ԿՐԿԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սրբերի, նրանց ճգնությունների և զրկանքներով լի կյանքի մասին լսելով` շատերը կարող են հարցնել. «Ինչպե՞ս են այդ մարդիկ հրաժարվել այս կյանքում երջանկություն վայելելուց և ապրել են խստակյաց ճգնավորական կյանքով»։ Սակայն մարդ արարածն ինքն էլ չի կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչ է երջանկությունը։ Այս կյանքում կարող է լինել հարաբերական երջանկություն, որը ոմանց համար բարօրությամբ ապրելն է, մյուսների համար զավակներ ունենալը և նրանց առողջ ու ապահով տեսնելը և այլն։

Ֆրանսիացի հայտնի մտածող Շատոբրիանը նշում է, որ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մեր բոլոր կրքերն ու ցանկություններն այս արեգակի տակ կարող են հեշտությամբ հագեցում գտնել, սերը, փառատենչությունը, բարկությունը լիովին բավարարվելու հնարավորություն ունեն։ Բայց երջանկության պահանջը միակն է, որ հագեցում չունի։ Մեր հոգին անընդհատ պահանջում է։ Հազիվ իր տենչանքի առարկան ձեռք բերած` նա էլի է պահանջում։ Ամբողջ աշխարհը չի գոհացնում նրան։

Կենդանիները երբեք չեն խռովվում այն հույզով, որը խռովում է մարդու սիրտը։ Նրանք վայրկենապես հասնում են իրենց գերագույն երջանկությանը. մի քիչ խոտ գոհացնում է գառանը, մի քիչ արյուն հագեցնում է վագրին։ Ուրեմն, միակ արարածը, որ որոնում է իրենից դուրս և ինքն իրենով ամբողջություն չի կազմում, մարդն է։ Եվ սրբերը հենց այդ գերագույն երջանկությանը` Աստծո հետ միավորությանն են ցանկացել հասնել դեռ այս կյանքի ընթացքում։

Երանելի Օգոստինոսը դիպուկ է ասել. «Աշխարհն ունի որոշակի ցավեր, որոշ հաճույքներ, տագնապալից հանգստություն, թշվառությամբ լեցուն բաներ և … երջանկության դատարկ հույս»։ Երջանկության մեր մարդկային պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը և իրական երջանկության հասնելու համար պետք է նախ և առաջ միավորություն Աստծո հետ:

 

Հայտնի է, որ Աստծուն հավատարիմ մարգարեները և Քրիստոսի առաքյալները այս կյանքում դաժան հալածանքների են ենթարկվել և սպանվել են։ Այս իրողությունը ոմանց կարող է հուսահատության մեջ գցել, որովհետև եթե Աստծուն այդքան նախանձախնդիր մարդիկ նման հալածանքներ են ունեցել, ապա ուրեմն ի՞նչ կլինեն սովորական հավատացյալները, ուրեմն Աստված է թույլ տալիս չարիքի ազդեցությունը։

Եվ զարմանալի է, որ Աստվածաշնչում էլ ասված է. «Չարիք կպատահի՞, եթե Տերը չի արել այն» (Ամոս 3.6)։ Սակայն «չար» բառը երկու իմաստ ունի. առաջինը` անառակություն և այլ արատներ, բայց նաև չարիք են կոչվում քաղցը, մահը, հիվանդությունը և այլն, որոնք չեն կարող իսկական չարիք լինել, որովհետև դրանք պատճառ են դառնում առաքինության։ Եկեղեցական սրբերից մեկը մի գեղեցիկ համեմատությամբ ասում է, որ նույնպես բժիշկը լավն է ոչ միայն այն ժամանակ, երբ հիվանդին տանում է բնության մեջ, կամ մեկ այլ հաճելի տեղ, այլ նաև այն ժամանակ, երբ տանջում է քացախով, ծարավով, զրկելով լույսից` ծածկում է սենյակը։

Մարդիկ ցանկանում են երջանկություն։ Բայց  երջանկության հասկացությունն այնքան անորոշ հասկացություն է, որ չնայած յուրաքանչյուր մարդ ձգտում է դրան, սակայն երբեք չի կարող որոշակիորեն ասել, թե ինչ է ցանկանում։ Ընդհանուր գծերով «երջանկություն» ասելով` մարդիկ հասկանում են մարմնական և հոգևոր բարիքներ վայելելու մշտական երանելի վիճակ։ Սակայն աշխարհահռչակ փիլիսոփաներից մեկն ասում է. «Մարդն այդ պատկերացմամբ ուզում է երջանկություն, բայց որքան հաճախ է մարմնի թուլությունը նրան ետ պահել շվայտությունից, որի մեջ նրան կարող էր գցել հիանալի առողջությունը»։

Այդ իսկ պատճառով երջանիկ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գործել ըստ իմաստուն վարվելակերպի` կարևորելով պահքը, ժուժկալությունը, աղոթքը, հարգանքը, զսպվածությունը և այլ առաքինություններ։ Սրանց առնչվող ողջ մարդկության հարուստ փորձը ցույց է տալիս, որ, որպես կանոն, դրանք ամենից ավելի են նպաստում մարդու անձնական կյանքում իրական բարիքների ձեռքբերմանը։