, երկյուղից թերահավատություն է ծագում, և այդ թերահավատությունը ցույց է տալիս երկյուղը, որը և շեշտում է Սուրբ Եղիշեն. «Երկյուղը թերահավատության նշանն է»:

Երկմտության պատճառներից է այս կյանքում նյութականի փնտրտուքի մոլուցքը , այսինքն` առավելապես նյութականի վրա կենտրոնանալը վնասում է հավատքը, և մարդն սկսում է ծառայել մամոնային: Կասկածի պատճառ են նաև մեղքերը, անօրինությունները, անբարեպաշտությունը: Հավանաբար հենց այս է նաև պատճառը, որ թեիստական հավատալիքի բարձր ցուցանիշը հետինդուստիրալ արևմտյան երկրների նկատառումով զարմանալի բացառություն է Միացյալ Նահանգներում: Եվրոպական շատ երկրներում ոչ կրոնական պատկանելություն ունենալու մարդկանց հաստատումները կայուն կերպով և երբեմն դրամատիկորեն աճել են 20-րդ դարում:

Սա նշանակում է, որ պետության դիրքորոշումից և քարոզչությունից ևս կախված է հավատքի զորացումը կամ հավատքի մեջ կասկածների առաջացումը, ինչպես որ նախկին Խորհրդային Միության տարածքում կոմունիստական ռեժիմը ծնեց աթեիստներ և կրոնական կասկածներ:

Հովհաննես առաքյալը, Քրիստոսի առնչությամբ տարբեր մարդկանց կասկածը կարծես կանխազգալով և դրանք փարատելով, հայտարարում է, որ իրենք՝ առաքյալները, ամբողջությամբ և իրապես ականատեսներն ու վկաներն են եղել իրենց կողմից ազդարարվող իրողությունների. «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: Նա նույն ինքը կյանք էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ենք ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ» (Ա Հովհ. 1.1-2):