ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞րն է կրոնական և ոչ կրոնական բարոյականության տարբերությունը:

Բարոյականությունը հիմնվում է ազատության հասկացության վրա, սակայն ազատության ընկալումը բոլորվին տարբեր և անգամ հակադիր է աշխարհիկ ու կրոնական տեսանկյուններից: Եվ քանի որ ազատության հասկացությունն աղավաղվում է, ըստ այդմ էլ` աղավաղվում են բարոյականության հասկացությունն ու ընկալումը:

Աշխարհիկ տեսակետով ազատություն նշանակում է ցանկացածն անելու թույլտվություն, իհարկե, սահման է դրվում օրենքին հակառակ ցանկությունների իրագործումը: Սակայն կրոնական տեսակետից ազատությունը նշանակում է ազատություն մեղքից և ոչ թե` թույլտվություն ցանկությունների իրագործման: Քանզի եթե մեղքի մեջ ենք, նշանակում է, որ ծառաներն ու կամակատարներն ենք մեղքի:

Եվ ահա ազատության հասկացության այս տարբերությունն է պատճառը, որ աշխարհիկ ընկալմամբ բարոյականության ազատությունը տանում է բարոյականությունից ազատության, խղճի ազատությունը` խղճից ազատության, խոսքի ազատությունը` խոսքի սանձարձակության և այլն:

Մարդուն տրվում է ազատություն` մտածելու և ազատ գործելու համար, բայց միշտ կարևորվում է` «չկորցնելով բարոյականության սահմանը»: Ո՞վ է գծում այդ սահմանը: Մարդն ինչպե՞ս պետք է հասկանա կամ զգա, որ մոտենում է այն հատելուն:

Բարոյականության հարցերում սահմաններ գծում են օրենքը և կրոնը: Օրենքի գծած սահմանները հաճախ կարող են խիստ թերի լինել բարոյականության հասկացության առնչությամբ: Քրիստոնեությունը բարոյականությունը, ի տարբերություն պետական օրենքի, բարձրացնում է ավելի բարձր աստիճանի` նշելով նույնիսկ մտավոր ոլորտում բարոյականության նախանձախնդրության մեծ անհրաժեշտությունը:

Այսպիսին են Աստծո տասը պատվիրաններից հատկապես վերջինը` «մի ցանկացիրը»` մերձավորի ունեցվածքի վրա աչք չունենալը, որը բերում է բարոյականության բարձրագույն դրսևորման հորդորը: Պողոս առաքյալը, խոսելով տասնաբանյայի այս վերջին պատվիրանի մասին, ասում է, թե որտեղի՞ց պիտի իմանար, որ ցանկանալը մեղք է, եթե օրենքը չասեր (Հռ. 7.7): Նաև Քրիստոս մտքում արդեն իսկ կատարված անբարոյականությունը համարժեք է համարում իրականության մեջ կատարված մեղքին (Մատթ. 5.28):

Եթե համեմատելու լինենք հին աշխարհի տարբեր օրենքների հետ, ինչպիսին օրինակ Համուրապպիի օրենքներն են, որոնք հայտնի են իրենց իմաստությամբ և հասարակական կյանքի կարգավորության համար անհրաժեշտ ներունակությամբ, ապա այստեղ էլ չի նկատվում մարդու ոչ միայն արտաքին արարքներից, այլ դեռ ներաշխարհից բարոյականության դրսևորման պահանջը: Կրոնական ըմբռնումն է, որ բերում է բարոյականության բարձր ընկալումներն ու պատկերացումները:

Այսօրվա պետական օրենքի և տասը պատվիրանների միջև համեմատություն կատարելով` կտեսնենք, որ պետական օրենքները տասը պատվիրանների կրճատված ու աղավաղված տարբերակն են: Պետական օրենքներից դուրս են նետված այնպիսի կարևոր պատվիրաններ, ինչպիսիք են «մի շնացիր»-ը (Ելք 20.14), «ուրիշ Աստվածներ մի ունեցիր»-ը (Ելք 20.3), «կուռքեր մի սարքիր»-ը (Ելք 20.4), որի պատճառով աղանդավորների, կրոնական խեղաթյուրումների, հոգևորապես աղավաղված կյանքերի և բացահայտ անառակության դրսևորումների ականատեսներն ենք դառնում:

Պետության օրենքները վերաբերում են հիմնականում անձին կամ պետությանը և անձի կամ պետության ունեցվածքին պատճառված վնասին` որպես «մի՛ սպանիր» (Ելք 20.13), «մի՛ գողացիր» (Ելք 20.15), «սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք 20.16) պատվիրանների արտահայտություն: Սակայն չի կարելի պետական-հասարակական կյանքում դեն նետել մյուս պատվիրանները, որովհետև այդպիսի վարմունքը կարող է բերել ընտանիքների, հասարակության բարոյազրկման, բարոյական ընկալումների աղճատման:

Բարոյականության հարցում պետությունը չի կարող Պիղատոսի պես ձեռքերը լվանալ և մի կողմ կանգնել, այլ պետք է նախանձախնդիրը լինի բարոյականության ամրապնդման: Պետության ոչ նախանձախնդիր վերաբերմունքը բարոյականության ամրապնդման հարցում վնասում է երեխաներին, որոնք մեր ապագան են, և հետևաբար` վնասվում է մեր ապագան, ազգի, երկրի ապագան: Երեխաներն այսօր մեր երկրում ապահովված չեն բարոյալքման տանող ընթացքներից: Ցավոք սրտի, այսօր երեխաներն ավելի շատ բան գիտեն մեղքի մասին, քան մենք գիտեինք նրանց տարիքում:

Երեխաների համար նախատեսված հեռուստահաղորդումները կարող են հանկարծակի ընդհատվել անպարկեշտ գովազդով, երեխաների համար նախատեսված քաղաքային այգում կամ զբոսավայրերում անառակաբարո գործունեություն է ծավալվում: Պետական պաշտոնյաները և բոլորը գիտեն, թե որ վայրերում են հավաքվում անառակները, միասեռականները և պղծություն տարածում, սակայն մինչ օրս հիմնավոր ոչինչ չեն ձեռնարկում նրանց արատավոր քայլերը կանխելու և վերացնելու համար:

Պետությունների օրենքներն անգամ լուրջ պատիժ չեն սահմանում անբարոյականությամբ զբաղվողների, անբարոյականություն տարածողների համար: Մինչդեռ քրիստոնեության տված պատվիրանները, որոնք շատերին արգելքներ, սահմանափակումներ են թվում, հիմնականում զգուշացումներն են առկա վտանգներից, կորստյան տանող ճանապարհներից և ուղեցույց դեպի կյանքի բարօրություն ու հավիտենություն: